Պետք չէ պղծել զոհերի արյունը

Aug 03, 2018 Comments Off on Պետք չէ պղծել զոհերի արյունը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը հայտարարել էր, որ Արցախի ազատագրված տարածքները պատկանում են Ադրբեջանին և պետք է հետ վերադարձվեն, որպեսզի Արցախի հիմնախնդիրը լուծվի։ «Արցախի ազատագրված տարածքներն իրականում ազատագրված չեն, գրավյալ տարածքներ են։ Գրավյալ տարաքները Ադրբեջանի տարածքներն են»:

Գաղտնիք չէ, որ սա ՀԱԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է, և հենց սրանով էլ նրանք մասնակցեցին նախորդ ընտրություններին ու ջաղջախիչ պարտություն կրեցին: Երկու օր է ՀԱԿ անդամի հայտարարությունը փոթորկել է Հայաստանի եւ Արցախի ակտիվ հանրությանը: Քանի որ այստեղ խնդիրը ոչ այնքան ՀԱԿ-ի ներկայացուցչի դիրքորոշումն է, որքան Փաշինյանի եւ Տեր-Պետրոսյանի վերջին համագործակցության փաստը: Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ը ողջունել է «թավշյա հեղափոխությունն» ու նոր կառավարությանը, իսկ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս առանձնազրույց ունեցավ Փաշինյանի հետ հենց Արցախի խնդրի առնչությամբ: Արդյոք նրանց տեսակետներն այս հարցում համընկնում են, հատկապես, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո ակտիվացան խոսակցությունները, թե Փաշինյանի իշխանությունը Արցախի կարգավորման հարցում մտադիր է իրագործել տերպետրոսյանական ծրագիրը:

ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը մեզ հետ զրույցում հորդորեց բոլորին լուրջ չվերաբերվել նման հայտարարություններին.<<Սա ես մեղմ եմ ասում, որ լուրջ մի ընդունեք: Ուղղակի բոլորը պետք է հասկանան, որ դրանք մեր հողերն են, մեր ազատագրած տարածքները, որոնք ազատագրվել են հայոց բանակի, կռված տղաների, ազատամարտիկների, երկրապահների տասը հազար զոհերի արյամբ: Այսօր տրորել այդ արյունը, պղծել այդ սրբությունը, հարիր չէ հայ կնոջը: Եթե բան է ուզում ասել, թող այլ ճանապարհներով ասի: Ի սեր Աստծո, պետք չէ կպնել նուրբ թելերին, ի լուր աշխարհի նման բաներ հայտարարել եւ հայտարարել հայ կին, սա անընդունելի է>>:

Հայրապետյանը չի ուզում մտածել, որ որեւէ իշխանություն, առավել եւս Նիկոլ Փաշինյանի կարող է իրագործել նման հրեշավոր ծրագիր.<<Մենք տասնամյակներ շարունակ ի լուր աշխարհի, ի լուր ամենքի ասում ենք, որ մեր արյան շնորհիվ այս հողերն ազատագրել ենք, ու հիմա նման հայտարարություններ անգամ չի կարելի անել, պետք չէ պղծել այդ արյունը: Կամ գոնե թող ասել գերտերությունների պահանջն է, որ ուզում են նման բան անել, քանի որ վերջիններս կարծում են, որ այդ հողերը եղել են Ադբեջանի կազմում: Հայ մարդուն չի սազում նման հայտարարությունը>>:

Հայրապետյանը չպատասխանեց հարցին՝ հնարավոր է արդյոք, որ Քոչարյանի կալանավորմուն էլ այս համատեքստում է տեղի ունեցել՝ ասելով, թե ինձ հարցեր տվեք իմ իրավասությունների շրջանակներում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: