Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. ձորում հայտնված ու մոխրակույտի վերածված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի

Jul 21, 2018 Comments Off on Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. ձորում հայտնված ու մոխրակույտի վերածված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի

Այսօր, հուլիսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենա է գլորվել ձորը, և հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները՝ Գորիսի ոստիկանների, քաղաքացիների օգնությամբ փորձել են մարել Nissan մակնիշի 04 AM 014 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Գորիսի ոստիկանապետի գլխավորությամբ:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագետները: Տեղում դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ավտովթար, թե սպանություն, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ իրականացնելուց հետո: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի սեռը և ինքնությունը:

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: