Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. վիրավորների մեջ է «Վահե-Կամո» ՍՊԸ-ի տնօրենը

Jul 23, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. վիրավորների մեջ է «Վահե-Կամո» ՍՊԸ-ի տնօրենը

Երեկ՝ հուլիսի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ակնակապիճի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սևան քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Համլետ Հովհաննիսյանն է, ով բժիշկներին ու ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց տանը, բակում սայթաքելու հետևանքով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սևանի ոստիկանները պարզել են նաև, որ Հ. Հովհաննիսյանը փորձում է մոլորության մեջ գցել իրենց։ Իրականում նույն օրը Սևանա լճի ափին գտնվող «Վեգաս» կոչվող հանգստյան գոտում ժամը 17։30-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել նրա, Արարատ քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Կարեն Թովմասյանի միջև, որի ժամանակ էլ Կ. Թովմասյանը բռունցքով հարվածել է Հ. Հովհաննիսյանին և վիճաբանությանը ներկա գտնվող 20-ամյա Արթուր Խաչատրյանին։ Վերջինն էլ վնասվածք է ստացել քթի հատվածում։ Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Սևանի ոստիկանները հայտնաբերել են նաև Կ. Թովմասյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Վահե-Կամո» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենան սխալ կայանելու համար առաջացած խոսակցությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: