Մոսկվան մեղմացնում է հարձակվողական «դոզան»

Aug 11, 2018 Չի մեկնաբանվել

Ռազմատեխնիկական համագործակցության գծով Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հերքել է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի հրապարակումը այն մասին, թե Հայաստանին հատկացված ռուսաստանյան հարյուր միլիոն դոլար ռազմական վարկի իրականացումը «մեծ հարցականի տակ է»:

«Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ես դա չեմ հաստատում», – ասել է ռուս գեներալը՝ պատասխանելով «Ազատության» հարցին: Հարցին էլ՝ «իսկ վարկի մասո՞վ Դուք ինչ տեղեկատվություն ունեք», արձագանքեց․ – «Ամեն ինչ աշխատում է»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսաստանյան պարբերականը ծավալուն հոդված էր հրապարակել, որում, մասնավորապես պնդում էր, թե պաշտոնական Մոսկվան վրդովված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և հատկապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրման կապակցությամբ, և այդ պատճառով հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկի շրջանակում նախատեսված ռուսական նոր սպառազինության մատակարարումը Հայաստանին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատելու՝ «Ազատության» խնդրանքին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն արձագանքել է․ «Դե ինչպես գնահատեմ, Հայաստանի Հանրապետությունը արդարադատություն է իրականացնում, մեկնաբանություն չունեմ»:

Ալեքսանդր Ֆոմինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում համակարգում է միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտը, 2000-ականներին աշխատել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ում:

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը օրերս էր ժամանել՝ մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակում Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը նա հանդիպել էր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Ռուսաստանյան 100 միլիոն դոլար վարկի հարցին այսօր անդրադարձավ նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ընդգծելով՝ վարկով Երևանի համար նախատեսված սպառազինությունն արտադրության մեջ է: Հարցին՝ «ռուսական կողմը ակնարկե՞լ է, կամ ճնշում զգացե՞լ եք Ձեր նկատմամբ, որ՝ գիտեք, մենք կարող ենք դադարեցնել վարկը կամ սառեցնել», Դավիթ Տոնոյանը հարցով պատասխանեց՝ «ես նմա՞ն եմ մարդու, որին կարելի է ճնշել որևիցե ձևով»: Պաշտպանության նախարարը շարունակեց․ – «Չկա այդպիսի բան, կա համագործակցային և գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվում տասնյակ տարիներ»:

Տոնոյանը հավելել էր նաև, որ սպառազինության գնման նպատակով Հայաստանը բանակցություններ է վարում նաև ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների հետ՝ առանց նշելու որևէ պետության անվանում:

Ի դեպ, հավելենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան՝ օգոստոսի 11-ին մասնակցելու մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» փակման հանդիսավոր արարողությանը:

Այսպես, ռուսական մամուլի «ճնշումը» Հայաստանի ուղղությամբ որոշակի մեղմացավ: Դա պայմանավորված է, թերևս, այն պատճառով, որ Ռուսաստանին իսկապես, զայրացրեց, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը: Բայց այժմ, նա Մոսկվայում է, նրան թույլ են տվել մեկնել իր աշխատանքին:

Պաշտոնական Մոսկվայի արձագանքը, որով հերքեցին, որ Հայաստանին հատկացված ռուսաստանյան հարյուր միլիոն դոլար ռազմական վարկի իրականացումը «մեծ հարցականի տակ է», սպասելի էր: Ռուսաստանյան փորձագետների, լրագրողների հարձակումները միանգամայն սպասելի են: Նրանք որոշակի «շեղման» դեպքում, անմիջապես անցնում են հակահարձակման: Ապա, թոհուբոհը մեղմացվում է մի քանի օր անց՝ պաշտոնական Մոսկվայի մակարդակով:

Մոսկվայից արձագանքը սպասելի էր: Հիմա որոշակի զայրույթի «դոզայից» հետո՝ Մոսկվան հետ է քաշվում, բայց կսպասեն Փաշինյանի հետագա քայլերին:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Մոսկվան մեղմացնում է հարձակվողական «դոզան»”

Մեկնաբանել