«Առավելագույնը, ինչի նա հասել էր, Հայաստանի պետական ընկալման նվազեցումն էր, ինչից անպայման հերթական անգամ կօգտվի Ադրբեջանը». Արեգ Գալստյանը՝ Արարատ Միրզոյանի մասին

Jul 23, 2018 Comments Off on «Առավելագույնը, ինչի նա հասել էր, Հայաստանի պետական ընկալման նվազեցումն էր, ինչից անպայման հերթական անգամ կօգտվի Ադրբեջանը». Արեգ Գալստյանը՝ Արարատ Միրզոյանի մասին

The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իմ կողմից շատ հարգված Արթուր Մարտիրոսյանը (Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյան) ժողովրդի ծառա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին ճիշտ ու տեղին հարցեր է տալիս, և ես նույնպես կուզենայի լսել դրանց պատասխանները: Սակայն բացի ֆինանսական բնույթի հաշվետվությունից, ես` որպես ամերիկագետ, կցանկանայի ուշադրություն դարձնել բովանդակային բնույթի մի շարք ծայրահեղ անթույլատրելի բաների վրա:

Առաջին`

Նա չանցկացրեց բարձր մակարդակի ոչ մի լուրջ հանդիպում: Մայք Պոմպեոյի մակարդակի բարձր նշաձողը, ում հետ ավելի վաղ հանդիպում էր անցկացրել նախագահ Արմեն Սարգսյանը, նա իջեցրեց մինչև արտաքին քաղաքականության համար պատասխանատվություն չկրող Ստորին պալատի միջին օղակի կոնգրեսականների մակարդակ: Ինչո՞ւ ամերիկյան կողմից հայկական պետության ընկալումն իջեցնել մինչև կոնգրեսականներ: Խոսելու բան չկա՞ր Մայք Փենսի հետ: Ուրեմն ինչո՞ւ են հարկատուների փոխերը վատնել պետականության տեսակետից անօգուտ այցի վրա:

Երկրորդ`

Արտաքին քաղաքականության վրա ոչ մի ազդեցություն չունեցող կոնգրեսականների հանդիպման ժամանակ ժողովրդի ծառան հրապարակ նետեց շատ հետաքրքիր առաջարկություն`կապված ԱՄՆ նախագահ Թրամփի ու Փաշինյանի`ՄԱԿ-ի տիրույթներում հանդիպման անհրաժեշտության հետ: Դրա մեջ ի՞նչ վատ բան կա:

Պատասխանեմ`

ա. Օրենսդիր համակարգի նկատմամբ վիրավորանք, քանի որ կոնգրեսականները նախագահի քարտուղարները չեն, և նրանք չեն կազմակերպում վերջինիս հետ հանդիպումները:

Կոնգրեսն իշխանության ճյուղ է, որը կախում չունի գործադիր իշխանությունից, իսկ նրա անդամները հաշվետու են ոչ թե նախագահի, այլ շրջաններում ու նահանգներում իրենց ընտրողների առջև: Վերցրեք ԱՄՆ սահմանադրությունը, որպեսզի գոնե փոքր-ինչ պատկերացում ունենաք այն մասին, թե ինչ է ամերիկյան պետությունը, և ինչպես են այնտեղ ընդունվում քաղաքական որոշումները:

բ. Դեմոկրատական կուսակցությանը հասցված վիրավորանքը:

Կենտրոնում նստած էր հայկական շահառուի վաղեմի լոբբիստ Ֆրենք Փելոունը, որը ոչ թե պարզապես Թրամփի կուսակցական հակառակորդն է, այլև նրա անձնական թշնամին: Ես տեսա, թե ինչպիսի անհասկացվածությամբ նա ընդունեց ժողովրդի ծառայի խոսքը, որի ավարտից հետո պարզապես լայն ժպտաց:

Դե, իհարկե, դեմոկրատի հետ խոսել հանրապետական նախագահ Թրամփի ու Փաշինյանի հանդիպման կարևորության ու անհրաժեշտության մասին «բարձրագույն քաղաքական թռիչք է»:

գ. ՄԱԿ-ի շրջանակներում`

Հարգելի ժողովրդի ծառա, ՄԱԿ-ի շրջանակներում Թրամփին յուրաքանչյուրը կարող է տեսնել, դրա համար մեծ ջանքեր պետք չեն, և առավել ևս դրա մասին պետք չէ խոսել կոնգրեսականների հետ, որոնք այդ կազմակերպությանը ոչ մի ինստիտուցիոնալ առնչություն չունեն: Դուք ավելի լավ է Նահանգներ քաղաքական օրակարգ տանեիք, որպեսզի այն քննարկեիք փոխնախագահի հետ, և իրական աշխատանքի հիման վրա նախապատրաստեիք վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Սպիտակ տուն:
Բարդ սխեմա եք ընտրել`Վաշինգտոնում փորձելով հանդիպում կորզել Նյու-Յորքում ՄԱԿ-ի թանձրուքի ներքո:

Եվ, այո, կարծես թե Հայաստանը ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ ունի, ով լիազորված է զբաղվել նմանատիպ հարցերով:

Երեկ ես խոսել եմ Ամերիկայում իմ գործընկերների և մի շատ մտերիմ ընկերոջ հետ, ով ԱՄՆ Սենատում ազդեցիկ հանրապետական գործչի աջ ձեռքն է հանդիսանում:

Ոչ ոք այդպես էլ չէր հասկացել ոչ այցի էությունը, ոչ էլ օրակարգի բովանդակությունը: Առավելագույնը, ինչի նա հասել էր, Հայաստանի պետական ընկալման նվազեցումն էր, ինչից անպայման հերթական անգամ կօգտվի Ադրբեջանը: Նրանց արտաքին գործերի նախարար Մամեդյարովն արդեն հանդիպումներ է անցկացրել պետքարտուղար Պոմպեոյի, պաշտպանության նախարար Մեթիսի ու նախագահի խորհրդական Ֆիոնա Հիլի հետ:
Սեպտեմբերին սպասվում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու նախագահ Ալիևի աշխատանքային այցերը ԱՄՆ»:

Պատրաստեց 168.am-ը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: