ՀՖՖ-ում հերքում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը

Jul 17, 2018 Comments Off on ՀՖՖ-ում հերքում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց ֆեդերացիայի մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը:

Մամուլում այսօր տեղեկություններ են տարածվել, որ հրավիրվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր մարմնի արտահերթ նիստ, ու Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել: Այդուհանդերձ, ֆեդերացիայի ներկայացուցչի պնդմամբ, գործադիր մարմնի նիստ եղել է, սակայն Հայրապետյանի հրաժարականի մասին խոսք չի եղել, այլ քննարկվել են ընթացիկ հարցեր:

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Ռուբեն Հայրապետյանին հնարավոր է փոխարինի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի առաջադրման հարցը գուցե քննարկվի, եթե գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական ներկայացնի կամ տեղի ունենան ֆեդերացիայի ղեկավարի նոր ընտրություններ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: