Հարձակումն ուժգնանում է. ուղղակի շանտաժ՝ Փաշինյանի կառավարությանը

Jul 22, 2018 Comments Off on Հարձակումն ուժգնանում է. ուղղակի շանտաժ՝ Փաշինյանի կառավարությանը

Ռուսաստանից վերջին տարիներին պարբերաբար Հայաստանի ուղղությամբ տարատեսակ մեկնաբանություններ, խայթոցներ եղել են Հայաստանի շուրջ այս կամ այն զարգացումների առիթով, իհարկե՝ փորձագետների, լրագրողների, որոշ ռուս պատգամավորների մակարդակով:

Ամեն անգամ Արևմուտքի հետ ինչ-ինչ գործընթացների առիթով Ռուսաստանում խանդի տեսարաններ են ստեղծել: Բացառություն չէր նաև վերջերս Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցը:

Հայաստանը դառնում է Ուկրաինայի երկվորյակ քույրը, այդ փաստն է՛լ ավելի տխուր է, քանի որ դեռ բոլորովին վերջերս Երևանը շատ հավատարիմ էր Մոսկվային, առնվազն շատ ավելի, քան մնացած անկախ կովկասյան հանրապետությունները, երեկ գրել է ռուսական Lenta.ru կայքը` «Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով» վերնագրված հոդվածում: Այժմ երկկողմ համագործակցության հեռանկարների մասին անհրաժեշտ է լուրջ խորհել, և այդ ուղղությամբ մտքերը ոչ մի լավ բանի մասին չեն վկայում, գրում է հոդվածագիր Կոնստանտին Լյապունովը:

Նման տխուր եզրակացությունների են դրդում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որոնք կրկնում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի քայլերը, իսկ վերջինիս հետ բարեկամությունը չստացվեց, գրում է Լյապունովը։

Հեղինակը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններում առավել մտահոգիչ է դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը: Ընդ որում, ըստ երևույթին, նա ցանկանում է ոչ թե պարզապես ինտեգրվել քաղաքական շրջանակներին, այլև ինչ-որ կերպ ցանկանում է երկիրն ինտեգրել Ռուսաստանի նկատմամբ թշնամական ՆԱՏՕ-ի դաշինքում, կամ ցուցադրելով իր կապերն այդ դաշինքի հետ՝ փորձում է Մոսկվայից հետագա համագործակցության համար հատուկ պայմաններ կորզել: Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրի միակ ղեկավարն էր, որը ներկա է եղել Բրյուսելում հուլիսի 11-13-ն անցկացված դաշինքի գագաթնաժողովին:

Հեղինակը նշում է, որ ռուսական լսարանին Բրյուսել այցը ներկայացվել է որպես ընդամենը գործնական այց, որի ընթացքում Հայաստանի վարչապետը հնարավորություն է ունենալու ծանոթանալ համաշխարհային առաջնորդների հետ: Դա գուցե այդպես է, բայց կա երկու «բայց», գրում է հեղինակը: Դրանցից մեկն այն է, թե այդ ինչ ռազմական դաշինք է, որի նիստերին կարող է ցանկացած մեկը, թեկուզ՝ երկրի ղեկավար, ներկա լինել և այնտեղ զբաղվել իր գործունեությամբ, ինչը ոչ մի կերպ կապված չէ ՆԱՏՕ-ի գործունեության հետ: Երկրորդ «բայց»-ը Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունն է, քանի որ կա՛մ պատահաբար, կա՛մ մտածված՝ Հայաստանի վարչապետն «իր կառավարությունը ձևավորել է փաստացիորեն ռուսաֆոբներից»:

Ստացվում է, որ Հայաստանը գլխավորողներից միակը, որը հայտարարում է Ռուսաստանի հետ երկարաժամկետ և սերտ կապերի մասին, մնացել է միայն ինքը՝ Փաշինյանը, իսկ ՌԴ-ի նկատմամբ ցանկացած ոչ բարեկամական քայլ կարելի է բարդել շրջապատի վրա: Ընդ որում, որպեսզի ոչ բարեկամական քայլեր չլինեն, Ռուսաստանը պետք է պայմանավորվի «խաղաղության միակ աղավնու»՝ Նիկոլ Փաշինյանի հետ, որը «կարող է հանդարտեցնել իր մերձավոր շրջապատի մոլի արևմտամետներին, իհարկե՝ ոչ անվճար»: Հեղինակը նշում է, որ կարելի է ենթադրել, որ Հայաստանի նոր վարչապետի գործողությունները հիմնվում են հենց նման տրամաբանության վրա, այսինքն՝ սովորական շանտաժի վրա: «Այլապես ինչպե՞ս ընկալել բրյուսելյան այցը»,- գրում է հեղինակը:

Այս հոդվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ իսկական սադրանք: Մոսկվան իսկապես, տպավորություն է ստեղծվում, որ գնում է Փաշինյանի իշխանությանը սադրելու ուղով: Հայաստանն այսօր համեմատել Ուկրաինայի հետ՝ ուղղակի աբսուրդ է: Ավելին, պաշտոնապես Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ձգտում է Ռուսաստանի հետ ավելի խորացնել հարաբերությունները:

Սա իսկապես ռուսական շանտաժ է, որով փորձ են անում Փաշինյանից ինչ-ինչ քայլերի հասնել: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին մասնակցել է նաև Հայաստանի նախկին նախագահը, Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ անդամ հանդիսանալ, հետևաբար թեկուզ ռուսաստանյան պարբերականում նման հոդվածները ցույց են տալիս, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանին վերաբերել որպես իր կցորդի, այլ ոչ՝ անկախ պետության:

Ի դեպ, ռուսական հիստերիան շարունակվում է այն դեպում, երբ Փաշինյանը Բրյուսելում իր բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծեց, որ հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, ըստ այդմ՝ չի փոխվել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը․ մեր երկրի օրակարգում չի կարող լինել ՀԱՊԿ-ում անդամությունը չեղարկելու կամ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարց։ Ավելին, Բրյուսելում Փաշինյանը նույնիսկ քննադատել է եվրոպացի պաշտոնյաներին:

Հետևաբար, ռուսական կողմն այլ «փորացավ» ունի: Հավանաբար, Ռուսաստանի մտավախությունը Հայաստանի քաղաքակրթական ապագան է, եթե իհարկե, Փաշինյանի կառավարությունը հաջողի: Խնդիրն այն է, որ Հայաստանի զարգացման այդպիսի հեռանկարները որևէ կերպ չեն նմանվի պուտինյան Ռուսաստանին:

Ահա, թերևս, այս մտավախությունն ունեն Ռուսաստանում:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: