Փաշինյանը բարդ երկընտրանքի առջեւ է կանգնած

Jul 14, 2018 Comments Off on Փաշինյանը բարդ երկընտրանքի առջեւ է կանգնած

Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ամենաակտուալ հարցը Երևանի նոր քաղաքապետի ով լինելն է կամ այն, թե ինչ ճանապարհով է որոշվելու նոր քաղաքապետի հարցը: Հանրապետականները շարունակում են քար լռություն պահպանել՝ առաջադրելու են ՀՀԿ ավագանուց քաղաքապետի թեկնածու, թե հանձնվելու են, ինչպես վարչապետի ընտրության ժամանակ: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Այսօր Երևանի ավագանին կընդունի Տարոն Մարգարյանի հրաժարականը և կորոշի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, որից հետո երկշաբաթյա ժամկետում բոլոր խմբակցությունները թեկնածուներ կառաջադրեն կամ չեն առաջադրի: Թեպետ ՀՀԿ-ն Երևանի ավագանիում ունի մեծամասնություն, սակայն Տարոն Մարգարյանի հրաժարականով պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն հանձնվում է նաեւ վերջին մարտում եւ դժվար թե նոր թեկնածու առաջադրի: Մյուս կողմից «Ելք» խմբակցության կազմը նույնպես ներկայացուցչական չէ քաղաքային իշխանություն ձևավորելու հարցում: Նիկոլ Փաշինյանը այդ խմբակցությունում չունի վստահելի մեկին, որին կարելի է քաղաքապետ դարձնել առաջիկա արտահերթ ընտրություններին ընդառաջ: Երեւանը Հայաստանի կեսն է եւ այս առումով քաղաքապետը լուրջ դերակատար է լինելու, ընտրություններից առաջ անհաջող թեկնածությունը կարող է թավշյա հեղափոխությունը տապալման տանել: Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը կանգնում է լուրջ երկընտրանքի առջև: Կամ երկրորդել այդքան կարեւոր խորհրդարանական արտահերթ ընտրությունները ու նախապատրաստվել ավագանու արտահերթ ընտրություններին, որի համար օրենքը սահմանում է մոտ երկամսյա ժամկետ եւ մինչեւ սեպտեմբերի վերջ ընտրությունները պետք է անցկացվեն, կամ գնալ միջանգկյալ, բայց ռիսկային լուծման: Խնդիրն այն է, որ տեխնիկապես էլ բարդ է երկու ամսվա ընթացքում խոշոր ընտրության մասնակցել, ինչպիսին ավագանու ընտրություններն են՝ ընտրական հանձնաժողովների ձեւավորումից սկսած՝ հինգ հարյուրին մոտ հանձնաժողով, վերջացրած ֆինանսական խնդիրների լուծում: Միջանկյալ լուծումն էլ ինքնին ռիսկային է, սա ենթադրում է քաղաքապետարանի մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ից ընտրել չեզոք թեկնածու եւ քաղաքապետի պաշտոնի տեղապահ նշանակել մինչեւ հնարավոր կլնի նախապատրաստվել ավագանու ընտրություններին, որոնք կարող են համատեղվել խորհրդարանականի հետ, անցկացվել նույն օրը:

Նշենք, որ քննարկվում էր ՀՀԿ-ից որոշ թեկնածությունների, մասնավորապես, Սինոփսիս ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի թեկնածությունը: Սակայն Մուսայելյանը կարծես թե չի համաձայնել տեղապահել, քանզի վերոնշյալ օրենքով ավագանին պետք է երեք ամիս նիստեր չգումարի, որպեսզի կառավարությունը իրավունք ունենա ցրելու: Սա նշանակում է, որ տեղապահ քաղաքապետը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի պատմության մեջ մնալու իբրեւ իրենից ոչինչ չներկայացնող ֆիգուրի, որի պաշտոնավարման ժամանակ ավագանին չի ներկայան նիստերին:Հետեւաբար ամենառեալ ճանապարհը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, ինչից թերեւս հապաղում է Նիկոլ Փաշինյանը: Քանզի թվում է, թե դեռեւս պահպանվում է հեղափոխական էյֆորիան եւ ցանկացած այլ քաղաքական ուժի թեկնածու այս ընտրություններին չի դիմանալու նրանց մրցակցությանը, սակայն դա առաջին հայացքից , որովհետեւ Երեւանի էլեկտորատը խիստ տարբերվում է, իսկ քանի դեռ Փաշինյանին ՀՀԿ-ից բացի չի հաջողվել չեզոքացնել քաղաքական մյուս ուժերին, ապա ցանկացած պահի անակնկալը երաշխավորված է:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: