Ինչու է Անգելա Մերկելն օգոստոսին այցելում Հայաստան

Jul 21, 2018 Comments Off on Ինչու է Անգելա Մերկելն օգոստոսին այցելում Հայաստան

Օգոստոսին նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան: Այս մասին հայտնում են «168 Ժամի» դիվանագիտական աղբյուրները: Այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը: Հայտնի է նաև, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաև Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ՀՀԿ ամենակարևոր միջազգային գործընկերներից մեկն է: Անգելա Մերկելի նախատեսվող այցը հետաքրքիր է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելյան երկօրյա աշխատանքային այցի և ձեռք բերված արդյունքների, դրանից հետո առաջացած խմորումների համատեքստում։

Հիշեցնենք նաև, որ Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել այն մասին, որ ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք է հայտնել, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: «ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե՝ ինչո՞ւ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի: Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»:

Փաշինյանի այս հայտարարություններին բավական կտրուկ արձագանքեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Մենք պետք է ստանանք կոնկրետ գաղափարներ մեր հայաստանյան գործընկերներից, որոնք պետք է քննարկենք ու առաջ տանենք։ Մեր հարաբերությունների իրավական ու քաղաքական հիմքը համապարփակ համաձայնագիրն է ու գործընկերության փաստաթուղթը: Եթե հայկական կողմը կարծում է, որ այս փաստաթղթերը պետք է ավելի ուժեղացվեն, ցույց տան նոր որակ, ապա մեզ անհրաժեշտ են կոնկրետ գաղափարներ: Ի՞նչ կուզենք, որ փոխվի մեր քաղաքականության մեջ, կոնկրետ: Այս հարաբերությունների քաղաքական օրակարգը սահմանվում է գործընկերության առաջնահերթություններ կոչվող փաստաթղթով, որ բանակցվել էր նախքան ապրիլյան իրադրաձությունները: Մենք հասկանում ենք, որ նոր կառավարությունը գուցե կարող է ունենալ նոր գաղափարներ այն մասին, թե ինչպես կարելի է փոխել այս փաստաթուղթը, և մենք պատրաստ ենք քննարկել դա»,- ի պատասխան՝ ասել էր դեսպանը։

Այսինքն՝ փող՝ գաղափարի, իրական փոփոխությունների դիմաց. եթե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չկա փոփոխություն, և նոր իշխանությունը բազմիցս հայտարարել է այդ մասին, որ արտաքին քաղաքականության ռազմավարությունը չի փոխվելու, ապա ինչո՞ւ պետք է փոփոխություն լինի ԵՄ-ի կողմից։

«Իսկ դուք ասում եք հետևյալը՝ որ Հայաստանի քաղաքականության մեջ գոյություն չունեցող քաղաքականությունը պետք է արդյունքում բերի Հայաստանի նկատմամբ ԵՄ ունեցած քաղաքականությունում փոփոխության: Կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչպես կարելի է համատեղել այս երկուսը»,- ավելացրել էր Սվիտալսկին:

ԵՄ-Հայաստան այս «փոխհրաձգությունների» համատեքստում հետաքրքիր է դիտարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: