Խոշոր ավտովթար Արարատի մարզում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Aug 10, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Արարատի մարզում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 53-ամյա Խաչիկ Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի 35 MT 346 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանների սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշներին, շպրտել բետոնները և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ մասամբ փակելով ճանապարհը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Էվինյանն ու նույն վաշտի տեսուչ Կարեն Կարապետյանը: Վերջինս այնուհետև հիվանդանոցից վերադարձել է դեպքի վայր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատռու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2 սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Փրկարարները դարձի են բերել ավտոմեքենան և հետաքննիչի հանձնարարականով այն տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե բետոնե արգելապատնեշները չլինեին, ապա մեքենան կգահավիժեր անդունդը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: