Կանանց վստահված ոլորտներում կան «գելուգազան» կոռուպցիոներներ, որոնք հենց այնպես չեն հանձնվի

Jul 14, 2018 Comments Off on Կանանց վստահված ոլորտներում կան «գելուգազան» կոռուպցիոներներ, որոնք հենց այնպես չեն հանձնվի

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երբ հին (շատ հին) Հայաստանում Վանո Սիրադեղյանը ծրագիր ուներ, որ ճանապարհային ոստիկանության մեջ աշխատեն նաև կանայք, դա, մեղմ ասած, միանշանակ չէր ընդունվել: Մինչդեռ տրամաբանությունը շատ պարզ էր. հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները, կարգազանց վարորդը կամաչեր կաշառք առաջարկել կին ոստիկանին, վերջինս կամաչեր կաշառք ուզել կարգազանց վարորդից: Այնուհետև այդ նախաձեռնությունը զարգացում չգտավ, փոխարենը այժմ աղջիկները Երևանում են կարգուկանոն հսկում, և դա, կարծում եմ, նույնպես դրական երևույթ է՝ կանանց ներկայությամբ մենք` տղամարդիկ, որպես կանոն, մեզ ավելի «ձիգ» ենք զգում: Վերջերս պետական պաշտոններում մի շարք կարևոր նշանակումներ են կատարվել: Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, Ինեսսա Գաբայանը` ջրային կոմիտեի նախագահ, Հռիփսիմե Գրիգորյանը՝ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ, Դիանա Գասպարյանը՝ Էջմիածնի համայնքի, իսկ Լիլիթ Ստեփանյանը՝ Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Եթե նրանց գումարենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, ինչպես նաև` մի շարք փոխնախարարների, ապա կունենանք ղեկավար մարմիններում երիտասարդ կանանց բավականին պատկառելի ներկայություն: Դա ոչ թե արևմտյան ինչ-որ «գենդերային» չափանիշների իրագործում է, այլ պետական համակարգում իրավիճակ փոխելուն ուղղված քայլ՝ նախևառաջ, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Հյուսիսային Եվրոպայի կառավարություններում և խորհրդարաններում կանայք գերակշռում են, նույն երկրներում կոռուպցիայի ցուցանիշներն ամենացածրն են: Հետազոտողները վաղուց արդեն այդ երկու փաստերի մեջ պատճառահետևանքային կապ են տեսնում: Կանայք ավելի շրջահայաց են, ավելի բարեխիղճ, նրանց մեջ ավելի թույլ է ամեն գնով հարստանալու ձգտումը: Նրանց հավակնություններն այլ տեղում են, փողի միջոցով ինքնահաստատումը կանանց մեծ մասի առաջնահերթությունների մեջ չի մտնում: Այն խնդիրները, որոնք կանգնած են հատկապես Հայաստանի զբոսաշրջության, քաղավիացիայի և ջրային տնտեսության առջև, իհարկե, ահռելի են: Այդ ոլորտներում կան «գելուգազան» կոռուպցիոներներ, որոնք հենց այնպես չեն հանձնվի: Բայց քանի որ նորանշանակ ղեկավարների վերաբերյալ այս առումով կասկածներ չկան, խնդիրները լուծելի են»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: