Փաշինյան-Մակրոն հանդիպումից հետո՝ Ալիև-Մակրոն հանդիպում, 2 միլիարդ դոլարի պայմանագիր

Jul 24, 2018 Comments Off on Փաշինյան-Մակրոն հանդիպումից հետո՝ Ալիև-Մակրոն հանդիպում, 2 միլիարդ դոլարի պայմանագիր

Ադրբեջանի նախագահն օրերս Փարիզում էր: Նրա և Մակրոնի հանդիպումից առաջ Բրյուսելում կայացել էր Փաշինյան-Մակրոնը հանդիպումը: Պարզվում է, Ադրբեջանի հետ Ֆրանսիան մի շարք կարևոր համաձայնությունների է եկել…

Ֆրանսիայի ղեկավարությունը կշարունակի ակտիվորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, նշվեց օրերս այս մասին Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը տարածվեց՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների ավարտին:

«Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ կշարունակի ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի` բանակցությունների վրա հիմնված լուծման որոնման ուղղությամբ: Բանակցությունների վարումը հակամարտությունը երկարաժամկետ հեռանկարում վերջ տալու և տարածաշրջանի ժողովուրդների շահերին համապատասխանող միակ տարբերակն է»,- նշված է հայտարարության մեջ:

Մակրոնը նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հուլիսի 11-ին Բրյուսելում կայացած բանակցությունները: «Ֆրանսիան ամերիկացի և ռուսաստանցի համանախագահների հետ միասին կդիմի բոլոր հնարավոր նախաձեռնությունների իրականացմանը՝ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու նպատակով»,- նշված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Փաստաթղթում նաև նշված է, որ Ադրբեջանի և ԵՄ միջև ռազմավարական համագործակցության մասին նոր պայմանագիրը, ըստ ամենայնի, կստորագրվի մինչև տարեվերջ: «Ֆրանսիական Հանրապետության նախագահն իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանի հետ նոր պայմանագրի ստորագրման գաղափարին»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

Մակրոնը և Ալիևը քննարկել են նաև երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման հարցը: «Այցի շրջանակներում ստորագրված համաձայնագրերի ընդհանուր ծավալը շուրջ 2 միլիարդ դոլար է կազմում»,- Փարիզում հայտարարել է Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով Փարիզ է մեկնել հուլիսի 20-ին:

Այսպես, Մակրոնը, կարծես, ջանքեր է գործադրում Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ակտիվություն ցուցաբերելու հարցում: Ֆրանսիան ընդգծում է իր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և, ընդ որում, շեշտում, որ առանձնահատուկ պատասխանատվություն է կրում՝ տարածաշրջանում ապահովելու երկարաժամկետ խաղաղություն:

Փաստացի Մակրոնն ընդգծում է, որ կշարունակի լուծման ուղիներ որոնել՝ հիմնված բանակցությունները վրա, և ընդգծում է, որ բանակցությունները հակամարտության լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու միակ ուղին են:

Մակրոնի ուղերձները կարևոր են Ալիևի ռազմատենչ քաղաքականության ֆոնին: Հատկապես հիմա, երբ սահմանին Ադրբեջանը գրեթե պատերազմական պատրաստվածության է բերել իր զորքերը, խիստ ցանկալի է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կարևորեն խաղաղության և կայունության պայմանները:

Ուշագրավ էր նաև տեղեկությունը, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև կնքվեց 2 միլիարդ դոլարի պայմանագիր: Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և ստորագրվել տնտեսական գործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, հաղորդեց «Թուրան» գործակալությունը:

Մասնավորապես, կողմերը քաղավիացիայի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել: Պայմանագրեր են ստորագրել նաև կիբերանվտանգության ոլորտի վերաբերյալ: Մակրոնն ու Ալիևը նշել են, որ երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական ու մի շարք ոլորտներում բարեհաջող կերպով զարգանում են հարաբերությունները:

Հայտնի է, որ հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ֆրանսիական տարբեր ընկերությունների, այդ թվում՝ NAVAL ռազմաարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ, գլխավոր տնօրեն Էրվե Գիյուին։ Ըստ Ադրբեջանի պետական Azertac լրատվական գործակալության՝ ֆրանսիական NAVAL ընկերությունը զբաղվում է ռազմածովային տեխնիկայի արտադրությամբ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և ֆրանսիական ընկերության միջև ռազմարդյունաբերական համագործակցությունը։

Բացի այդ աղբյուրը հայտնում է, որ հանդիպման ընթացքում խոսվել է Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը նպաստող պայմանների մասին։ Ադրբեջանական կողմը նշել է, որ ներկայումս ֆրանսիական կողմի հետ տարվում են աշխատանքներ հստակ նախագծերի վրա։

Հավելենք, որ հուլիսի 10-ին ադրբեջանական Azeridefence.com կայքը հայտնել էր, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու սահմանափակումները, սակայն Ֆրանսիայի դեսպանությունը Փարիզի հետ պաշտոնապես ստուգելուց հետո հայտարարեց, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները կեղծ են, և Ֆրանսիան չի մատակարարելու Ադրբեջանին այնպիսի զինտեխնիկա, որը կարող է օգտագործվել Արցախում։

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: