Պուտինը հանձնեց գնդակը Թրամփին. Սառույցը հալչում է

Jul 18, 2018 Comments Off on Պուտինը հանձնեց գնդակը Թրամփին. Սառույցը հալչում է

Երեկ ողջ աշխարհի ուշադրությունը Հելսինկիի ուղղությամբ էր՝ Թրամփ-Պուտին հանդիպմանը: Դա մի հանդիպում էր, որն, անկասկած, աշխարհում քաղաքական-տնտեսական գործընթացներում իր ազդեցությունն է ունենալու:

Հելսինկիում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի այդքան սպասված առաջին պաշտոնական հանդիպումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովն էր 2010 թվականից ի վեր:

Թրամփն ու Պուտինը նախ զրուցել են դեմ առ դեմ՝ միայն թարգմանիչների ներկայությամբ: Ապա` տեղի է ունեցել ընդլայնված կազմով երկու պատվիրակությունների հանդիպումը, որին հաջորդել է հանդիսավոր ճաշը: Դրանից հետո տեղի է ունեցել երկու ղեկավարների համատեղ ասուլիսը:

Առաջինը խոսել է նախագահ Պուտինը, ով ասել է, որ կողմերը բաց և անկեղծ քննարկել են առկա խնդիրները: Նրա փոխանցմամբ, այսօր նախանշվում են այն քայլերը, որոնք թույլ կտան վերականգնել երկու երկրների հարաբերությունները: Պուտինն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը ունեն հատուկ պատասխանատվություն աշխարհի առաջ, քանի որ միջուկային գերտերություններ են: Ռուսաստանի նախագահը նշել է, որ կողմերը խոսել են Սիրիայի, Ուկրաինայի, միջուկային սպառազենի մասին, Կորեական թերակղզու զարգացումների և հրատապ այլ թեմաների մասին: «Մենք ունենք տարաձայնություններ, բայց դրանք քննարկում ենք», – ասել է Պուտինը:

Ասուլիսում նա անդրադարձել է նաև 2016թ. ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտությանն առնչվող խնդրին՝ հերթական անգամ պնդելով, որ Մոսկվան երբևէ չի միջամտել և չի միջամտում ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին: Նա խոստովանել է, որ ընտրություններում ցանկացել է հաղթող տեսնել Թրամփին, «քանի որ այդ թեկնածուն խոսել է մեր երկրի հետ կապերը բարելավելու անհրաժեշտության մասին»:

Նախագահ Թրամփը, իր հերթին, վերստին պնդել է, որ ընտրությունների հարցում ոչ մի պարագայում շահերի բախում չի եղել, որ ինքն ազնիվ պայքարում է հաղթել Հիլարի Քլինթոնին: Նա ասել է, որ ԱՄՆ-ի համար չափազանց կարևոր է Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը, քանի որ դա են ուզում Ամերիկայի ժողովուրդը, Ռուսաստանի ժողովուրդը և ամբողջ աշխարհը: «Մենք գիտենք մեր համագործակցության արժեքը», – ասել է Թրամփը՝ հիշեցնելով, որ դեռ Երկրորդ աշխարհամարտում երկու երկրները համատեղ պայքարել են ֆաշիզմի դեմ: «Մենք հիմա առաջին քայլերն ենք անում դեպի պայծառ ապագա՝ հիմնվելով համագործակցության և խաղաղության արժեքների վրա: Երկխոսություն հաստատելու փորձի մերժումը ոչ մի տեղ չի հասցնի», – ասել է Թրամփը:

Ասուլիսի ընթացքում Թրամփը գովեստով է խոսել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լավ անցկացման մասին, իսկ Պուտինն ԱՄՆ-ի ղեկավարին նվիրել է առաջնության գնդակը: «Որ ասում եք, թե Սիրիայի հարցում գնդակը մեր դաշտում է, թող հիմա բոլորը տեսնեն, թե ում դաշտում է», – կատակել է Պուտինը և մաղթել, որ ԱՄՆ-ը հաջողությամբ անցկացնի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Թրամփն ասել է, որ այդ գնդակը կփոխանցի իր կրտսեր որդուն՝ Բերոնին:

Այսպես, ռուս-ամերիկյան հարաբերություններում սառույցը հալչում է: Համենայնդեպս, առաջին քայլն արված է դրան հասնելու համար: Երեկ Պուտին-Թրամփ հանդիպումը շատերն էին կանխատեսել, որ վաղ թե ուշ, կկայանա, դեռ ամիսներ առաջ, երբ ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը գագաթնակետին էր հասել:

Ի դեպ, մինչ Թրամփն ու Պուտինն առաջին քայլեր արեցին, այսպես ասած՝ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից, զուգահեռաբար Մոսկվան դատապարտեց Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Ուկրաինայում անցկացվեցին ՆԱՏՕ-ի հովանու ներքո ռազմական զորավարժությունները, որին մասնակցում էին նաև Վրաստանի ու Մոլդովայի զինված ուժերը: Զորավարժությունների ժամանակ ուկրաինական և մոլդովական հատուկ ստորաբաժանումները փորձարկել են դեսանտային ուժերի միասնական գործողություններ, որոնք, ըստ զորավարժությունների սցենարի, ծովափնյա շրջաններում վարում էին ռազմական գործողություններ օդային ուժերի աջակցությամբ: Այս զորավարժությանը մասնակցել են նաև ամերիկյան և վրացական ստորաբաժանումներ:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի «Ծովային զեփյուռ» զորավարժություններն անցկացվում են 1997-ից: Այս տարի հուլիսի 9-ից մինչև հուլիսիս 21-ն ընթացող զորավարժություններին մասնակցում են 19 երկրներ, որոնց մեծ մասը հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ: Ռուսաստանի արտգործնախարարությունը դատապարտել է զորավարժությունները՝ դրանք անվանելով լարվածության մեծացման փորձ:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: