Ողբերգական դեպք Սևանի թերակղզում. լճից դուրս բերված 31-ամյա տղամարդը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է

Jul 12, 2018 Comments Off on Ողբերգական դեպք Սևանի թերակղզում. լճից դուրս բերված 31-ամյա տղամարդը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ թերակղզու հատվածում, քաղաքացի է ջրահեղձ լինում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին փրկարաներն ու ջրասուզակները, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ուժերով քաղաքացուն դուրս են բերել ջրից, սակայն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Ալոյանն էր: Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Անդրանիկ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: