Փոստանջյանի անակնկալները դեռ առջեւում են

Jul 18, 2018 Comments Off on Փոստանջյանի անակնկալները դեռ առջեւում են

Երեւանի քաղաքապետարանում  ավագանու արտահերթ նիստում տապալվեց քաղաքապետի արտահերթ ընտրությունը։ Միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր։ Տասնյակ քաղաքացիներ եկել էին քաղաքապետարան իրենց աջակցությունը հայտնելու Փոստանջյանին, թեպետ թվում էր թավշյա հեղափոխության օրերին, երբ նրան մերժեցին ու թույլ չտվեցին հարթակից ելույթ ունենար, ավարտվել էր Փոստանջյանի էպոխան։
Ավագանու նիստին մասնակցում էին ավագանու հինգ անդամ՝ Փոստանջյանը իր երկու զինակիցների՝ Սոնա Աղեկյանի եւ Մարինա Խաչատրյանի հետ, ժամանակին «Երկիր Ծիրանիից» հեռացած Հայկ Պետրոսյանն ու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը։ Ինչպես նախապես հայտարարել էին՝ ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները չէին մասնակցում նիստին եւ առաջադրված թեկնածու չունեին, իրենք կողմ են ավագանու արտահերթ ընտրություններին։ Մինչ նիստի մեկնարկը՝ Փոստանջյանը ՀՀԿ-ի դատարկ շարքերին նայելով հայտարարեց, թե ՀՀԿ-ն միշտ է եղել դասալիք, այսօր նույնպես դասալիքի կարգավիճակում են, չեն եկել նիստին, թեպետ հենց իրենք էին քվեարկում, որ նիստը հուլիսի 16-ի անցկացվի։

Փոստանջյանի խոսքով՝ մեկ տարի առաջ ստանձնած առաքելությունը՝ գրավել քաղաքապետարանը, մաքրել քաղաքապետարանը աղբից, կեղտից և կոռուպցիայից, մասամբ իրականացրել են: «Ինչպես և խոստացել էինք՝ Տարոն Մարգարյանի կյանքը վերածել դժոխքի, այդ խոստումը նույնպես մենք փորձել ենք կատարել, և կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է: Այս պահին Երևանի քաղաքապետարանն ազատված է ՀՀԿ ոհմակից, բայց առջևում դեռ պայքար ունենք տանելու: Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու՝ առաջիկա ավագանու ընտրություններին: Մենք կառուցելու ենք մեր Երևանը, այդ քանդված և աղտոտված վիճակը վերացնելու ենք, Երևանը, ինչպես օրինակելի քաղաք, պետք է ծառայի մեր քաղաքացիներին»:

Սակայն Փոստանջյանի ելույթը դատարկ դահլիճում էր, իսկ ՀՀԿ-ից որեւէ մեկը չվերադարձավ դահլիճ եւ տապալվեց քաղաքապետի ընտրությունը։ Քաղաքապետ չընտրվելուց հետո Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ մտադիր է ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու իր թեկնածությունը․ «Այս պահին էլ մենք վիճարկում ենք այս ավագանու ընտրական կարգը: Շուրջ մեկ տարի առաջ Տարոն Մարգարյանի շտաբում մենք ընտրակեղծարարություն բացահայտեցինք, որին սակայն ընթացք չտրվեց: Ավելին՝ մեր նկատմամբ բռնություն կիրառվեց: Ինձ երևանցիները պետք է ընտրեն, նրանց կամքը և ցանկությունն է քննարկվում»։

Հարցին՝ «Ելք»-ն ու ՀՀԿ-ն քվորում չապահովեցին, ինչպե՞ս է դա գնահատում, Փոստանջյանը պատասխանեց. «Իրենց ուղղեք հարցը, իրենց հարցրեք, թե ինչու են միմյանց միացել»:

Դժվար չէ կռահել, թե ինչու է ՀՀԿ-ն միացել Ելք-ին, պարզ, քաղաքագիտական տրամաբանությունը հուշում էր, որ ՀՀԿ-ն կարող էր «մատ» անել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ ընտրելով Զարուհի Փոստանջյանին։ Միգուցե անբռնազբոս, միգուցե էքսցենտրիկ, անկառավարելի ու երբեմն իր խենթությունների մեջ յուրօրինակ Փոստանջյանի թեկնածությունը լավագույնը չէ քաղաքային իշխանության պատասխանատվությունը ստանձնելու առումով, ի վերջո Երեւանում է կենտրոնացված Հայաստանի տնտեսության առյուծի բաժինը, եւ քաղաքապետի պաշտոնում իրապես հմուտ կառավարիչ է հարկավոր։ Սակայն Փոստանջյանի աջակցության եւ նրա քաղաքապետ դառնալով լուծվելու էր ՀՀԿ-ի լինել-չլինելու հարցը։ Ավագանիում մեծամասնություն ունեցող խմբակցությունն այդ պարագայում կարող էր փաստացի իշխանությունն իր ձեռքը վերցնել, մինչեւ կմաքրվեին ջրերը եւ քաղաքապետին անվստահության իր շանսից կօգտվեր։ Մյուս կողմից՝ եթե Զարուհի Փոստանջյանը ընդունելի չէ քաղաքական ուժերի կողմից, ով է նրա այլընտրանքը՝ Կարգին Հայկո՞ն, ում թեկնածությունն են պատրաստվում Նիկոլ Փաշինյանի թիմում առաջադրել որպես քաղաքամայրի ղեկավարի պաշտոնում։ Ընդունելով նրա դերասանական տաղանդը, եւ ինչպես ինքն է ասում՝ որեւէ սերիալում չձախողվելու փաստը, բայց չէ որ Հայաստանը սերիալային հասարակություն չէ, Երեւանն էլ՝ մեծ բեմ։ Սա ծանրակշիռ արգումենտ է, որը Զարուհի Փոստանջյանը արտահերթ ընտրություններում խաղաքարտ կսարքի, այնպես որ Փաշինյանի կառավարությանը սպասվող անակնկալները դեռ առջեւում են։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: