Երկու տարի արտակարգ դրություն. Հին Էրդողան՝ ԱՄՆ-ի հետ նոր հարաբերություններ

Jul 20, 2018 Comments Off on Երկու տարի արտակարգ դրություն. Հին Էրդողան՝ ԱՄՆ-ի հետ նոր հարաբերություններ

Հետաքրքրական իրադարձություններ են տեղի ունենում Թուրքիայում՝ այս օրերին: Թուրքիայի կառավարությունն արտակարգ դրությունը չեղարկելու մասին օրինագիծն ուղարկել է խորհրդարանի նախագահի գրասենյակ՝ այն օրենսդիր մարմնի քննարկմանը ներկայացնելու և հաստատելու համար: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թուրանը լրագրողներին ասել է, որ արտակարգ դրությունը վերացվելու է հուլիսի 18-ին, հավելելով՝ ահաբեկչության դեմ պայքարը դրանով չի ավարտվելու:

Վերջին անգամ Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել էր անցած ապրիլի 18-ին: Դրանից երկու օր առաջ ԺՀԿ-ականները հանրահավաք էին անցկացրել «Մենք ժողովրդավարություն ենք ցանկանում, ոչ՝ արտակարգ դրությանը» կարգախոսով: Անցած կիրակի լրացավ հեղաշրջման փորձի 2-րդ տարին, իսկ հեղաշրջման փորձի օրը՝ հուլիսի 15-ը, Թուրքիայում հայտարարվել է «Ժողովրդավարության և ազգային միասնության օր»: Անցած կիրակի ելույթ ունենալով Ստամբուլում անցկացված հանրահավաքում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է. «Մենք կտրեցինք ութոտնուկի շոշափուկները, որը Փենսիլվանիայի հրեշն աճեցրել է կեղծիքի, ստի ու գաղտնիության մեջ»:

Թուրքիան արդեն երկու տարի է՝ ապրում է արտակարգ դրության պայմաններում: 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից 5 օր անց, հուլիսի 20-ին, Թուրքիայում արտակարգ դրություն հայտարարվեց: Հեղաշրջմանը մասնակցելու, օժանդակելու կամ «գյուլենական» լինելու կասկածանքով իշխանությունները տասնյակ հազարավոր մարդկանց կալանավորեցին, դատապարտելով ազատազրկման կամ հեռացնելով պետական, զինվորական ու քաղաքացիական ծառայությունից: Հեղաշրջման արդյունքում զոհվեցին շուրջ 250 զոհեր:

Թուրքիայի իշխող վարչակազմն ահաբեկչության դեմ պայքար ասելով՝ առաջին հերթին նկատի ունի պայքարը ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող թուրք կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի և նրան առնչվող կառույցների դեմ: Գյուլենին Անկարան մեղադրում է 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Նախօրեին Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը, ելույթ ունենալով Ստամբուլում անցկացված գիտաժողովում, ասել է․ «Ահաբեկչության բոլոր տեսակների, հատկապես Գյուլենի ահաբեկչական կազմակերպության դեմ վճռական ու հետևողական պայքարը շարունակվելու է մինչև վերջ»: Նույն ելույթում նա գովաբանել է թուրք իրավապահների գործունեությունը, շեշտելով՝ հեղաշրջման փորձին ուղղակիորեն առնչվող բոլոր գործերի հետաքննությունն ավարտվել է, բացառությամբ մեկի: Դատարաններ ուղարկված այդ գործերով ցմահ ազատազրկման կամ երկարատև բանտարկության է դատապարտվել 2382 մարդ:

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն իշխանություններին պարբերաբար հորդորում էր չերկարաձգել արտակարգ դրության ժամկետը: 2016 թվականից մինչ այժմ իշխանություններն արդեն յոթ անգամ երկարաձգել են այն: Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նշում են, որ արտակարգ դրության ռեժիմն իշխանությունները որպես գործիք են օգտագործում՝ Թուրքիայում այլախոհությունը ճնշելու համար:

Արևմուտքը, իրավապաշտպան խմբերը, Անկարային բազմիցս քննադատել են, պնդելով, որ հակաահաբեկչական պայքարի քողի տակ Թուրքիայի իշխանությունները հաշվեհարդար են տեսնում իրենց քննադատների հետ:

Ակնհայտ է, սակայն, որ Թուրքիայում արտակարգ դրությունը վերացվում է նախագահական ու խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններից հետո, որի արդյունքում Էրդողանն էլ ավելի ամրապնդեց իր իշխանությունը:

Հիմա օրակարգում է հարցը՝ կհանձնի արդյո՞ք Վաշինգտոնը Ֆեթուլահ Գյուլենին… Երկու տարի է անցել Թուրքիայում հեղաշրջման փորձի իրականացումից: Այն իր ազդեցությունն է թողել նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Վերջին շրջանում նկատվում է Վաշինգտոնի դիրքորոշման որոշակի փոփոխություն հօգուտ նախագահ Էրդողանի:

Հուլիսի 15-ին լրացավ Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձի երկրորդ տարին, որն Էրդողանին իշխանությունից հեռացնելու նպատակ ուներ: Էրդողանը բազմիցս մեղադրել է Միացյալ Նահանգներում բնակվող թուրք վտարանդի հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենին՝ հեղաշրջումը կազմակերպելու գործում դեր ունենալու մեջ: Վաշինգտոնն այս հեղաշրջման փորձն օրերս անվանել է հարձակում ժողովրդավարության դեմ և վերահաստատել իր աջակցությունն Անկարային ու Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտներին:

Չնայած Վաշինգտոնի ու Անկարայի միջև առկա են բազմաթիվ տարաձայնություններին՝ Թրամփի վարչակազմը մեծ ջանքեր է գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար: Սակայն Անկարան էլ իր հերթին շարունակում է պահանջել թուրքական իրավապահ մարմիններին արտահանձնել Ֆեթուլահ Գյուլենին:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: