«Կյանքի խոսք» եղեղեցու հետևորդ պետական պաշտոնյան ցանկանում է խլել բիզնեսը, սպառնալով ԱԱԾ-ով

Jul 12, 2018 Comments Off on «Կյանքի խոսք» եղեղեցու հետևորդ պետական պաշտոնյան ցանկանում է խլել բիզնեսը, սպառնալով ԱԱԾ-ով

Օրերս տարածվեց մի տեղեկատվություն, որ ՀՀ վարչապատի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը հանդիսանում է «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ։ ԼՈւՐԵՐ.com-ին իր կրոնական պատկանելիությունից զատ՝ պաշտոնյայի մասին հայտնի է դարձել մի շատ ուշագրավ տեղեկություն։ Օրերս Գևորգ Աճեմյանն իր մոտ է հրավիրել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանի սեփականատեր «Պարգև» ՍՊԸ ղեկավարներին և գրեթե սպառնալիքի տոնով հորդորել նրանց կարճ ժամկետներում Աշտարակ Կաթ ապրանքային նշանը հետ վերադարձնել «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին և ազատել գործարանի տարածքը, սպառնալով, որ հակառակ պարագայում հարցին կխառնվի ԱԱԾ-ն։

Գևորգ Աճեմյանը «Պարգև» ՍՊԸ ղեկավարներին հայտնել է նաև, որ ինքը կատարում է ՀՀ վարչապետի առաջին տեղակալ Արարատ Միրզոյանի հանձնարարությունը և նրանց հետ հանդիպել է բացառապես նրա անունից։

Այս պատմության մեջ ամենաուշագրավ փաստն այն է, որ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը (ում շահերը ցանկանում է պաշտպանել Գևորգ Աճեմյանը) ևս «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ է։ Անգամ շրջանառվում են լուրեր, որ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ն ժամանակին մեծ գումարներ է տվել այդ եկեղեցուն, որն էլ դարձել է «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի սնանկության պատճառը։ Ստացվում է, որ պետական բարձր պաշտոնյան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ցանկանում է «աջակցել» իր դավանակից «եղբորը» և խլել մեկ այլ իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը և բիզնեսը, միաժամանակ ներկայացնելով, որ դա կատարվում է ՀՀ ամենաբարձր պետական պաշտոնյաների իմացությամբ։

Նկատենք, որ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանը «Պարգև» ՍՊԸ-ին է պատկանում դատարանի որոշման հիման վրա։ Նշված ապրանքային նշանը գրավադրված է եղել հօգուտ «Պարգև» ՍՊԸ-ի՝ ի ապահովումն «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի պարտավորության, որը կազմել է մոտ 700 միլիոն ՀՀ դրամ։ Բացի այդ, մեր լրատվականը պարզել է նաև, որ «Պարգև» ՍՊԸ-ն պետության խնդրանքով մարել է նաև կաթ մթերող գյուղացիների նկատմամբ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի պարտքերը, որը կազմել է մոտ 160 միլիոն ՀՀ դրամ։

Հայտնի է դարձել նաև, որ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ն պետության նկատմամբ կուտակել է մոտ 1 միլիարդ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, իսկ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ վարկային պարտավորության չափը կազմում է մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2016թ. վճռով՝ թուրքական «Մանտրա Մակինա Լիմիթեդ» Ընկերության դիմումի հիման վրա, ում «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ն պարտք էր մոտ 42 000 ԱՄՆ դոլար։
Ըստ www.azdarar.am կայքի տվյալների՝ «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ի պարտատերի քանակը մոտ 300 է։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: