Դեսպանի դաստիարակչական «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

Jul 20, 2018 Comments Off on Դեսպանի դաստիարակչական «ապտակը» Նիկոլ Փաշինյանին

«Մենք պետք է ստանանք կոնկրետ գաղափարներ մեր հայաստանյան գործընկերներից, որոնք պետք է քննարկենք ու առաջ տանենք»,- հրավիրած aսուլիսում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ իրենք պատրաստ են փոխել գաղափարները, բայց հայկական կողմից քայլեր պետք է տեսնեն: «Մեր հարաբերությունների իրավական ու քաղաքական հիքմը համապարփակ համաձայնագիրն է ու գործընկերության փաստաթուղթը: Եթե հայկական կողմը կարծում է, որ այս փաստաթղթերը պետք է ավելի ուժեղացվեն, ցույց տան նոր որակ, մեզ անհրաժեշտ են կոնկրետ գաղափարներ: Ի՞նչ կուզենք, որ փոխվի մեր քաղաքականության մեջ, կոնկրետ: Այս հարաբերությունների քաղաքական օրակարգը սահմանվում է գործընկերության առաջնահերթություններ կոչվող փաստաթղթով, որ բանակցվել էր նախքան ապրիլյան իրադրաձությունները: Մենք հասկանում ենք, որ նոր կառավարությունը գուցե կարող է ունենալ նոր գաղափարներ այն մասին, թե ինչպես կարելի է փոխել այս փաստաթուղթը, և մենք պատրաստ ենք քննարկել դա»,- ասել է նա։

Սվիտալսկիի հայտարարությունն ըստ էության պատասխան էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որն արվեց վերջերս բրյուսելյան այցի ընթացքում։ Օրեր առաջ նա անդրադարձել էր ԵՄ-ից սպասվող ֆինանսական աջակցությանը և այն, ըստ էության, ոչ բավարար գնահատել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական-տնտեսական տրանսֆորմացիաների ֆոնին: Նա նույնիսկ շեշտել էր, որ ԵՄ-ից տրվող աջակցությունն ավելացել է 10 միլիարդով, մինչդեռ ինքը մեկ կոռումպացված պաշտոնյայի թափ տալուց այդքան գումար կվերցնի։ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ըստ էության, պատասխանում է Փաշինյանին և պատասխանը ավելի քան խոսուն է, այն կարճ-կոնկրետ բացահայտում է պայմանները, որոնց համապատասխանելու պարագայում Փաշինյանը և նրա կառավարությունը հնարավորություն կստանան օգտվել ԵՄ դոտացիաների ավելի լայն պորտֆելից: Իսկ եթե երեւույթը քննենք մանրամասնությունների ու նյուանսների մեջ, ապա պարզ առնվազն ծիծաղելի էր ակնկալելը, թե քաղաքակիրթ Եվրոպան, որն ունի իր սկզբունքներն ու արժեքները, որը խաղի իր կանոններն է թելադրում, եւ ոչ թե ինքն է հարմարվում այլ պայմանների հետ, ծնկները ծալվեր երկամսյա կյանք ունեցող իշխանություններից, որոնց գործողությունները ծավալվել են բացառապես իրավական հարթությունում եւ բովանդակային ու ծրագրային առումով կառավարությունը դեռեւս չի համոզել, թե կոնկրետ կոռուպցիայի դեմ պայքարը արդյոք միայն քաղաքական նպատակներով չեն արվում, մի կողմից՝ կոռումպացված չինովնիկների դեմ արշավով սեփական իշխանության վարկանիշը բարձրացնելու ու բյուջեն լցնելու նպատակով, մյուս կողմից՝ ՀՀԿ-ին եւ նոր իշխանությանը վտանգ ներկայացնող ցանկացած այլ ուժի ախորժակը զսպելու, հիմնովին զինաթափելու համար։

Ի վերջո, ցանկացած երկրում ժողովրդավարության հաստատման լավագույն միջոցներից մեկը, եթե չասենք՝ գլխավորը ընտրություններն են, իսկ Փաշինյանի իշխանությունը դեռ չի ապացուցել իր վճռականությունն այդ եւ այլ հարցերում եւ այն, թե այդ գործողությունների նպատակն  կհանգեցնի արդյոք արտաքին կուրսի փոփոխության վերջնարդյունքի։ ԵՄ դեսպանը պատահական չի հիշատակում այն փաստը, որ հայ հասարակության 70 տոկոսը այսօր վստահում է ԵՄ-ին և հակառակը՝ ԵԱՏՄ հանդեպ վստահության ակնհայտ պակաս է նկատվում: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հասցրել է ընդգծել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նպատակ այս պահին Հայաստանը չունի և շարունակելու է զարգացնել հարաբերությունները Մաքսային միության անդամ հանդիսացող երկրների և հատկապես՝ ՌԴ հետ: Գուցե հենց դա է խնդիրը, և ԵՄ-ն ցանկանում է այդ հարաբերությունների որակական և բովանդակային փոփոխություն, ինչը Հայաստանից արտաքին քաղաքական վեկտորի կոնկրետացում է ենթադրում: Սակայն, դեսպանի խոսքով, այն, ինչ այս փուլում իրենք լսում են հայկական կողմից, հետևյալն է՝ Եվրամիության հայկական քաղաքականության մեջ փոփոխություն չկա: «Իսկ դուք ասում եք հետևյալը՝ որ Հայաստանի քաղաքականության մեջ գոյություն չունեցող քաղաքականությունը պետք է արդյունքում բերի Հայաստանի նկատմամբ ԵՄ ունեցած քաղաքականությունում փոփոխության: Կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչպես կարելի է համատեղել այս երկուսը: Դա այն էր, ինչ պարոն վարչապետն ասաց: Իսկ եթե ավելի լուրջ ասենք, մեզ պետք են կոնկրետ գաղափարներ ու ակնկալիքներ, մենք պատրաստ ենք քննարկել դրանք»,- նշել է Սվիտալսկին: Ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունը իր անփորձության ու անհեռատեսության պատճառով փորձում էր փոթորիկ բարձրացնել մեկ բաժակ ջրում, այնինչ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի պահանջատիրական հայտարարություններ անի։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: