«Երբեք անկողին մի մտիր այն մարդու հետ, ով ավելի շատ խնդիրներ ունի, քան դու». Շերոն Սթոուն

Aug 10, 2018 Comments Off on «Երբեք անկողին մի մտիր այն մարդու հետ, ով ավելի շատ խնդիրներ ունի, քան դու». Շերոն Սթոուն

Շերոն Սթոունը հայտնի է՝ որպես Հոլիվուդում ամենաբարձր IQ-ն ունեցող դերասանուհի: Փայլուն դերասանուհին չի կորցրել հումորի զգացումը և շարունակում է շռայլել իր սրամիտ կսմիթները, որոնցում ավելի շատ ճշմարտություն և կենսական իմաստնություն կա, քան շատ հայտնի փիլիսոփաների մոտ՝ գոնե ժամանակակից կնոջ և նրա՝ այս աշխարհում ունեցած դերի մասով:

Կնոջ դեմքի արտահայտությունն ավելի կարևոր է, քան նրա հագուստը:

Պլաստիկ վիրաբուժությունն իմը չէ, սակայն ես չեմ մեղադրում այն կանանց, ովքեր դիմում են պլաստիկ վիրաբույժների ծառայություններին: Եթե դա նրանց երջանիկ է դարձնում, ապա ինչո՞ւ ոչ:

Չեմ թաքցնի, որ փորձել եմ բոտոքսը և ոչ մեկ անգամ: Սակայն ժամանակին կանգ եմ առել, որպեսզի չվերածվեմ այն ոսկե ձկնիկներից մեկին, որոնք այնքա՜ն շատ են Հոլիվուդում: Բոտոքսի պատճառով բոլոր դերասանուհիները միանգամից սկսեցին նմանվել միմյանց, իսկ ես ուզում եմ նման լինել միայն ինքս ինձ: Ուզում եմ, որ իմ մեջ տեսնեն այն կնոջը, որի ուսերի հետևում շատ հետաքրքիր կյանքի տարիներ կան:

Կալիֆոռնիայում ապրում են 400.000 ներկված շիկահերներ՝ միատեսակ քթերով, հսկայական շրթունքներով, այտերի մեջ իմպլանտներով ու ձյունաճերմակ ատամներով: Եվ մի՞թե ինչ-որ մեկը դա գեղեցիկ ու գրավիչ է համարում:

Կյանքիդ առաջին կեսում քո դեմքը դու ես, ինչով որ ծնվել ես, իսկ երկրորդ կեսում՝ այն, ինչին դու արժանի ես:

Կինն իր կյանքի ընթացքում շատ դեմքեր է փոխում: Դա ասես սանրվածք լինի. մենք չենք կարող անընդհատ միևնույն սանրվածքով լինել: Կյանքի ընթացքում մենք զարգացում ենք ապրում ու փոխվում, սովորում ենք ու հասունանում: Մենք կյանքին այլ կերպ ենք նայում, և կյանքն էլ, իր հերթին՝ այլ կերպ է նայում մեզ:

Անգամ դիմահարդարման ամենաթանկ պարագաները և թանկարժեք սանրվածքն ի վիճակի չեն կնոջը գեղեցկացնել: Ամենավառ, ամենահետաքրքիր կանայք նրանք են, ում հետևում վերելքներով ու վայրէջքներով հարուստ կյանք կա:

Հավերժ երիտասարդության գաղափարը միֆ է: Ես չեմ ուզում լինել, այսպես կոչված, չծերացող գեղեցկուհի: Ուզում եմ լինել կին, ով իր տարիքում լավագույն տեսքն ունի:

Ավա Գարդներն աշխարհի ամենահիասքանչ կինն էր: Ինչո՞ւ: Նա երբեք ոչինչ իր հետ չէր անում: Նա կնոջ տեսք ուներ, և երբեք չէր փորձում դեռահաս աղջնակի նմանվել:

Դժբախտություններն ու առողջական խնդիրները ստիպեցին ինձ դադարել զբաղվել նրանով, ինչն ինձ դժբախտ ու հիվանդոտ էր դարձնում:

Իսկապես գեղեցիկ կինը միշտ բարի է այլ կանանց և ընդհանրապես մարդկանց նկատմամբ: Նրան բնորոշ չեն մրցակցությունը, ինտրիգներն ու ստորությունները:

Եթե դու խելացի ես, ապա նաև գեղեցիկ կլինես: Տգեղ կանայք չկան: Ինչ-որ մեկը գեղեցիկ է վարդի պես, մյուսը՝ կակտուսի:

Երբեք լրջորեն չեմ մտածել այն հարցի շուրջ, թե գեղեցի՞կ եմ արդյոք: Բայց ես մի կախարդական հնարք գիտեմ՝ հմայիչ լինելու պատրանք ստեղծելու հմտությունը: Երբ կինը սենյակ է մտնում, ներկաներն արձագանքում են ոչ թե նրա գեղեցկությանը, այլ ուժին ու էներգիային, որը ճառագում է նրանից:

Հիմա՝ իմ այս տարիքում, ես ինձ ավելի վստահ ու հանգիստ եմ զգում, քան երբևէ: Չգիտեմ՝ դա կապված է հոգևորի՞ հետ, թե՞ ես պարզապես ավելի իմաստուն եմ դարձել: Տարիքի հետ ավելի ընտրովի ես վերաբերվում այն հարցին, թե ում հետ անցկացնես քո ժամանակը և ինչին նվիրես կյանքդ:

Ինձ կարելի է կաշառել ծաղիկներով և ընթրիքի հրավիրելով: Ինձ դուր են գալիս ջենթլմեն տղամարդիկ, սակայն ես տանել չեմ կարողանում, երբ թերագնահատում են իմ ինտելեկտը: Ես հարգանք եմ պահանջում իմ նկատմամբ և ուզում եմ նաև հարգել զուգընկերոջս:

Ես կարող եմ հաճելի և մեղմ լինել, բայց դա հետաքրքիր չէ: Դա կյանքի գլխավոր նպատակը չէ: Ես աշխատում եմ ազնիվ լինել՝ ինչպես ինքս ինձ, այնպես էլ՝ շրջապատողներիս հետ, և դա միշտ էլ հաճելի է: Երբեք չեմ ձգտել դառնալ բոլորի հանընդհանուր սիրելին:

Մարդիկ վախենում են փոխվել, քանի որ նրանց թվում է, թե իրենք ինչ-որ բան կկորցնեն: Նրանք մոռանում են, որ կարող են ձեռք բերել նաև շատ նոր բաներ:

Այս կյանքում կարևոր չէ, թե ինչպես ես դու ընկնում, կարևոր է, թե ինչպես ես բարձրանում:

Կինը չպետք է իր վրա պատասխանատվություն վերցնի աշխարհում ամեն ինչի համար:

Բուդդիզմ դավանելով՝ ես հասկացա, որ ամոթը հորինել է մարդը. բնության մեջ ամոթ չկա: Դա ոչ այլ ինչ է, քան մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու միջոց:

Կանայք միգուցե և ձևացնում են, թե օրգազմ են ապրում, բայց դրա փոխարեն՝ տղամարդիկ ձևացնում են հարաբերությունների մեջ:

Ավելի լավ է լրիվ միայնակ լինել, քան սխալ մարդու կողքին քեզ լրիվ միայնակ զգալ:

Անկողնու մեջ ես ամենաշատը սիրում եմ սցենարներ կարդալ:

Մահն իր ոսկրոտ ձեռքերով շատ անգամներ է թակել իմ դուռը, բայց ես չեմ բացել այն: Այն ինձ սովորեցրել է նորովի ապրել: Դռան այդ թակոցն արթնացրեց ինձ:

Ինչ-որ պահի աղջիկներն իրենք վերածվում են այն տղամարդկանց, որոնց հետ երազում էին ամուսնանալ:

Երբեք անկողին մի մտիր այն մարդու հետ, ով ավելի շատ խնդիրներ ունի, քան դու:

Նախկինում դու պիտի հայտնի լինեիր, որ կարողանայիր հայտնվել սկանդալների կիզակետում, իսկ այժմ սկանդալ է պետք՝ հայտնի դառնալու համար:

Տղամարդիկ նման են հարիչի: Գոնե մեկը քեզ պետք է, ճիշտ է, այնքան էլ պարզ չէ, թե ինչո՞ւ:

Կինն իր գինը պետք է իմանա, բայց երբեք այն չբարձրաձայնի:

 blog.168.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: