Խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայատվել

Jul 19, 2018 Comments Off on Խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայատվել

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի:

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված 5 քրեական գործ, որոնք, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում: Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման ու իրացմանն առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Արդյունքում՝ բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր, տվյալներ ստացվել՝ դրանց ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ։

Քննության արդյունքներով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից մեկը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր է: Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: