Հայաստանում հնարավոր է ստանալ եվրոպական կրթական ծրագրերով բարձրագույն կրթություն.Անահիտ Հարությունյան

Jul 17, 2018 Comments Off on Հայաստանում հնարավոր է ստանալ եվրոպական կրթական ծրագրերով բարձրագույն կրթություն.Անահիտ Հարությունյան

Հարցազրույց Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ,Հայբուսակ համալսարանի ռեկտորի խորհրդական Անահիտ Հարությունյանի հետ:

 Տիկի՛ն Հարությունյան, այս տարին ճգնաժամային է բուհական ողջ համակարգի համար, քանի որ դիմորդների թիվն աննախադեպ քիչ է. գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով այս տարի մոտ եռակի անգամ քիչ հայտեր են ներկայացվել, ինչը պայմանավորված է տարիներ առաջ դպրոցներում 12-ամյա կրթության համակարգի ներդրմամբ: Ինչպե՞ս է Հայբուսակ համալսարանը դիմակայելու այս ճգնաժամին:

-Դեռ մի քանի տարի առաջ, երբ արդեն ակնհայտ էր դիմորդների նվազման   մարտահրավերը, մենք լրջորեն մտածել ենք այդ մասին և քայլեր ձեռնարկել: Նախ ընդլայնել ենք մեր միջին մասնագիտական ուսումնական հաստատության` բազային քոլեջի  և բազային ավագ դպրոցի գործունեության շրջանակը, որտեղից էլ  ամեն տարի ստանում ենք որաշակի թվով դիմորդներ:

-Այսինքն՝ Ձեր ավագ  դպրոցի և քոլեջի բոլոր շրջանավարտները պարտադիր Հայբուսակ համալսարա՞ն են դիմում:

-Ո՛չ, իհարկե, նման պարտադրանք չկա,ավելին,շրջանավարտների մեծ մասը դիմում է  Հայաստանի և արտերկրի համալսարաններ և որոշակի մասն էլ  դիմում է Հայբուսակ համալսարան: Երկրորդ հանգամանքը, որ մեզ թույլ է տալիս համեմատաբար հանգիստ լինել, դա արտասահմանցի՝ օտարազգի և սփյուռքահայ դիմորդներն են:

-Արտասահմանցի դիմորդների ներգրավումը Հայաստանի բուհերի համար բավականին բարդ խնդիր է, դուք այդ ուղղությամբ նպատակային աշխատանք կատարե՞լ եք:

Մենք վերջին տարիներին բավականին աշխատանք ենք կատարել այդ ուղղությամբ, որոշ երկրներում անգամ գրասենյակներ ենք բացել. օրինակ՝ Հնդկաստանում, Ռուսաստանում,Եվրոպական մի շարք երկրներում …: Մենք այսօր ճանաչված ենք, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում,դրա վկայությունն են 32 երկրներից մեզ մոտ սովորող ուսանողները:Արտերկրի դիմորդների տարեցտարի ավելացող թիվը մեզ թույլ է տալիս մտածել,որ որոշ մասնագիտությունների գծով թափուր տեղեր չենք ունենա: Մեզ մոտ թափուր կմնան այն մասնագիտությունների տեղերը, որոնք օտարազգի դիմորդների համար նախընտրելի չեն: Բայց ընդհանուր առմամբ, նկատի ունենալով դիմորդների աննախադեպ ցածր թվով պայմանավորված ճգնաժամը, մենք ապահովագրված ենք:

Արտասահմանցի ուսանողները ստանում են հայալեզու, թե՞ օտարալեզու կրթություն. իրավական տեսանկյունից բուհերում օտարալեզու կրթության կազմակերպումը թույլատրված է

 Այն ուսանողները, ովքեր նախընտրում են ստանալ հայալեզու կրթություն,  հիմնականում սփյուռքահայերն են, և ,բնականաբար,սովորում են հայերենով,իսկ այն արտասահմանցի դիմորդները, ովքեր չեն տիրապետում հայերենին,ստանում են անգլիալեզու և ռուսալեզու կրթություն: Լինում են նաև դեպքեր, երբ, օրինակ, Ռուսաստանից կամ Ուկրաինայից եկած հայ դիմորդները բավարար չափով հայերեն չգիտեն և նախընտրում են կրթություն ստանալ ռուսերենով: Ամեն դեպքում, ուսանողներն իրենք են ընտրում ինչ լեզվով սովորել: Մենք ապահովում ենք ռուսալեզու, անգլիալեզու և հայալեզու կրթություն:

Ի՞նչ մասնագիտություններ ունեք: 

 Տարիներ առաջ, երբ սկսվեց բուհերի խոշորացման գործընթաց, Հայբուսակ համալսարանի շուրջը համախմբվեցին պետության կողմից հավատարմագրված 5 մասնավոր բուհեր: Արդյունքում, Հայբուսակ համալսարանը, որն ի սկզբանե ուներ ընդամենը 5 մասնագիտություն, միայն բժշկագիտության և տնտեսագիտության ուղղություններով, այսօր արդեն ունի  բուհական ոլորտի գրեթե բոլոր ժամանակակից մասնագիտությունները: Ունենք հումանիտար մասնագիտությունների մեծ բլոկ՝ մանկավարժություն, հոգեբանություն, ռոմանո-գերմանական բանասիրություն, լրագրություն: Միավորման արդյունքում մենք ունեցանք  իրավագիտություն, միջազգային հարաբերություններ և այլ նոր մասնագիտություններ: Ընդհանուր առմամբ,Հայբուսակ համալսարանում այսօր գործում է 18 մասնագիտություն` բակալավրի,մագիստրոսի և անընդհատ ինտեգրված բարձրագույն կրթության ծրագրերով ու  աստիճաններով:

Ուսանողների փոքր քանակ ունեցող  մասնագիտությունները ինչպե՞ս եք կենսունակ դարձնելու:

  Այդ մասնագիտությունների համար  հետաքրքիր լուծում ենք գտել:Դրանք փորձել ենք կապել արտասահմանյան մեր գործընկեր բուհերի հետ,ներդրել ենք համատեղ ծրագրեր՝ օնլայն  դասընթացների կիրառմամբ,տարատեսակ պրակտիկ պարապմունքներով հագեցած՝ ուսումնառությունը հետաքրքիր և բազմաբովանդակ դարձնելու համար:

-Ինչ է տալիս ուսանողներին ձեր  համագործակցությունն արտերկրի համալսարանների հետ:

Ուսանողներն ուսաումնական տարվա ընթացքում մասնակցում են օնլայն  համատեղ դասընթացների,սեմինարների ,մեր ստացած միջազգային դրամաշնորհի  (Erasmus +) շրջանակներում կարող են լինել փոխայցելություններ ուսանողների միջև:Կա նաև համագործակցության կարևոր դրույթ.որը գործելու է այս ուսումնական տարվանից լրագրություն,սոցիոլոգիա,հոգեբանություն,մանկավարժություն և տնտեսագիտական մասնագիտությունների համար:

Ուսանողներին առաջարկվում է երեք տարի սովորել Հայբուսակ համալսարանում եվրոպական համատեղ ծրագրով և,հանձնելով պետական ավարտական քննություն ,ստանալ երկու դիպլոմ՝ Հայբուսակ համալսարանի և եվրոպական նմուշի.վերջինս աշխատանքի հնարավորություն է ապահովում Եվրոպայում :
Օրինակ՝ ըստ  Բոլեսլավ Պրուսի անվան Վարշավայի հումանիտար համալսարանի հետ կնքված պայմանագրի,մեզ մոտ կատարվում է ընդունելություն Վարշավայում սովորելու պայմանով:Նշենք նաև,որ Հայբուսակի ուսանողներին տրվում է տեղափոխվելու կամ մասամբ Վարշավայում սովորելու լայն հնարավորություն:

Բայց ուսման վարձը նո՞ւյնն է:

 Լեհաստանում ավելի բարձր է, քան մեզ մոտ՝ Հայբուսակում, բայց եթե համեմատենք  հայաստանյան պետական բուհերի վարձավճարների հետ, ապա ավելի ցածր է: Այնտեղ բակալավրիատի  տևողությունը 3 տարի է,մագիստրոսականինը՝ 1-2 տարի:

Տիկի՛ն Հարությունյան, անցյալ տարի Հայբուսակի բժշկական մասնագիտությունների հետ կապված աղմուկ բարձրացավ: Իսրայելից ահազանգ կար, որ այնտեղ ինչոր մարդիկ կեղծ դիպլոմներով գործունեություն են ծավալում, և նշվում էր Հայբուսակի անունը:

Շնորհակալություն, տեղին հարցը բարձրացրեցիք: Այդ խնդրի համատեքստում շրջանառվեց նաև մեր բուհի անունը, քանի որ ինչ-որ ուժեր դրանում շահագրգռված էին: Իրականում չկար որևէ փաստ կապված  Հայբուսակ համալսարանի հետ:

Եթե հիշում եք, Իսրայելից հանձնախումբ էր ժամանել Երևան նախարարի գլխավորությամբ: Նրանք այցելեցին մեզ, եղան մեր կլինիկական բազաներում, զրուցեցին մեզ մոտ սովորող շուրջ 100 իսրայելցի ուսանողների հետ, ծանոթացան մեր մասնագիտական կրթական ծրագրերին,շենքային պայմաններին,ուսումնասիրման նպատակով վերցրեցին մեր մասնագիտական կրթական ծրագրերը և արդյունքում մենք ստացանք  Իսրայելի Առողջապահության նախարարությունից գրություն այն մասին,որ Իսրայելը  պատրաստ է  ընդունել մեր շրջանավարտների դիպլոմները,ավարտական փաստաթղթերը,ինչը մեզ համար մեծ նվաճում է: Անցյալ տարվա շրջանավարտներն արդեն իսկ Իսրայելում հաստատել են իրենց դիպլոմները,սպասում ենք այս տարվա շրջանավարտների արդյունքներին:

Իսկ Հայաստանում առողջապահական  շուկայում Ձեր շրջանավարտներն ի՞նչ արդյունքներ ունեն.

  Նախ մեզ մոտ ավարտելուց հետո կրթությունը շարունակում են օրդինատուրայում,ի դեպ,ոչ միայն Հայաստանում այլև արտերկրում:
Մեր շրջանավարտները շատ լավ ինտեգրված են աշխատաշուկայում,աշխատում են Հայաստանի պետական և մասնավոր կլինականերում,կլինիկական հիվանդանոցներում, Եվրոպայում,ԱՄՆ-ում,ԱՊՀ երկրներում:
Մեր համալսարանի հնդիկ շրջանավարտների հաջողությունների շնորհիվ Հնդկաստանի դիպլոմների որակավորման կենտրոնը  գնահատեց և հաստատեց մեր համալսարանի բժշկական մասնագիտությունների դիպլոմները MCI:
Շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցում կարևոր նշանակություն ունեն կնքված համագործակցության պայմանագրերը Հայաստանի և արտերկրի առաջատար կրթական,գիտական կենտրոնների հետ:

Շրջանավարտների շարքերում կան նաև գիտության թեկնածուներ,ովքեր,կլինիկական աշխատանքի հետ զուգահեռ,աշխատում են հարազատ բուհում:
Մեր համալսարանն ունի սեփական պոլիկլինիկա, սեպտեմբերից կբացվի նաև կլինիկա՝ 6 բաժանմունքներով: Բացի այդ ունենք 17 պայմանագիր Երևանի լավագույն բժշկական կլինիկաների հետ, որտեղ կազմակերպվում են մեր ուսանողների պրակտիկ դասերը:

 

Հարցազրույցը՝  Կարինե Սարիբեկյանի 

 

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: