«Հրեշային», դաժան պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի

Aug 15, 2018 Չի մեկնաբանվել

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի հանդեպ՝ Սկրիպալներին թունավորելու համար: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիթեր Նաուերթի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն օգոստոսի 6-ին եզրակացրել է, որ Ռուսաստանի կառավարությունը, խախտելով քիմիական ու կենսաբանական զենքի կիրառումն արգելող միջազգային համաձայնագրերը, մահաբեր միջոց է օգտագործել սեփական քաղաքացիների դեմ:

Նախատեսվում է, որ նոր պատժամիջոցների առաջին փուլն ուժի մեջ կմտնի օգոստոսի 22-ին: Կարգելվի ամերիկյան տեխնոլոգիաների, այդ թվում՝ օդանավերում օգտագործվող էլեկտրոնիկայի, գազատուրբինային շարժիչների, երկակի նշանակության սարքավորումների արտահանումը Ռուսաստան:

Ամերիկացի պաշտոնյան, ով խոսել է իր անունը չբացահայտելու պայմանով, ասել է, որ Ռուսաստանին 90 օր ժամկետ է տրվելու՝ հատուկ պահանջներ կատարելու համար, ներառյալ ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների մասնագետներին թույլատրելը Ռուսաստանի տարածքում ստուգումներ անցկացնել, համոզվելու համար, որ այնտեղ քիմիական և կենսաբանական զենք չկա: Եթե Մոսկվան չկատարի պահանջները, պատժամիջոցների երկրորդ փուլով հնարավոր է՝ նվազեցվի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, ավելի սահմանափակվեն արտահանուման ու ներմուծման ծավալները, արգելվեն ռուսական պետական «Աէրոֆլոտ» ընկերության թռիչքները Միացյալ Նահանգներ:

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությունը նոր պատժամիջոցները համարել է «հրեշային», պնդելով որ ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Օգոստոսի 8-ի երեկոյան ՌԴ դեսպանատան տարածած հայտարարությունում նշված է, որ ոչ Վաշինգտոնը, ոչ էլ Լոնդոնն իրենց մեղադրածները հիմնավորող ապացույցներ չեն ներկայացնում: «Մեր ճշտող հարցերին ի պատասխան, ամերիկյան կողմը, վկայակոչելով գաղտնիությունը, հրաժարվել է պարզաբանումներ տալ, միաժամանակ հայտարարելով, թե ԱՄՆ-ն բավականչափ տվյալներ ունի, որոնք թույլ են տալիս եզրակացնելու, որ Ռուսաստանը մեղավոր է»,- նշված է ՌԴ-ի դեսպանատան Ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում: Բրիտանիայի արտգործնախարարությունը, մինչդեռ, ողջունել է Սկրիպալների թունավորման գործով Ռուսաստանի հանդեպ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, թե բացարձակապես անընդունելի են համարում նոր սահմանափակումները: Պեսկովը պնդել է, որ Ռուսաստանն առնչություն չի ունեցել Սկրիպալների թունավորմանը. «Մենք ևս մեկ անգամ ամենավճռական կերպով հերքում ենք ցանկացած մեղադրանք՝ Սոլսբերում տեղի ունեցածին Ռուսաստանի հնարավոր առնչության վերաբերյալ: Այդ մասին չի կարող խոսք լինել»:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Բրիտանիայի Սոլսբերի փոքր քաղաքում անգիտակից վիճակում հայտնաբերվել էին Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլիան: Երկարատև բուժումից հետո նրանց կյանքը հաջողվեց փրկել: Բրիտանացի փորձագետները եզրակացրին, որ նրանց դեմ օգտագործվել է «Նովիչոկ» կոչվող քիմիական ուժեղ թույնը: Լոնդոնը պնդում է, որ Սկրիպալների թունավորման հետևում կանգնած է Ռուսաստանը: Մոսկվան շարունակաբար հերքում է բոլոր մեղադրանքները:

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները տնտեսական պատերազմի հայտարարություն է, համարում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Եթե հաջորդ քայլերով ինչ-որ կերպ արգելքներ դրվեն բանկերի գործունեության, այս կամ այն արտարժույթի օգտագործման վրա, ապա դա կարելի է ուղիղ կերպ անվանել՝ դա տնտեսական պատերազմի հայտարարություն է, և այդ պատերազմին անհրաժեշտ է արձագանքել քաղաքական, տնտեսական, անհրաժեշտության դեպքում նաև ուրիշ մեթոդներով, և մեր ամերիկացի ընկերները պետք է հասկանան դա», – ասել է նա: Անդրադառնալով ներկայումս գործող պատժամիջոցներին՝ Մեդվեդևը նշել է, որ դրանք ազդեցություն են թողնում երկրի տնտեսության վրա: Նրա խոսքով՝ պատժամիջոցները սահմանվում են, որպեսզի միջազգային ասպարեզի հզոր մրցակիցների շարքից Ռուսաստանը դուրս մղվի:

Այժմ, Մոսկվան հայտարարում է, որ պատրաստվում է պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ նոր պատժամիջոցների հետ կապված, որոնք պաշտոնական Վաշինգտոնը սահմանել է Սկրիպալներին թունավորելու համար և որոնք Մոսկվան խիստ անընդունելի է համարում։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան պատասխան քայլեր է նախապատրաստում Միացյալ Նահանգների «այդ ոչ բարեկամական գործողության» կապակցությամբ, չմանրամասնելով, թե ինչ քայլերի մասին է խոսքը։ «Մենք կտրականապես անընդունելի ենք համարում նոր սահմանափակումները, որոնք շարունակում ենք ապօրինի համարել, Սոլսբերիի գործի հետ կապելը», – իր հերթին, հայտարարել է Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “«Հրեշային», դաժան պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի”

Մեկնաբանել