Փաշինյանի վտանգավոր խաղը Արցախում

Aug 11, 2018 Comments Off on Փաշինյանի վտանգավոր խաղը Արցախում

Արձակուրդից վերադառնալուց հետո ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կարճ ժամանակ մնացել է Երևանում, այնուհետև մեկնել Արցախ: Մի քանի օր է նա Ստեփանակերտում է: Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատել է տեղեկությունները, որ Սերժ Սարգսյանը վերադարձել է: «Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ վերադարձել է Հայաստան»,- ասել է նա: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի հետ Արցախ է մեկնել նաև ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Ինչպես հայտնի է, Արցախցի 15 պատգամավոր Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ տեսնելու միջնորդագիր-խնդրանք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ համալրելով Հայաստանում նրա օգտին մեկնարկած ստորագրահավաքին միացած պատգամավորների շարքերը։

Այս իրադարձությունները որոշակիորեն շահարկվում են, ու կարծես հայաստանցի-ղարաբաղցի արհեստական անջրպետ ստեղծելու հիմքեր են դրվում՝ դրանից բխող անցանկալի հետևանքներով: Դա ամենասարսափելի է սցենարն է, որով կարող է Հայաստանի նոր կառավարությունը թույլ տալ:

Առհասարակ, Հայաստան-Արցախ կտրվածքով անցանկալի մթնոլորտ է ձևավորվել թավշյա հեղափոխությունից հետո: Արցախում մի խումբ մարդկանց ոգևորությունը՝ նաև Արցախի իշխանությունների հրաժարականը պահանջելու հարցում մի որոշ ժամանակ կարծես հաջողվեց ինքնաբուխ ներկայացնել: Բայց փաստ է, որը իրավիճակը գնալով մտահոգիչ է դառնում ու որոշ խմբեր սպասում են ապակայունացման:

Օրինակ, արդեն հնչում են կարծիքներ, թե «Մարտի 1-ի» գործով բացահայտումներն, անպայման, կհասնեն Արցախ, նման կարծիք է հայտնել Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը՝ Factor.am-ին:

Արցախը յուրօրինակ իրավիճակում գոյատևող մեր հայրենիքի մի մասնիկն է, որտեղ այս կամ ցնցումը կարող է ունենալ բավական խորն ու անդառնալի հետևանքներ:

Անհանգստությունները օդում զգացվում են: Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո թե՛ Հայաստանի զարգացման, թե՛ Արցախի զարգացման ծրագրերի առումով կարծես մեծ դադար է, բոլորը սպասում են, բայց չգիտես, թե ինչի:

Թվում էր, թե «թավշյա հեղափոխության» արդյունքում Նիկոլ Փաշինյանը հասարակական վստահության ահռելի պաշարով ռեսուրսներն այլ ուղղությամբ կօգտագործի, բայց տնտեսության զարգացման, սոցիալական իրավիճակի բարելավման ուղղությամբ ոչ միայն կոնկրետ քայլեր չեն իրականացվում, այլև Հայաստանն ու Արցախը, կարծես, ընկղմվել են մեծ անկանխատեսելիության և անորոշության մեջ:

Ադրբեջանական կողմից էլ վտանգավոր լռություն է, որը ավելի մեծ անհանգստություն է առաջացնում, քան երբ հակառակորդը ագրեսիվ ինչ-ինչ գործողություններ է իրականացնում: Ինչի՞ն է սպասում Ալիևը: Նա Փաշինյանի կողմից ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ ինչ-ինչ սպասելիքնե՞ր ունի՝ զիջումների մասով… Դժվար է կանխատեսել: Բայց ադրբեջանական «հանդարտությունը» վստահաբար ունի պատճառներ:

Մի խոսքով, հայաստանյան իրադարձությունները հայելային ձևով անդրադառնում են Արցախի վրա և օդում ինչ-որ մեծ պայթյունի բռնկման վտանգ կա, որը կանխելու միտումներ, ցավոք, առայժմ չեն նշմարվում:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: