Փաշինյանը Պուտինի ուսերին ծանր բեռ է դրել. Սպասենք Մոսկվայի ռեակցիային

Jul 23, 2018 Comments Off on Փաշինյանը Պուտինի ուսերին ծանր բեռ է դրել. Սպասենք Մոսկվայի ռեակցիային

Օրերս հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ոչ ուղղակիորեն, կարելի է ասել, Ադրբեջանի կողմից ղարաբաղյան պատերազմի վերսկսումը կապեց Ռուսաստանի «դաբրոյի» հետ, այսպիսով` պատերազմի բռնկման պատասխանատու մատնանշելով հենց Մոսկվային:

Հիշեցնենք, նա ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալ պատերազմի վերսկսումը: Հայաստանի վարչապետը նաև վստահություն հայտնեց, որ Ռուսաստանը, իբրև Հայաստանի ռազմավարական գործընկեր ու բարեկամ երկիր, կօգտագործի պատերազմի վերսկսումը կանխելու իր լծակները: Ավելին, Հայաստանի Փաշինյանը շեշտեց՝ չի հավատում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհամարձակվի որևէ սադրանքի՝ առանց աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների առկայության: «Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի՝ տարածքաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար»,- ասաց Փաշինյանը:

Հստակ է, որ Փաշինյանը կանխարգելիչ քայլ կատարեց: Ակնհայտ է, որ նա նպատակ ունի կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների վերսկումն ու թույլ չտալ տարածաշրջանի ապակայունացումը, ինչի առիթով, թերևս, մտահոգություններ ունի:

Բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ ինքնուրույն որոշի պատերազմ վերսկսել, իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ այնքան էլ մեծ չէ, կարելի է հասկանալ, որ բացառապես Ռուսաստանի ազդեցությամբ կարող է

Ղարաբաղի և Հայաստանի սահմաններին պատերազմի բռնկման պատասխանատու մատնանշելը Մոսկվային նշանակում է նրան Հարավային Կովկասում տեր ու տիրական համարել, սա մեկ: Մյուս կողմից, սա նշանակում է Ռուսաստանի գերիշխանության պահպանում ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա:

Բայց ամբողջ հարցն այն է, թե 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը «դասեր քաղե՞լ» է…

Ռուսաստանն ուզո՞ւմ է խաղաղություն ղարաբաղյան ճակատում:

Եթե այո՝ Մոսկվան պետք է նախ դադարի հարձակողական զենք վաճառել Ադրբեջանին: Չէ որ ապրիլյան պատերազմի «դաբրոն» Ադրբեջանը ստացավ նաև Ռուսաստանից միլիարդավոր դոլարների սպառազինության վաճառքից ոգևորված ու ոգեշնչված:

Եթե այո՝ Մոսկվան պետք է քննադատի Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը Արցախի և Հայաստանի նկատմամբ, ինչը առայժմ չի անում:

Այս առումով, իհարկե, Փաշինյանը Ռուսաստանին դրեց որոշակի պատասխանատվության տակ ու հիմա Մոսկվայի հետագա քայլերից կհասկացվի, թե Փաշինյանի ուղերձը ինչպես է ազդելու Ռուսաստանի իշխանությունների վրա:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: