Փաշինյանի «պատանդները». Ընտրովի արդարադատությո՞ւն, թե՞ քաղաքական ռևանշ

Aug 11, 2018 Comments Off on Փաշինյանի «պատանդները». Ընտրովի արդարադատությո՞ւն, թե՞ քաղաքական ռևանշ

ՀՔԾ վարույթում գտնվող 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Այս մասին երեկ հաղորդեց ԱԱԾ լրատվական ծառայությունը:

«Ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ: Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

Այսօր արդեն, ԱԱԾ ղեկավարը լրագրողների հետ զրույցում հստակեցրել է, թե տեղեկություն են ստացել, որ Հովիկ Աբրահամյանի օբյեկտում հայտնաբերված զենք-զինամթերքը կապ ունի մարտի 1-ի դեպքերի հետ: Կառավարության նիստից հետո Արթուր Վանեցյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք առնչություն ունեն մարտի 1-ին կիրառված զենքերի հետ, բայց դա դեռ վարկած է, որը պետք է ստուգվի: Հարցին, թե այդ զենքերից կրակել են ցուցարարների ուղղությա՞մբ, ԱԱԾ ղեկավարը պատասխանել է՝ դրա արդյունքները պարզ կլինեն համապատասխան փորձաքննություններից հետո. «Նախնական օպերատիվ տվյալներով նման վարկած կա»:

Կարծում եք, որ Հովիկ Աբրահամյանը առնչություն ունի մարտի 1-ի հե՞տ հարցին, օրինակ՝ հրաման է արձակել, որպեսզի իր կողմնակիցները կրակեն ցուցարարների ուղղությամբ, պարոն Վանեցյանը պատասխանեց. «Ես նման մանրուքներ չեմ կարող այս պահին ձեզ ասել, միայն կարող եմ ասել, որ մենք հայտնաբերել են զենքեր, որոնք, մեր նախնական, օպերատիվ տվյալների համաձայն կարող է օգտագործվել են 2008թ. մարտի 1-2-ին»:

Վանեցյանն ասել է, որ օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ընդգրկված չեն եղել իրավապահ համակարգում. «Այս պահին կարող եմ ասել, որ հայտնաբերել ենք զենքեր, որոնք մեր նախնական օպերատիվ տվյալների համաձայն՝ հնարավոր է` օգտագործվել են մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ, այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»,- ասաց ԱԱԾ տնօրենը։ Վանեցյանը նաև հավելել է, թե չի կարող ասել այդ անձինք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են եղել, թե ոչ, սակայն չի հերքել, որ ինչ-որ մեկի կողմնակիցներն են եղել, ինչպես նաև թիկնապահներ. «Դուք ինչո՞ւ եք ստիպում ասել Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են, այդ զենքերը հայտնաբերվել են մի տարածքում, որը փաստացի պատկանում է Աբրահամյանի ընտանիքին»։

Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում: Մարտի 1-ի պատասխանատուների կազմն, այսպես ասած՝ ընդարձակվում է: Հիմա էլ հերթը հասավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ասվում է, որ խուզարկությունը տեղի է ունեցել մարտի 1-ի գործի շրջանակներում:

Հազիվ թե ԱԱԾ-ն առանց լուրջ հիմքերի նման ակնարկներ աներ, բայց մյուս կողմից ԱԱԾ ղեկավարի այսօրվա հայտարարությունները հետևյալն են՝ հայտնաբերել ենք զենքեր, որոնք մեր նախնական օպերատիվ տվյալների համաձայն՝ հնարավոր է` օգտագործվել են մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ: Այսինքն՝ հնարավոր է, որ նաև չեն օգտագործվել:

Եթե քննությունը ցույց տա, որ այդ զենքերը մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապ չունեն՝ պարզ է, որ Հովիկ Աբրահամյանն այս ամենից «մաքուր» դուրս կգա: Կմնա հարցը, թե հայտնաբերված զենքը օրինակա՞ն է, թե՞ ապօրինի, ի՞նչ ճանապարհով են հայտնվել Հ. Աբրահամյանին պատկանող տարածքներում, որքանո՞վ է նա տեղյակ եղել և այլն…

Այսքանը՝ իրավական տեսանկյունից, բայց կա նաև խնդրի քաղաքական բաղադրիչը: Նիկոլ Փաշինյանն ուշագրավ տակտիկա է մշակել, նա իր իշխանությունն ամրացնելու ճանապարհին գնում է հնարավոր դիմադրության աղբյուրները չեզոքացնելու ճանապարհով:

Նախ՝ Սերժ Սարգսյանի եղբայրները, ապա Գագիկ Ծառուկյանի թիկնապահը, այժմ էլ՝ Հովիկ Աբրահամյանի եղբայրը: Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք քաղաքական նպատակներով հնարավոր դիմադրությունները ճնշելու փորձի հետ:

Մի կողմից, իհարկե, Փաշինյանի քայլերը հասկանալի են. նա էլ, ինչպես ցանկացած իշխանություն պետք է ձգտի ամրացնել իր դիրքերը, բայց մյուս կողմից հարց է ծագում՝ արդյոք այս մթնոլորտով երկար ժամանակ հնարավոր կլինի զբաղեցնել հասարակությանը:

Սոցիալական, տնտեսական ոլորտում բարդություններն անխուսափելի են: Թվում էր թե Փաշինյանն այս ամիսների ընթացքում հենց այս խնդիրների վրա պետք է կենտրոնացած լիներ՝ Հայաստանի տնտեսական ռազմավարական զարգացման ծրագրերի: Բայց ստացվում է քաղաքական հաշվեհարդարների տեսարաններով հասարակությանը զբաղեցնելու սցենարն է առայժմ գործում, որով, անկասկած, հասարակությանը երկար ժամանակ չես կարող սնել:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: