Խախտումներ նոր կառավարությունում. նախաձեռնող խումբը ահազանգում է

Jul 16, 2018 Comments Off on Խախտումներ նոր կառավարությունում. նախաձեռնող խումբը ահազանգում է

“ԿԳՆ կողմից կազմակերպված ` ուսանողներին տարկետում շնորհելու մրցույթն անցկացվել է բազմաթիվ խախտումներով, իսկ հունիսի 22 և 23-ի հարցազրույցները լի են եղել սուբյեկտիվությամբ”:

Թվում է, թե նոր կառավարությունը պետք է լիներ ուսանողակենտրոն, գնահատեր ուսանողների իրական գիտական պոտենցիալը, սակայն պարզվում է, որ ԿԳՆ խախտել է կառավարության 451-Ն որոշման առնվազն 3-4 կետ, որի պատճառով մի խումբ ուսանողներ տուժել են և անհիմն պատճառաբանությամբ չեն ստացել տարկետում: Ուսանողների բողոքին ի պատասխան, ԿԳՆ նախարարը հորդորել է նրանց դիմել դատարան, այսպիսով, ազատվելով իր մեղքի չափաբաժնից: 0.75-3 բալի պատճառով մերժված ուսանողների խնդիրները բարձրաձայնող նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, ՀՀ ՄԻՊ-ին և խնդրել հարցին լուծում տալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվել էին, թե արդյոք նա տեղյակ է ուսանողների հանդեպ այդպիսի դրսեւորումներից, ինչին վարչապետը պատասխանել էր, որ տեղյակ չէ և անհապաղ հանձնարարել էր ուսումնասիրել հարցը և զեկուցել նրան: Որից հետո նախաձեռնող խմբին ընդունել էր վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով խնդրին ծանոթանալուց հետո զեկուցել էր վարչապետին հնարավոր բացթողումների և անհավասարության տարրերի մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին ` ուսումնասիրել ուսանողների դիմում-բողոքը և հարցին լուծում տալ: Նախաձեռնող խմբի մասնակցիներին օրեր անց ընդունել էր Դավիթ Սանասարյանը իր տեղակալների հետ և նրանց լսելուց հետո հարցին ընթացք է տրվել: Նախաձեռնող խումբը սպասում է Վերահսկողական ծառայության գործողություններին և բացի այդ պատրաստվում է հանրայնացնել և հրապարակել բոլոր խախտումները, ներգրավված անձանց անունները, իրավական փաստերը և վստահեցնում, որ արդեն իսկ ունեն իրավաբանների աջակցությունը` դատական ճանապարհով գործը հաղթելու համար: “Եթե նախկինում միայն բանավոր էինք տեղեկացնում այդ կետերի խախտումների մասին, ապա որոշակի ուսումնասիրությունից հետո իրավական ձևակերպումները հստակեցրել ենք և հանդես ենք գալու փաստերով: Մեր գործուղությունները կախված են լինելու ներկայիս կառավարության, ԿԳՆ-ի քայլերից: Ամեն դեպքում, ունենք հստակ պլան ցանկացած սցենարի դեպքում”,- հավելում են նախաձեռնող խմբի անդամները և ավելացում “Գնդակը միանշանակ իրենց դաշտում է”: Ըստ նախաձեռնող խմբի, տարկետում շնորհող օրենքը անհավասար է, կառավարության որոշումը լի է թերություններով, սակայն նոր կառավարությունը պետք է ունենա քաղաքական կամք` վերականգնելու հավասարությունը և հարցին լուծում տալու ի շահ ՀՀ քաղաքացու:

Լուսինե Միքաելյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: