ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, 2008թ.-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպանները նրա նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան: Այս առնչությամբ Tert.am-ը զրույցեց Յուրի Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանի հետ:

-Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ բողոք եք ներկայացրել Վերաքննիչ դատարան:

-Նախ նշեմ, որ առաջին ատյանի դատարանն իր կայացրած որոշման մեջ Յուրի Խաչատուրովի առնչությունը սահմանադրական կարգի տապալմանը հաստատված չի համարել։

Այսինքն՝ դատարանն իր կողմից կայացված դատական ակտում հստակ ֆիքսել է, որ ներկայացված նյութերով չի հիմնավորվում, որ Յուրի Խաչատուրովն առնչություն ունի սահմանադրական կարգի տապալման հետ: Այս պարագայում, այնուամենայնիվ, վերջինիս նկատմամբ կալանավորումը դատարանը թույլատրելի էր համարել:

Այդ հիմնավորումը վիճարկելու համար ներկայացրել ենք վերաքննիչ բողոք և վիճարկում ենք հենց կալանքի որոշումը:

-Իսկ ինչո՞ւ դատարանը հիմնավոր չի համարել մեղադրանքը, բայց այնուամենայնիվ համարում է կալանքի հիմքեր կան:

-Իրավական ձևակերպման խնդիր է, հենց դա պարզելու համար մենք վիճարկում ենք առաջին ատյանի դատարանի որոշումը կալանքի վերաբերյալ և գտնում ենք, որ եթե անձին առաջադրված մեղադրանքի առնչության վերաբերյալ կասկածը չի հիմնավորվել, ուրեմն կալանքը թույլատրելի չէ , և այդ հիմքով էլ վիճարկում ենք:

Հիմնավորվեց մեր տեսակետը, որ մենք որևէ առնչություն չունենք նշված մեղադրանքի հետ, դատարանը փաստել է դա, սակայն կալանքը թույլատրելի է համարել:

-Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը աշխատանքային գործունեության մե՞ջ է, և այնտեղ ի՞նչ է հայտնում իր մեղադրանքի մասին, եթե ձեզ հայտնի է: Բացի այդ, իր դեմ առաջադրված մեղադրանքը ինչ-որ բան փոխե՞լ է նրա անձի նկատմամբ աշխատանքային մթնոլորտում։

-Աշխատանքային պարտականությունների անմիջականորեն կատարմանը Յուրի Խաչատուրովը անցել է կարծեմ օգոստոսի 4-ից: Ինձ հայտնի չէ որևէ փոփոխություն իր անձի նկատմամբ՝ պայմանավորված մեղադրանքով, եթե չեմ սխալվում նույնիսկ մամուլի քարտուղարի միջոցով հանրության տեղեկացրել էր, որ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի մեկնաբանում առաջադրված մեղադրանքը, և դա Հայաստանի ներքին խնդիրն է:

Պարոն Խաչատուրովը չի ցանկանում իր մեկնաբանություններով ՀՀ-ին որևէ վնաս կամ իմիջային բացասական երանգ հաղորդել, այդ իսկ պատճառով որևէ մեկնաբանություն չի տալիս հարուցված քրեական գործի վերաբերյալ:

-Մեկնաբանություն չի տալիս Ռուսաստանում, իսկ որևէ դիրքորոշում չի՞ հայտնել մեղադրանքի մասին, և բացի այդ, արդյո՞ք ներկայանալու է Վերաքննիչ դատարան, հայտնի՞ է նիստի օրը, թե դեռ բողոքը նոր է վարույթ ընդունվելու:

-Ոչ, դեռևս հայտնի չէ Վերաքննիչ քրեական դատարանում նիստի օրը: Հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարան ներկայանալն արդեն ոչ թե պարտավորություն է այլ իրավունք, այդ դեպքում նիստի օրը հայտնի դառնալուն պես կքննարկենք ներկայանալու կամ չներկայանալու հնարավորությունը: Ես նշեցի, որ Յուրի Խաչատուրովը մեղադրանքը չի մեկնաբանում Ռուսաստանում, նշեմ, որ ընդհանրապես չի մեկնաբանում, որպեսզի որևէ պարագայում բացասական որևէ արձագանք Հայաստանի հանդեպ չլինի: Մեղադրանքի վերաբերյալ ասեմ, որ մենք ի սկզբանե պնդել ենք, որ նա առնչություն չունի մեղադրանքի հետ, և դատարանը հաստատել է մեր կողմից նշված տեսակետը, որ սահմանադրական կարգի տապալմանը Խաչատուրովը որևէ առնչություն չունի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: