Փաշինյանը Հայաստանի համար իդեալական «փողոցային առաջնորդ դարձավ» այն ժամանակ, երբ «մարդիկ հոգնել էին իշխանությունից»․ Ալեքսեյ Մարտինով

Aug 11, 2018 Comments Off on Փաշինյանը Հայաստանի համար իդեալական «փողոցային առաջնորդ դարձավ» այն ժամանակ, երբ «մարդիկ հոգնել էին իշխանությունից»․ Ալեքսեյ Մարտինով

Եթե Հայաստանի իշխանություններն օգոստոսի 17-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված Երեւանից բացի փորձեն հայերով հանրահավաք կազմակերպել նաեւ Ռուսաստանի տարածքում, օրինակ՝ Մոսկվայում կամ Կրասնոդարի մարզում, որտեղ շատ էթնիկ հայեր են ապրում, կարծում եմ դա ոչ միայն չի հասկացվի, այլեւ կլինի Փաշինյանի հանդեպ Ռուսաստանի համբերության լցվող բաժակի վերջին կաթիլը:

 Այս մասին «Вести FM» ռադիոկայանի «Бывшие» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ խորհուրդ տալով ՀՀ վարչապետին հանրահավաք կազմակերպել Լոս Անջելեսում, որտեղ 1 մլն-ից ավելի հայ է ապրում: Նրա խոսքով, հնարավոր չէ Հայաստանի խնդիրները լուծել հանրահավաքների միջոցով: «Հայաստանում շատ խնդիրներ կան: Դրանք մարդկանց, ենթակառուցվածքների, լոգիստիկայի ու անվտանգության հետ առնչվող խնդիրներ են: Անվտանգության խնդիրը ես նշեցի վերջում, սակայն դա ամենաառաջնային խնդիրն է:

Այս պայմաններում, Փաշինյանի վարչապետության անցած երեք ամիսները կորսված են: Հենց այնպես, նրան որեւէ մեկը ոչինչ չի տա: Գուցե նա ուներ նման իլյուզիաներ, քանի որ նա ընդդիմադիր պատգամավորի աստիճանից բարձր չէր եղել: Նա երբեւէ իրեն չէր դրել պետության ղեկավարի տեղը: Նա ընդդիմադիր էր, այժմ դարձել է իշխանություն եւ պետք է, որ համապատասխանի այդ դիրքին: Սակայն չի համապատասխանում», – նշեց Մարտինովը: Փորձագետի խոսքով, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար իդեալական «փողոցային առաջնորդ դարձավ» այն ժամանակ, երբ «մարդիկ հոգնել էին իշխանությունից, որը չէր փոխվում»:

 «Մարդիկ նրան համակրում էին, եւ գնացին հետեւից: Սակայն դա հենց այդ պահին էր: Պետությունը ղեկավարելու համար պետք են տաղանդ, փորձ եւ գիտելիքներ: Ահա այս ամենը ես չեմ տեսնում: Ավելին՝ նա սխալը սխալի հետեւից է անում: Հանրահավաքների միջոցով Փաշինյանը երկար չի ձգի: Հանրահավաքներով մարդկանց չես կերակրի: Շուտով ձմեռ է», – ասաց նա: Բանն այն է, որ Հայաստանի համար, հատկապես տարածաշրջանային ու արտաքին մարտահրավերների տեսանկյունից իրավիճակը չի փոխվել: «Այո, երկրի ներսում իշխանության կառուցվածքն է փոխվել, մի քիչ է փոխվել, սակայն արտաքին պայմանները նույնն են մնացել:

Պատերազմը կամ դրա վտանգը Ղարաբաղում ինչպես եղել է, այնպես էլ կա, սպեցիֆիկ հարեւանները չեն փոխվել՝ խոսքը Թուրքիայի ու Իրանի, Վրաստանի ու Ադրբեջանի մասին է: Այս պայմաններում պետք է ճանապարհներ փնտրել, ստրատեգիական լուծումներ առաջարկել: Այն, որ նրան (Փաշինյանին) երկու անգամ ընդունել են Սոչիում ԵԱՏՄ-ի համաժողովին ու Մոսկվայում՝ Ֆոտբոլի աշխարհի առաջնությանը… Իհարկե, ԵԱՏՄ-ի առաջնորդներին հետաքրքիր էր տեսնել նրան: Դե տեսան ու խոսեցին: Սակայն այն, թե ինչպես է Փաշինյանը տեսնում ապագան: Սրա պատասխանը չկա: Նա ասում է՝ ես կողմ եմ ամեն լավին՝ ընդդեմ ամեն վատին: Սակայն ի՞նչ է նա կոնկրետ ուզում:

Ոչինչ», – նշում է Մարտինովը: Ստեղծված իրավիճակում, նա հույս ունի, որ արտաքին աշխարհի հետ կոմունիկացիաների հարցում առավել կարեւոր դեր է ունենալու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի օրինակով: «Մենք հիշեցինք նախագահ Դոդոնին, որը չնայած յուր սահմանափակ լիազորություններին, կոմունիկատորի դեր է կատարում: Տեղ-տեղ լավ, տեղ-տեղ՝ վատ, սակայն կատարում է: Իսկ հայե՞րը: Կարծում եմ, ռուսաստայան մեդիա տարածքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չարդարացված քիչ է ներկայացված: Նա եւս խորհրդարանական պետության պայմաններում ունի քիչ լիազորություններ, սակայն Սարգսյանը շատ փորձառու քաղաքական գործիչ է», – վստահ է ռուսաստանցի փորձագետը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: