Թող պատասխան տան նրանք, ովքեր սկսել են. Միքայել Հարությունյանի կինը խոսել է/տեսաշար/

Jul 12, 2018 Comments Off on Թող պատասխան տան նրանք, ովքեր սկսել են. Միքայել Հարությունյանի կինը խոսել է/տեսաշար/

Հայկական ժամանակը գրում է. Սեպուհի նեղլիկ փողոցի սկզբնամասում վեր է խոյանում Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված, հետախուզման մեջ գտնվող ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի շքեղ առանձնատունը: 

Միքայել Հարությունյանը երկրում չէ, եւ ինչպես մեր զրույցում փոխանցեց վերջինիս կինը՝ Սվետլանա Հարությունյանը, նախկին նախարարը Ռուսաստանի Դաշնությունում է, Մոսկվայում՝ բուժում ստանալու նպատակով: Նրա խոսքով՝ Միքայել Հարությունյանը Մոսկվա է մեկնել դեռեւս վերջին իրադարձություններից առաջ՝ մարտի 29-ին:

Սվետլանա Հարությունյանը մեզ հետ զրուցեց դռան հետեւից՝ անվտանգության համակարգի բարձրախոսի միջոցով՝ հարցերին պատասխանելով հայերենախառը ռուսերենով: Նրա խոսելու ինտոնացիայից զգացվում էր, որ շատ հուզված ու լարված է:

«Հայկական ժամանակ»-ի լրագրող ներկայանալուց հետո մինչեւ մեր հարցերը կտայինք, Սվետլանա Հարությունյանը շտապեց ասել, որ ինքը խոսելու որեւէ բան չունի.

«Ես ամեն ինչ հասկանում եմ, ուղղակի ասելու բան չունեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանում է, որ այն, ինչ կատարվել է, չպիտի լիներ, ըստ էության, նկատի ունենալով Մարտիմեկյան իրադարձությունները:

«Նա զինվորական է, նա կատարել է իր պարտականությունները»,- դեռ մեր հարցը չլսած հայտարարեց Միքայել Հարությունյանի կինը, ապա հավելեց. «Այնտեղ չի եղել կրակելու տեսագրություն… Ով դա արել է, նա պետք է…»,- այս բառից Սվետլանա Հարությունյանի խոսքը մի պահ ընդհատվեց՝ խոսափողի անջատվելու պատճառով: Սվետլանա Հարությունյանի՝ կրակոցների մասին արված արտահայտությունը, հավանաբար վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ժամանակ արած այն հայտարարությանը, թե ցուցարարները դուրս էին գալիս ավտոբուսների հետեւից, կրակում են իրավապահների վրա եւ նորից անցնում ավտոբուսների հետեւը:

Քոչարյանը նաեւ նշել էր, որ կան իր ասածներն ապացուցող տեսանյութեր: «Դուք հասկանու՞մ եք, որ ես դա չեմ կարող անել, եւ ոչ մի իրավունք չունեմ: Այս ամենն անսպասելի եղավ: Դուք հասկանո՞ւմ եք, ես տարիքով մարդ եմ, ես կյանք եմ անցել, ես 49 տարի ապրում եմ այս մարդու հետ: Եւ այսօր…92 թվականին այդ մարդը եկել է՝ թողնելով գենշտաբի ակադեմիան (նկատի ունի Խորհրդային միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիան,-հեղ.), թեկնածուականը: Ամենադժվար պահին եկել է ու ստեղծել բանակ: Դուք կարող եք ենթադրություններ անել, բայց ես շատ ցավում եմ նրա համար: Ոչ ոք չի կարող հասկանալ, դա շատ բարդ է»,- շարունակեց Հարությունյանի կինը:

Վերջինս նշեց, որ ամուսինը երկիրը չի լքել այն ժամանակ, երբ հետախուզում է հայտարարված եղել, այլ դրանից ամիսներ առաջ՝ մարտին.

«Նա վատ էր զգում, առողջությունը լավ չէր: Այդ վիճակում պաշտոնաթող եղավ: Առողջական խնդիրներ ունի, ճնշումն էր բարձրացել: Հրաժարականի դիմում գրեց եւ մեկնեց: Գնաց հիվանդանոց: Նա պառկած էր Վիշնեւսկու անվան հոսպիտալում, որտեղ իրեն վիրահատեցին: Իսկ այսօ՞ր: Նա հո չի՞ փախել: Եւ երեկ ԱԱԾ պետը պատասխանեց այդ հարցին՝ մարդը մեկնել է մինչեւ այս: Ես չեմ ուզում լրագրողների հետ խոսել: Դուք բոլորդ լավն եք, բայց ես ձեզ չեմ հավատում, դուք ճիշտ չեք անում: Ես չեմ կարող, չեմ պատասխանի: Դուք պատկերացնում ե՞ք, ինձ անընդհատ հարցեր են տալիս: Նա չկա, էստեղ չի: Դուք հասկանո՞ւմ եք, ես նրա հետ ամուսնացած եմ: Ես հասկանում եմ, դա ձեր աշխատանքն է, իսկ սա իմ աշխատանքն է՝ տիկնոջ»,- ասաց նա՝ շարունակ հայտարարելով, որ չի ցանկանում հարցազրույց տալ:

Մեր հարցին՝ Միքայել Հարությունյանը պատրաստվու՞մ է վերադառնալ Հայաստան եւ բացատրություն տալ, Սվետլանա Հարությունյանը պատասխանեց, որ ամուսնու գալու հետ կապված հարցին ինքը չի կարող պատասխանել, այդ հարցին կարող է պատասխանել միայն Միքայել Հարությունյանը.

«Թող պատասխան տան նրանք, ովքեր սկսել են: Ես այդպես եմ կարծում: Նա պատասխան կտա իր փոխարեն»,- վերջին րոպեին մեր խնդրանքով դուռը բաց արեց Սվետլանա Հարությունյանը, եւ խնդրեց այլեւս հարցեր չտալ:

Մանրամասն՝սկզբաղբյուր կայքում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: