Մի կտոր էլ հասավ Բաքվին. Երևանը դեռ առջևում է

Jul 14, 2018 Չի մեկնաբանվել

Եվրամիությունն ու Ադրբեջանը նախաստորագրեցին գործընկերության մասին համաձայնագիրը, որով կողմերը հստակեցնում են համագործակցության առաջնահերթությունները:

Պաշտոնական Բրյուսելի բնորոշմամբ՝ հավակնոտ այդ համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում քաղաքական երկխոսության, ներդրումների, տնտեսության, օրենսդրության և մշակույթի ոլորտներում:

Փաստաթղթի ստորագրմամբ Բաքուն պարտավորվում է պայքարել կոռուպցիայի, հանցավորության և ահաբեկչության դեմ, բարեփոխել պետական կառավարման ոլորտը, բարելավել ներդրումային միջավայրը։

Կողմերը սերտ համագործակցություն են ակնկալում, մասնավորապես էներգետիկ ոլորտում:

«Համաձայնագիրը, որի նախաստորագրմանը երեկ Բրյուսելում մասնակցել են Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրամիության և Ադրբեջանի արտգործնախարարներ Ֆեդերիկա Մոգերինին և Էլմար Մամեդյարովը, արտացոլում է Եվրոպական հարևանության քաղաքականության արժեքներն ու սկզբունքները, օրենքի գերակայությունն ու երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ», – ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Դրանում նշված է նաև, որ կողմերի միջև գործընկերության առաջնահերթությունները դրական ազդեցություն կունենան Ադրբեջանի և Եվրամիության ժողովուրդների բարեկեցության վրա, քանի որ ուղղված են ԵՄ-Ադրբեջան կապերի է՛լ ավելի ամրապնդմանը, հայտարարում է Եվրամիությունը:

Ադրբեջան-Եվրամիություն նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են անցյալ տարվա փետրվարին, մինչ այժմ կողմերը առաջնորդվում են 1999 թվականին Բաքվի և Բրյուսելի միջև կնքված համաձայնագրով։

Կողմերն առայժմ չեն շտապում հստակեցնել փաստաթղթի վերջնական ստորագրման ժամկետները:

Մինչ այդ, Եվրամիության օրենսդիր մարմինը` Եվրախորհրդարանը նախազգուշացնում է՝ այդ նոր համաձայնագրի վավերացումն ուղղակիորեն կախված կլինեն քաղբանտարկյալների ազատ արձակումից և կոռուպցիայի դեմ Բաքվի ծավալած արդյունավետ պայքարից:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանը նման բանաձև է ընդունել, որում ներկայացրել է նախապայմանների ծավալուն մի ցանկ։ Եվրոպացի օրենսդիրները պաշտոնական Բրյուսելին խորհուրդ են տալիս Բաքվի հետ փաստաթուղթը ստորագրել միայն դրանց կատարումից հետո: Եվրոպական խորհրդարանի անդամները, մասնավորապես, պահանջում են, որպեսզի Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումը կախված լինի ժողովրդավարության նորմերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների ցուցաբերած հարգանքից, օրենքի գերակայության և մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության վիճակից:

Այսպես, ԵՄ-ն ու Ադրբեջանը նախաստորագրեցին գործընկերության մասին համաձայնագիրը: Դա այն նույն համաձայնագիրը չէ, որը ԵՄ-ն ստորագրեց Հայաստանի հետ: Այդ փաստաթղթով Բրյուսելը Բաքվի հետ հստակեցնում է համագործակցության առաջնահերթությունները:

Երևանն այս առումով մեկ քայլ առաջ է ԵՄ-ի հետ փոխհարաբերություններում, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ԵՄ պետությունները, որոնք դեռ չեն հաստատել՝ հաստատեն: Դա ևս որոշակի երաշխիք է, որ ԵՄ անդամ պետությունները պետք է ԼՂ հարցում խաղաղ կարգավորման կողմնակից լինեն:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս երկրից ԵՄ-ն առաջիկայում ակնկալելու է իրական քայլեր կոռուպցիայի դեմ պայքարի, հանցավորության և ահաբեկչության ուղղությամբ, պետական կառավարման ոլորտում իրական բարեփոխումներ:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Մի կտոր էլ հասավ Բաքվին. Երևանը դեռ առջևում է”

Մեկնաբանել