Ռուսական զենքի մատակարարման շանտաժը

Aug 11, 2018 Comments Off on Ռուսական զենքի մատակարարման շանտաժը

Հայկական կողմը «նշաններ» չի ստացել, որ 100 միլիոն դոլարի վարկի դիմաց մատակարարվելիք ռուսական սպառազինության պայմանագիրը չի կատարվելու, երեկ Մոսկվայում «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ճիշտ չէ, որ ես մեկնաբանություններ անեմ՝ մանավանդ լրատվական միջոցների տարբեր հրապարակումներին, բայց կարող եմ ասել, որ այն պայմանագրային պայմանավորվածությունները, որոնք առկա են Ռուսաստանի Դաշնության հետ, մենք կատարելու ենք, երկկողմանի կատարվելու են», – նշել է Տոնոյանը՝ հավելելով․ ֊ «Համենայնդեպս, մենք այդպիսի նշաններ չենք ստանում, որ դա չի արվելու»:

Հուլիսի վերջին Ռուսաստանի արտգործնախարարը, մեկնաբանելով 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը, հայտարարել էր՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, թե մտադրություն չունեն հետապնդումներ իրականացնել իրենց նախորդների դեմ քաղաքական նկատառումներով:

Այս հայտարարությանը հետևեց «Կոմերսանտ»-ում հրապարակված ծավալուն հոդվածն այն մասին, թե Մոսկվային զայրացրել են հայաստանյան զարգացումները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, և հարցականի տակ է նոր 100 միլիոն դոլարի վարկի դիմաց Հայաստանին նոր սպառազինություն տրամադրելու հարցը: Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, սակայն, օրեր առաջ Հայաստանում հերքեց այդ տեղեկությունը՝ հավելելով, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախնական պայմանավորվածության: «Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ես դա չեմ հաստատում»: «Իսկ վարկի մասով Դուք ի՞նչ տեղեկություն ունեք», – այս հարցին էլ Ֆոմինը արձագանքել էր․ – «Ամեն ինչ աշխատում է»:

Այսպես, պաշտոնական Մոսկվան և Երևանը վստահեցնում են, որ 100 միլիոն դոլարի վարկի դիմաց մատակարարվելիք ռուսական սպառազինության պայմանագիրը կատարվելու է: Սա նշանակում է, որ կողմերը՝ չնայած հայ-ռուսական ոչ այնքան հարթ հարաբերություններին՝ հակված չեն լարել իրավիճակը:

Բայց պետք է հաշվի առնել, որ Մոսկվայում ամեն ինչ կարող է վերջին պահին փոխվել և որոշակի պահից սկսած Մոսկվան ուղղակի մատակարարումների գործընթացն առկախվի: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ռուսաստանյան քարոզչությունը դեռ շարունակում է խայթոցները Հայաստանի ուղղությամբ:

Ռուսաստանյան Независимая газета պարբերականում օրինակ հոդված է հրապարակվել Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության թեմայով: Ըստ aravot.am-ի՝ հոդվածում ասվում է. «Վարկառու՝ սպառազինությունը գնող երկիրն այդ դեպքերում դիտարկվում է, եթե ոչ դաշնակցի, ապա՝ շատ մտերիմ գործընկերոջ և ընկերոջ կարգավիճակում: Հենց այդպիսին էր Հայաստանը համարվում Ռուսաստանի համար՝ երկար տարիներ»:

Հոդվածագիրը շեշտում է. «Երևանը Մոսկվայից ստանում է տնտեսական, ռազմական (այդ թվում՝ ռուսական ռազմակայանը) և քաղաքական օգնություն: Կրեմլի դիրքորոշումը հստակ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հարցում: Հենց այդ պատճառով ոչ մեկի համար զարմանալի չէր փաստը, որ 2015թ. Ռուսաստանը համաձայնեց Հայաստանին սպառազինության գնման 200 միլիոն դոլարի վարկ տրամադրել: Նախորդ ամիս մատակարարումներն ավարտվել են: Հայաստանը ստացավ «Սմերչ», «Игла-С», «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզության համալիրներ, «ТОС-1А» ծանր կրակային համալիրներ, «Тигр» զրահամեքենաներ, РПГ-26 նռնականետ և այլն: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ ստացված սպառազինությունը ժամանակակից է, մոդեռնիզացված և անգամ ռուսական զինանոցում չկա: Անդրկովկասում վերջին տարիներին խախտվել է ռազմատեխնիկական հավասարակշռությունը՝ Ադրբեջանի ռազմական ներուժի աճի պատճառով: Վերջինս Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սրելու սպառնալիքներ է հնչեցնում: Ռուսաստանից ՀՀ-ին մատակարարված սպառազինությունը կօգնի կանգնեցնել հակամարտության սրացումը՝ կողմերից մեկի ռազմական առավելությունը հասցնելով որոշակի հավասարակշռության: Բայց Երևանի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական գործակցությունը ոչ բոլորին է դուր գալիս: ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցում ասվում է, որ կողմերի՝ փոխզիջումների գնալու ցանկության բացակայությունը, Ադրբեջանի կայուն ռազմականացումը և 2018թ. ՀՀ-ի կողմից ռուսական նոր զենքի ձեռքբերումը կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների»:

Հոդվածագիրը համարում է, որ գուցե սրանով է պայմանավորված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել և նրա հանդիպումները՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ նա հայտարարեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, և որ ինքը Հայաստանին հենց այդ կառույցի կազմում է տեսնում: «Վարչապետը Ռուսաստանին մտերիմ դաշնակից է համարում, բայց հույս ունի հարաբերությունները զարգացնել նաև ՆԱՏՕ-ի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ: Երևանի դիրքորոշման փոփոխությունը, սակայն, շատ փորձագետներ նկատեցին: Ինչպե՞ս չնկատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորումը…իհարկե, դատարանը որոշեց նրան գրավի դիմաց ազատ արձակել, բայց նրա վրայից չհանեցին մեղադրանքը»:

«Ի՞նչ է ստացվում: Մի կողմից խոսում ես ՀԱՊԿ-ն հավատարիմ լինելու մասին, մյուս կողմից՝ ճաղերի հետևն ուղարկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՞ն: Չէ՞ որ կարելի էր հարցը քննարկել ՀԱՊԿ մյուս անդամ-երկրների հետ և նախ դադարեցնել Խաչատուրովի լիազորություններն այդ պաշտոնում, հետո՝ հսկողության տակ առնել: Չէ՞ որ նման գործողությունները ՀԱՊԿ-ին հարվածում են այնպիսի ուժգնությամբ, որը հավասարազոր է կառույցի դեմ ուղիղ ագրեսիայի: Այս ամենով հանդերձ, ՀՀ պաշտպանության նախարարն էլ իր հերթին է ռուսական զենքը գովելիս ասում՝ «թեև հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրագրված են շատ համաձայնագրերով, այդ փաստաթղթերում որոշակի դրույթներ վերանայելը բացառված չէ», շարադրում է հոդվածագիրը:

Իսկ ամփոփելիս արդեն ենթատեքստը առավել քան թափանցիկ է. «Իսկ գուցե ավելի հե՞շտ վարվել, ասենք՝ վարկով չվաճառել ժամանակակից զենք (վարկը, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, չի վերադառնում տնտեսական պատճառներով), այլ այն մատակարարել գումարի դիմաց: Այդ ժամանակ ամեն ինչ կլինի ազնիվ. առանց նեղանալու»:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: