Վարորդական վկայական «գնելու» թեման փակվե՞ց

Jul 21, 2018 Comments Off on Վարորդական վկայական «գնելու» թեման փակվե՞ց

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվեցին Ճանապարհային ոստիկանության մի շարք պաշտոնյաներ: Մասնավորապես պաշտոնանկ եղան Կոտայքի, Արմավիրի, Իջեւանի ու Գորիսի հաշվառման քննական խմբի պետերը։

ՀՔԲ–ները, ինչպես հայտնի է, այն կառույցներն են, որտեղ քաղաքացիները դիմում են վարորդական իրավունք ստանալու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է քննություն հանձնել, բայց հեծանիվ հորինած չենք լինի, եթե ասենք, որ քննության փոխարեն շատերը պլստացել են գումար, այն է՝ կաշառք տալու միջոցով:

«Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ այս պաշտոնանկությունները վարորդական իրավունքների վաճառքի ավարտը կարող են լինել: Ճանապարհային ոստիկանության կողմից իրեն տրամադրված նյութերի համաձայն, 2016 թ. Երեւանում գործնական քննությամբ տրամադրված վարորդական իրավունքների թիվը 60–70% էր, այսինքն՝ երեք քննություն հանձնողներից երկուսը հաղթահարում էր շեմը, մեկը պետք է վերահանձներ: Մինչդեռ Կոտայքի մարզում, որտեղ ավելի փոքր է բնակչությունը, տրամադրված վարորդական վկայականներն ավելի շատ են եղել:

Վարորդական հասարակության շրջանում գիտեն, որ Երեւանում քննություն չհանձնելու դեպքում կարելի է գնալ Կոտայքի ՀՔԲ ու այնտեղ շատ հեշտ ստանալ վկայական: Ըստ Ղահրամանյանի՝ Կոտայքում քննություն հանձնողների 90–98%–ը վկայկան էր ստանում: Նույն պատկերն էր նաեւ Արարատի եւ Արմավիրի մարզերում: 2017 թ. պատկերն էլ ավելի վատն էր: Բոլոր մարզերում մոտ 100% արդյունավետություն կար գործնական քննության համար, նույնը 2018 թ. առաջին չորս ամիսների տվյալների համաձայն:

Ղահրամանյանի խոսքով՝ այստեղ մի քանի ենթադրություն կարող է լինել. կա՛մ այդ թեստային տարբերակները շատ հեշտ են, կա՛մ քննություն հանձնողները շատ խելացի են, կա՛մ այլ ձեւով է ընթանում քննությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: