Ով է «քաշել» Վովայի Արշակի փեսային

Jul 13, 2018 Չի մեկնաբանվել

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը ԱԺ-ում այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Վերջինս անվանական չի ասել, թե ում է ուղղված մեղադրանքը, բայց առանց դրա էլ է պարզ։ Պատգամավորը եւ Մասիսի կալանավորված քաղաքապետը՝ Դավիթ Համբարձումյանը, մտերիմներ են, Մուրադյանը անգամ ստորագրահավաք էր արել ԱԺ-ում, երբ առաջին անգամ քաղաքապետին ձերբակալել էին։

Սակայն Դավիթ Համբարձումյանի նկատմամբ արդեն 2-րդ քրեական գործն է հարուցվել, սակայն Մուրադ Մուրադյանը պնդում է, որ երկու գործն էլ անհիմն են. «Էսօր, գիտե՞ք, ինչ են հիմնավորել քաղաքապետի վրա՝ ոմն մեկն ասել է, որ սիլա է տվել: Իսկ այդ մարդն առերեսում չի ուզում: Ինչի՞ էդ ձեւ մարդ են կալանավո՞ւմ, հա՞: Քաղաքապետի աթոռն է պետք շատ շատերի համար: Ընդեղ էնքան թայֆեք կան, որ մինչեւ նոր իշխանությունները հասնեն, էնտեղի շատ թայֆեք ոտքի կհելնեն»:

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ երկու անգամ էլ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Մասնավորապես՝ Համբարձումյանը, ով նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի փեսան է, մասնակցություն է ունեցել համաժողովրդական շարժմանը ճնշելու աշխատանքներին, Մասիսին հարակից Հովտաշատ համայնքում անգամ կրակել են ցուցարարների ուղղությամբ։ Սակայն պատգամավորի հայտարարությամբ, այդ միջադեպի իրական մեղավորները բոլորովին այլ մարդիկ են․ «Նոր պայմաններում բարձր պաշտոններ ստացած անձինք փորձում են ամբողջ մեղքը Դավիթ Համբարձումյանին վերագրել։Այնտեղ միջադեպ է եղել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ։ Ոստիկաններից քանի հոգու տարել են հիվանդանոց, թող ավելի ազնիվ գտնվեն, հիվանդանոցում գրանցեին վիրավորներին, հիմա սաղ բարձր պաշտոններ ստացան, Դավիթ Համբարձումյանը մեղավոր դուրս եկա՞վ»,- ասել է Մուրադյանը։

Այսպիսով, ում նկատի ունի նա, դժվար չէ կռահել։ Մամուլում այս դեպքի վերաբերյալ հրապարակումներ եղան, որ նշված գյուղի միջադեպին մասնակցել է նաեւ Մասիսի նախկին ոստիկանապետ Վարդան Վարդանյանը, Մասիսի մարզային ոստիկանության պաշտոնյաները։ Պետն, ըստ նույն տեղեկությունների, անձամբ մասնակցել է ցուցարարների եւ Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի մերձավորների միջեւ ծեծկռտուքին եւ վնասվածքներ ստացել ոտքերի շրջանում։ Սակայն ամեն ինչ արել է, որ իր դեմ վկայություններ չլինեն, ու ջրից չոր է դուրս եկել։ Հեղափոխության հաղթանակից հետո նա նոր ոստիկանապետի որոշմամբ Մասիսի ոստիկանության պետի պաշտոնից տեղափոխվել է Էրեբունի համայնքի ոստիկանապետ։ Գաղտնիք չէ, որ նախկինում Վովայի Արշակը մեծ ազդեցություն ուներ ոստիկանությունում իրականացվող նշանակումների հարցում։ Հատկապես Մասիսում այն պահից, երբ իր փեսան էր ղեկավարում քաղաքը, նա էր որոշում, թե ով պետք է աշխատի քաղաքի վարչությունում, ով՝ ոչ, իսկ եթե ավելի անկեղծ, ապա ոստիկանության ողջ բաժանմունքն աշխատում էր քաղաքապետի հրահանգներով։ Ասել կուզի՝ Վարդան Վարդանյանը ժամանակին նրանց համախոհն էր, բայց երբ զգաց նավը խորտակվում է, փրկեց իրեն այդ նավից՝ մենակ թողնելով մտերիմներին։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ով է «քաշել» Վովայի Արշակի փեսային”

Մեկնաբանել