«Տավուշ Տեքստիլը» մասնագետների կարիք ունի.Փաշինյանն ընկերությունում էր

Aug 10, 2018 Comments Off on «Տավուշ Տեքստիլը» մասնագետների կարիք ունի.Փաշինյանն ընկերությունում էր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելեց «Տավուշ Տեքստիլ» ընկերություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրեն Երիցյանի ուղեկցությամբ վարչապետը շրջեց ընկերության տարածքում, ծանոթացավ արտադրական հնարավորություններին, անցած ուղուն, ձեռքբերումներին: Սուրեն Երիցյանը վարչապետի հետ զրույցում խոսեց որակյալ կադրերի խնդրի մասին՝ նշելով, որ մասնագետների կարիք ունեն: Նա նշեց, որ Բերդում գործող ուսումնարանի հետ պայմանավորվածություն է եղել հաստոցներ, նյութեր տրամադրել մասնագետներ պատրաստելու համար, որպեսզի հետագայում գործարանում աշխատեն, սակայն, կարծես, սայլը տեղից չի շարժվում: Սուրեն Երիցյանի բարձրացրած հարցին անդրադարձավ վարչապետը:

«Դա շատ կարևոր հարց է: Ուսումնարանները պետք է սկսեն աշխատել: Մեր կրթական համակարգի պրոբլեմը որն է, ուսանողն ավարտում է, տեղ չկա, որ աշխատի: Հիմա պետք է կրթական համակարգն այն տրամաբանության մեջ դնել, որ պրակտիկայի հետ կապված լինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին գործարար Սուրեն Երիցյանի կողմից: Ներկայում ընկերությունն ունի արտադրություններ Չորաթան, Արծվաբերդ , Բերդ համայնքներում և սպասարկող արտադրամաս Մովսես համայնքում: «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն ունի շուրջ 1500 գործող հաստոց: 2018 թվականին արտադրվել է 23 238 991 զույգ բանվորական ձեռնոցներ, որից 19 329 662 զույգը՝ 1 253 047 281 դրամի չափով, իրացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուկաներում:

«Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ում աշխատում է շուրջ 520 աշխատակից Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Մովսես, Տավուշ, Վերին Կարմիր աղբյուր, Նորաշեն համայնքներից՝ միջինը 135 հազար դրամ աշխատավարձով: Առաջիկայում պլանավորվում է ավելացնել հաստոցների քանակը ևս 600 հատով, որը կստեղծի ևս 150-200 աշխատատեղ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: