Ինչ է ասելու Փաշինյանը Թեհրանում

Aug 11, 2018 Comments Off on Ինչ է ասելու Փաշինյանը Թեհրանում

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սեյյեդ Քազեմ Սաջջադիին:

«Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում նշեցի, որ Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիների ընթացքում ապացուցել են երկուստեք ցանկությունը բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում: Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը՝ հույս հայտնեցի, որ մեր երկրների քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները կնպաստեն նրան, որ ունենանք նաև նույնպիսի բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր անվտանգության կայունությանը», ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արմեն Գրիգորյանը:

Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ դեսպան Սաջջադին խոսել է մեր երկրների բացառիկ բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ «ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության ջանքերը երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ և կարևորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը ԻԻՀ-ը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու, որ մեր երկրների համագործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ»:

Այսպես, Հայաստանի վարչապետը պատրաստվում է այցելել հարևան Իրան: Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո նրա առաջին այցը Վրաստան կայացավ: Այժմ պարզ է, որ Փաշինյանը փորձում է հարևան Իրանի հետ հարաբերություններին նոր թափ հաղորդել և նրա աշխատակազմը լծվել է սեղմ ժամկետներում նրա այցը Թեհրան կազմակերպել:

Ինչ նոր օրակարգով է Փաշինյանը մեկնելու Իրան` այդ երկրի համար, ի դեպ, բարդ իրավիճակում: Ի՞նչ են ուզում լսել Փաշինյանից, ի՞նչ է ուզում Փաշինյանը լսել Թեհրանից…

Իսկ Իրանն այսօր, նկատենք, որ բավական խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ: Օրերս ԱՄՆ-ը վերականգնեց Իրանի դեմ կոշտ պատժամիջոցները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է վերականգնել Իրանի դեմ խոշոր ֆինանսական պատժամիջոցները՝ Թեհրանի և աշխարհի տերությունների միջև 2015-ին կնքված միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալուց երեք ամիս անց։ Դրանք հիմնականում ուղղած են արտարժույթի գնմանը և արդյունաբերության հիմնական ոլորտներին:

Երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ Թրամփը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ 2015-ի պայմանագիրը, որով մեղմվեցին պատժամիջոցները Իրանի նկատմամբ՝ Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց, «սարսափելի, միակողմանի գործարք» էր:

Միացյալ Նահանգների կոշտ պատժամիջոցների առաջին ալիքը ուժի մեջ մտավ օգոստոսի 7-ի կեսգիշերին: Պատժամիջոցները վերաբերում են, մասնավորապես, Իրանից ավտոմեքենաների, գորգերի, սննդամթերքի արտահանմանը և այդ երկիր գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածխի ներմուծմանը, Թեհրանին կարգելվի նաև որոշ օդանավեր ձեռք բերել, և այլն: Իրանին արգելվում է ամերիկյան դոլար գնել, արգելվում կամ խիստ սահմանափակվում է օդանավերի, ավտոմեքենաների, ալյումինի, մետաղների, պարսկական գորգերի ու ոսկու առևտուրը, արգելվում են իրանական ռիալով գործարքները:

Նոյեմբերի 5-ին ուժի մեջ կմտնի Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փուլը, որի թիրախը այդ երկրի համար կենսական կարևորություն ունեցող նավթի վաճառքն է:

Միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին Դոնալդ Թրամփը հայտարարեց երեք ամիս առաջ:

Դոնալդ Թրամփը բոլորին զգուշացրել է՝ զերծ մնալ Իրանի հետ առևտրից: – «Յուրաքանչյուրը, ով Իրանի հետ բիզնես կանի, բիզնես չի անի Միացյալ Նահանգների հետ», – Թվիթերի իր էջում գրել է Թրամփը:

Թրամփի խիստ նախազգուշացումը հետևեց Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերկանգնմանը և Եվրամիության հայտարարությանը, որով Բրյուսելը խոստացել էր պաշտպանել Իրանի հետ օրինական բիզնես վարող եվրոպական ընկերություններին:

Բրյուսելը և Մոսկվան արդեն արձագանքել են Թրամփի որոշմանը: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին գտնվում է Նոր Զելանդիայում և, Վելինգտոնում խոսելով լրագրողների հետ, կարծիք է հայտնել, որ Եվրամիությունն ու Նոր Զելանդիան կիսում են Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պահպանելու դիրքորոշումը՝ չնայած Միացյալ Նահանգները դուրս է եկել համաձայնագրից: «Մեր Միության թարմացված օրենսդրությունը պաշտպանում է եվրոպական բիզնեսը պատժամիջոցների երկրորդային ազդեցությունից՝ պատժամիջոցներ, որ Միացյալ Նահանգները սահմանում է իր տարածքից դուրս: Մենք կարծում ենք, և դա այդպես է, որ այս հարցում եվրոպացիները պետք է որոշեն ում հետ առևտուր անել», – ասել է Մոգերինին՝ հավելելով․ – «Ես կասեի՝ այստեղ առևտրի ինքնիշխանության հարց կա»:

Մոսկվան իր հերթին խորը հիասթափություն է հայտնել Թրամփի որոշման կապակցությամբ: «Մենք խորապես հիասթափված ենք Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու՝ ԱՄՆ-ի քայլերից», – նշված է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում տեղադրված հայտարարությունում: Մոսկվան պնդում է, որ անհրաժեշտ է պահպանել 2015թ. համաձայնագիրը և Թեհրանի հետ տնտեսական ընդհանուր շահերը և դատապարտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շրջանցող միակողմանի պատժամիջոցների սահմանումը:

Իսկ ահա Թեհրանը համարում է, որ ԱՄՆ-ի քայլը առավելապես հոգեբանական է: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ ԱՄՆ-ի քայլը «հոգեբանական գրոհ» է, որի նպատակը իրանցիների մեջ տարանջատում սերմանելն է: Նա նշել էր, որ չնայած ԱՄՆ-ն դուրս է եկել միջուկային համաձայնագրից՝ Թեհրանը շարունակում է պահպանել համաձայնագրով նախատեսված միջուկային իր ծրագրերի սահմանափակումները:

Հիշեցնենք, որ 2015թ. Իրանի և աշխարհի վեց գերտերությունների միջև ստորագրված միջուկային համաձայնագիրը բանակցվել ու ստորագրվել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահության ժամանակ: Դոնալդ Թրամփը խստորեն քննադատում էր այդ համաձայնագիրը, այն համարելով միակողմանի ու սարսափելի վատ պայմանագիր, որ երբևէ տեսել է: Թրամփը նախ փորձեց հասնել համաձայնագրի վերանայմանը, սակայն ստացավ Թեհրանի մերժումը: Համաձայնագիրը ստորագրած մյուս երկրները չպաշտպանեցին Թրամփի առաջարկը: Օգոստոսի 8-ին թվիթերյան գրառմամբ հայտարարելով Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները ուժի մեջ մտնելու մասին՝ Թրամփն ընդգծել է, որ դա աշխարհի խաղաղության համար է:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: