Փաշինյանը հասավ Լուկաշենկոյին

Jul 22, 2018 Comments Off on Փաշինյանը հասավ Լուկաշենկոյին

ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եվրառադիոյին» տված հարցազրույցում:

«Բելառուսի հետ լավ հարաբերություններ ունենք, բայց, կարծում եմ, մենք նաև մեծ ներուժ ունենք և պետք է իրացնենք այն: Անշուշտ, մտահոգություններ կան կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուս զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Գիտեք նաև, որ այդ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ»,-ասել է Փաշինյանը:

Առհասարակ, Հայաստանի դաշնակիցների հարցում, ինչպես երևում է Հայաստանի բախտը չի բերում: Դաշնակիցներից մեկը՝ Բելառուսը շարունակում է զինել Ադրբեջանին, զուգահեռաբար ԼՂ կարգավորման գործընթացում հավակնությունն էր ցուցաբերում:

Հիշեցնենք, անցյալ ամսվա վերջին բելառուսական «ԲԵԼՏԱ» գործակալությունը վկայակոչել էր ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նախարարին տեղեկացրել էին հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի և ԼՂ կարգավորման հարցում գործադրվող ջանքերի մասին: Վերոնշյալ հանդիպման ընթացքում քննարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդի հարցեր, ինչպես նաև Բելառուսի հնարավոր ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործում:

Ու այս ամենն այն դեպքից հետո, երբ վերջերս պարզ դարձավ, որ Բելառուսը մի երկիր է, որն ակտիվորեն զինում է Ադրբեջանին: Ավելին՝ Բաքուն ցուցադրեց բելառուսական սպառազինությունը:

Ի դեպ, Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն է՝ նույն քաղաքականություն է վարում. թե՛ մասնակցում է ղարաբաղյան խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, թե՛ զինում է Ալիևին:

Հավելենք, որ Ադրբեջանը Բելառուսից վերջերս ձեռք բերեց «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Հայաստանին ու Արցախին պե՞տք են նման դաշնակիցներ, առավելևս՝ կարգավորմամբ զբաղվող միջնորդներ, որոնք Ալիևին են զինում և նրա շահերն են պաշտպանում…

Այս առումով, Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին՝ տեղին է, իհարկե: Բացի այդ, նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանն էր հայկական կողմի մտահոգությունը հայտնել Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինության առնչությամբ:

Այստեղ, սակայն, կարևոր է մեկ այլ հարց՝ ինչպես վարվել, արտաքին քաղաքական-դիվանագիտական ինչ քայլերի դիմել, որպեսզի Բելառուսը Հայաստանի հանդեպ կատարի իր դաշնակցային պարտավորությունները ու չզինի Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։

Այնպես որ, կան արտաքին քաղաքական ուղղություններ, որտեղ Փաշինյանի նոր կառավարությունը, այնուամենայնիվ, փոփոխություններ պետք է անի, այլապես, ամեն ինչ կման նույն բարդ իրավիճակում, եթե չասենք նույն ճահիճում:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: