Ես հավատում եմ այս համակարգին. Արմեն Աշոտյան

Jul 21, 2018 Comments Off on Ես հավատում եմ այս համակարգին. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում ներդրված ներառական կրթության համակարգը հարյուրավոր երեխաների է արդեն տվել ավելի լավ ապագայի հույս և հիմք:

Դպրոցից է սկսվում բարի հասարակություն կառուցելու այն գաղափարախոսությունը, որը դրված է ներառականության հիմքում: Հասարակության ամեն անդամ պետք է ստանա իր կարիքին համապատասխան ծառայություն, այդ թվում՝ կրթության բնագավառում: Իհարկե, պետք է մշտապես կատարել երեխաների կրթական կարիքների գնահատում, իրականացվել հսկայական մասնագիտական աշխատանք՝ տվյալ կարիքը բավարարելու համար:

Բայց պակաս կարևոր չէ նաև այն մթնոլորտը, որը ստեղծվում է: Այս երեխաները վերադարձվում են հասարակություն՝ որպես լիարժեք անդամ: Ներառական համակարգում ներառված մանկավարժական և ծնողական համատեղ աշխատանքի տեսանելի արդյունք տված երեխաները լավագույն պատասխանն են բոլոր այն մարդկանց քննադատական կարծիքների, որոնք թերահավատորեն են մոտենում այս բարեփոխմանը: Իհարկե դեռ հսկայական աշխատանք կա կատարելու՝ վարչական, մեթոդական, մանկավարժական և կառավարչական:

Ակնհայտ է, որ այսօր դեռևս չունենք ամենատարրական շարժական հասանելիություն ապահովող միջավայր բոլոր դպրոցներում: Ոչ բոլոր դպրոցների մանկավարժական ծառայություններն են հավուր պատշաճի, մասնագիտական հմտությունների և ուսումնական նյութերի, վերապատրաստումների, փոխադրամիջոցի խնդիր կա, բայց դա չի նշանակում, որ ներառական կրթություն չպետք է իրականացվի, մինչև բոլոր տեղերում չապահովվեն համապատասխան միջոցներ, որովհետև ճանապարհն անցնում է նա, ով անում է առաջին քայլը:

Մենք այդ քայլն արել ենք, և արել ենք համառ՝ երբեմն դեմ գնալով հասարակական կարծիքին, սակայն այսօր վայելում ենք հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը: Համապատասխան օրենքն ընդունված է, բայց այստեղ շատ կարևոր է նաև մարդկանց աշխարհայացքի փոփոխությունը, որպեսզի սա չլինի լոկ օրենքի պահանջ:

Ես հավատում եմ այս համակարգին: Իսկ ով չի հավատում, թող չլինի մանկավարժության մեջ և չխանգարի այս աստվածահաճո գործին: Վստահ եմ, որ բոլոր խնդիրենրով հանդերձ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում երեխաներին տալիս են ավելի լավ ապագայի հույս ու հնարավորություն»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: