«Այսպիսի դեպքեր տեղի են ունեցել ու դեռ տեղի են ունենալու». քաղաքագետ՝ Փանիկում տեղի ունեցած միջադեպի մասին

Jul 23, 2018 Comments Off on «Այսպիսի դեպքեր տեղի են ունեցել ու դեռ տեղի են ունենալու». քաղաքագետ՝ Փանիկում տեղի ունեցած միջադեպի մասին

«Փանիկում տեղի ունեցածում ոչ մի արտառոց բան չկա։  Սա շատ փոքր իրադարձություն է։ Այսպիսի դեպքեր տեղի են ունեցել ու դեռ տեղի են ունենալու։ Սրանցից խուսափել չի կարելի»,- Հայելի ակումբում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

« Ռուսաստանի հետ համագործակցությունը կմնա այնպիսին, ինչպիսին կա, կապերը կշարունակվեն: Հայ-ռուսական հարաբերությունների վրա չազդեց անգամ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը: Փանիկում տեղի ունեցածը չափազանց փոքր միջադեպ է, նման միջադեպեր եղել և լինելու են, դրանցից խուսափել հնարավոր չէ: Սակայն  ՀՀ վարչապետը պետք է ինչ-որ կերպ պատասխանի երկրում շարունակվող դիսկուրսներին:Յուրաքանչյուր իրադարձություն խուճապային կերպով ընդունելը հատուկ է հայկակական հասարակական, քաղաքական շրջանակներին»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ միջադեպի ուռճացման հետևում կանգնած են լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը:

«Նման միջադեպերը փորձության են ենթարկում հայ-ռուսական հարաբերությունները, այլ բան է, որ հայ-ռուսական հարաբերությունները սովորել են փորձություններին:Այդ հարաբերությունները ենթարկվել են ավելի հզոր հարվածների, ինչպես օրինակ Պերմյակովի գործը, 2016 թվականի քառօրյա էսկալացիան: Խնդիրներ իրականում կան, սակայն կա նաև բավական բարձր մակարդակի ռազմական փոխգործակցություն: Համագործակցությունը կշարունակվի, այն ավելի կընդլայնվի և կկատարելագործվի»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետն անդրադարձավ նաև առաջիկայում սպասվող ԱԺ արտահերթ և Երևանի ավագանու ընտրություններին։ Իսկանդարյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններում կլինի հերթական իշխանափոխությունը. հանրապետականներն իրենց ունեցած դիրքը կփոխանցեն Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին։

«Երևանը Հայաստանի 1/3-րդն է, և այստեղ իշխանություն ունենալը շատ լուրջ առաջնահերթություն է ցանկացած քաղաքական ուժի համար։ Չեմ հավատում, թե ընտրություններից հետո ավագանին գլխավորողների մեջ կլինեն մարդիկ, ովքեր չեն լինի Հայաստանի այսօրվա իշխանությունից»,- նշեց Իսկանդարյանը։

Քաղաքագետը ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված ևս նույն տեսակետն ունի։ Իսկ թե ինչ ձևաչափով Նիկոլ Փաշինյանը կգնա այդ ընտրություններին, Իսկանդարյանի խոսքով՝ կախված է հենց իր ցանկությունից։

«ՔՊ-ից բացի մյուս երկու կուսակցություններին ձեռնտու է ընտրություններին դաշինքով մասնակցելը, որովհետև այդպես մեծ կլինի հավանականությունը, որ իրենք ԱԺ-ում կհայտնվեն։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պետք է ինչ-որ մեկին իր հետ տանել խորհրդարան՝ հետագայում կոալիցիոն գործընկեր ունենալու համար»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Քաղաքագետը վստահ է՝ որքան շուտ տեղի ունենան արտահերթ ընտրությունները, այնքան հեղափոխական էյֆորիայի ներքո գործող իշխանություններն ավելի մեծ հաջողություններ կունենան։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: