«Շենգավիթ» ԲԿ-ն պարզաբանում է 41-ամյա կնոջ մահվան հանգամանքները

Aug 11, 2018 Comments Off on «Շենգավիթ» ԲԿ-ն պարզաբանում է 41-ամյա կնոջ մահվան հանգամանքները

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը Facebook սոցիալական ցանցում պարզաբանել է օգոստոսի 7–ին մահացած 41-ամյա կնոջ մահվան հանգամանքները։

«Օգոստոսի 7֊ին պլանային կարգով հետազոտված և վիրահատության նախապատրաստված հիվանդ 41 ամյա Հ․Ա․-ն մահացել է վիրահատարանում՝ ընդհանուր անզգայացման առաջնային փուլում, մինչ վիրահատական միջամտության սկիզբը: Ընդհանուր անզգայացումից հետո տեղի է ունեցել սրտի հանկարծակի կանգ և մահվան հավանական նախնական պատճառը սրտամկանի լայնածավալ ինֆարկտն է, կամ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիզացիան։

Լրատվամջոցներում հրապարակված հետմահու ախտորոշման տեղեկատվությունը իրականում վերցված է դատաբժշկական փորձաքննության ձևաթղթի երկրորդ էջից, որը ախտորոշում չէ, այլ հետմահու տեղի ունեցած փոփոխությունների արձանագրումն է։ Նույն փաստաթղթի առաջին էջում մահվան պատճառը գրանցված չէ, քանի որ փորձաքննության վերջնական արդյունքից հետո միայն կարող է հրապարակվել։ Վերջնական ախտորոշումը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո։

«Շենգավիթ» ԲԿ-ի ադմինիստրացիան դեպքի առթիվ իրազեկել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին 41-ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքից հետո պարզ կլինի կնոջ մահվան ախտորոշումը»,– ասված է պարզաբանման մեջ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: