Պուտինի հետ հանդիպումը՝ ամենահեշտը կլինի. Թրամփի թափանցիկ ակնարկը

Jul 13, 2018 Comments Off on Պուտինի հետ հանդիպումը՝ ամենահեշտը կլինի. Թրամփի թափանցիկ ակնարկը

Պուտին-Թրամփ հանդիպումից մի քանի օր առաջ՝ երեկ ԱՄՆ նախագահն երեկ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է ամենադյուրինը լինել նրա եվրոպական բանակցությունների շարքում, մասնավորապես ավելի դյուրին, քան ՆԱՏՕ-ում բանակցությունները։

Թրամփը երեկ ժամանել է Բրյուսել, որտեղ այսօր մեկնարկեց ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի հիմնական թեմաներից է Ռուսաստանի ագրեսիան։ Բրյուսելից հուլիսի 13-ին Թրամփը մեկնելու է Լոնդոն, իսկ 16-ին Հելսինկիում հանդիպելու է իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես բանակցություններ եմ ունենալու ՆԱՏՕ-ում, Մեծ Բրիտանիայում և Պուտինի հետ, անկեղծ ասած, Պուտինի հետ բանակցությունները, թերևս, ամենահեշտը կարող են լինել, ո՞վ կարող էր մտածել», – Եվրոպա մեկնելիս երեկ ասել է ԱՄՆ նախագահը։

ՆԱՏՕ-ի մասին խոսելիս Թրամփը հերթական անգամ ընդգծել է, թե ՆԱՏՕ-ի վերաբերմունքը Միացյալ Նահանգների նկատմամբ արդար չէ, և պետք է ինչ-որ բան փոխել։ «Մենք չափից շատ ենք վճարում ՆԱՏՕ-ում, իսկ նրանք՝ քիչ», – ասել է ԱՄՆ նախագահը։

Հունիսին Կանադայում կայացած Մեծ յոթնյակի գագաթնաժողովին Թրամփի և արևմտյան մյուս պետությունների առաջնորդների միջև առկա տարաձայնությունների պատճառով չէր համաձայնեցվել վերջնական փաստաթուղթը։ Այս անգամ էլ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին եվրոպացի փորձագետները մտահոգություն են հայտնում, որ առկա տարաձայնությունները վտանգում են ՆԱՏՕ-ի ապագան։

Այսօր Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի նախագահը դաշնակիցներից նորից կպահանջի ավելացնել ՆԱՏՕ-ին հատկացվող ռազմական ծախսերը:

Անդրադառնալով վերջին շրջանում ԱՄՆ նախագահի հայտարարություններին՝ Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը Թրամփին կոչ է արել գնահատել իր եվրոպական դաշնակիցներին։

Նկատենք, որ հուլիսի 16-ին կայանալիք Թրամփ-Պուտին գագաթնաժողովը լրագրողներն արդեն կոչել են պատմական, այն Թրամփ-Պուտին առաջին նման առանձին գագաթնաժողովն է լինելու, մինչ այդ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները հանդիպել են երկու անգամ, սակայն երկու անգամ էլ տարբեր գագաթնաժողովների շրջանակներում։ Այլ հարցերի թվում հանդիպման օրակարգում են նաև Ուկրաինան, Սիրիան, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Հանդիպումից լուրջ առաջընթաց վերլուծաբանները չեն ակնկալում, սակայն բոլորն էլ միակարծիք են, որ Մոսկվան կանի հնարավորը Թրամփի և իր արևմտյան գործընկերների միջև առկա տարաձայնությունների ֆոնին մաքսիմալ դիվիդենտներ ստանալու համար։

Իսկ մինչ Պուտինի հետ հանդիպումը՝ Թրամփը Բրյուսելում խստորեն քննադատել է Գերմանիային՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մեկնարկին: Թրամփն ասել է, թե Գերմանիան միլիարդավոր դոլարների արժողությամբ գազատարի գործարքներ է կատարում Ռուսաստանի հետ և ակնկալում, որ ԱՄՆ-ն պաշտպանի իրենց Ռուսաստանից:

Այսօր առավոտյան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ նախաճաշի ընթացքում Թրամփն ասել է. – «Մենք պաշտպանում ենք Գերմանիային: Մենք պաշտպանում ենք Ֆրանսիային: Մենք պաշտպանում ենք բոլորին: Դա անարդար է ԱՄՆ-ի և ամերիկացի հարկատուների նկատմամբ»: Թրամփի խոսքերով՝ Գերմանիան ամբողջովին վերահսկվում է Ռուսաստանի կողմից, քանի որ բնական գազի և «Հյուսիսային հոսք» գազատարի գործարքի պատճառով կախված է Մոսկվայից:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: