Բանավեճ՝ ԸՕ քննարկման ժամանակ
Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբում կրկին լարվածություն առաջացավ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների և վարչապետին կից ընտրական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի միջև:
Նախ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ պետք է հասկանալ, մենք թույլ տալի՞ս ենք, որ ընտրողը մասնակցի մանդատների բաշխմանը. եթե թույլ չենք տալիս՝ փակ ցանկ է, եթե թույլ ենք տալիս, ապա այս կամ այն մոդելով բաց մոդել է:
Դաինել Իոաննիսյանն էլ նշեց, որ կառավարության ծրագիրում գրված է, որ պետք է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից:
ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանն էլ հարցրեց. «Պարոն Իոաննիսյան, ռեյտինգային ասելով դուք հասկանում եք տեսական գրականության մեջ եղած սահմանո՞ւմը, թե այն, ինչը դուք եք հասկանում ռեյտինգային ասելով»:
Իոաննիսյանն արձագանքեց. «Կարևոր չէ, թե ես ինչ եմ հասկանում, ռեյտինգային ընտրակարգն արգելող դրույթը գրված է կառավարության ծրագրում և եթե ձեզ համար հասկանալի չէ, թե կառավարության ծրագրի այս կամ այն եզրույթը ինչ է նշանակում, կարծում եմ՝ կարելի էր դա այն ժամանակ հարցնել: Ես կառավարության ծրագիրը չեմ ներկայացնում»:
Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ եթե շատ լայն մոտենանք, ապա փակ ցուցակներով համամասնականն էլ է ռեյտինգային, քանի որ ռեյտինգավորում ենք կուսակցություններին: