Կախաղան՝ սեփական ձեռքերով

Jul 13, 2018 Չի մեկնաբանվել

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում հուլիսի 10-ին նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, զինվորական քննչական գլխավոր վաչության պետ Հայկ Գրիգորյանը, որին որպես իրեն փոխարինող նշանակել էր Աղվան Հովսեփյանը: Չնայած երիտասարդ տարիքին՝ 42-ամյա Հայկ Գրիգորյանը համակարգում հարուստ փորձ ունի: 2001 – 2006 թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության Հադրութի, Մարտակերտի, Գյումրիի, Երևանի կայազորներում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ: 2006 թվականից տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Նույն տարվա սեպտեմբերին գործուղվել է ՌԴ ՊՆ Ռազմական համալսարանի ադյունկտուրա: 2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2009 թվականի դեկտեմբերի 21-ից ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շարունակել է ծառայությունը ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչի պաշտոնում: 2011 – 2014 թթ. – ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ: 2014թ. – 2015 թվականի հունվարի 14-ը – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:2015-ի հունվարից մինչեւ Քննչական կոմիտեի պետի պաշտոնը զբաղեցնելը նա ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն էր, զինվորական քննչական գլխավոր վարչության պետը:

Չնայած Հայկ Գրիգորյանը հարուստ կենսագրություն ունեցող երիտասարդ է, ուսյալ, սակայն նրա նշանակումը խիստ անհասկանալի էր մի քանի դրվագներով: Առաջին հերթին նա համարվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վստահելի անձանցից մեկը, ում Սերժ Ազատիչը երեք տարի առաջ տեղափոխեց համակարգ՝ նախապատրաստելով որպես Աղվան Գառնիկիչի ժառանգորդ, վերջինիս հետ նույնպես ջերմ հարաբերություններ ուներ: Մամուլում գրվեց, որ Հայկ Գրիգորյանի լոբբինգով են զբաղված նաև Պնախարար Դավիթ Տոնոյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Սակայն նա այն պաշտոնյան է, որ մինչև օրս «սևազգեստ մայրերի» բարձրացրած հարցերին ոչ մի լուծում չի տվել, ինչպես պաշտպանության նախարարությունում համապատասխան վարչությունը ղեկավարելիս, այնպես էլ Քննչական կոմիտեում: Գնահատականներ են հնչում, որ Հայկ Գրիգորյանի նշանակմամբ կառույցը կդառնա ՊՆ-ի և դատախազության կցորդ, իսկ Աղվան Հովսեփյանն էլ ստվերային կառավարում կունենա համակարգում:

Հետաքրքրքրական է, թե ինչը ստիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին կատարել այս նշանակումը, եթե օրենսդրական արգելք չկա եւ կարող էր կառույցի ղեկավար նշանակվել ցանկացած մեկի: Վարչապետի խոսքից կարելի է հասկանալ, որ իր թիմում չկան նման պրոֆեսիոնալ կադրեր, ինչպիսին Հայկ Գրիգորյանն է: Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով վերջինիս շեշտել է «Հույս ունենք, որ քաղաքական նոր իրավիճակում այս նշանակումով նոր էջ կբացվի ՔԿ գործունեության մեջ և ՔԿ-հասարակություն հարաբերություններում: Կարծում եմ, որ այս նշանակման տրամաբանությունը պարզ է. մենք ուզում ենք, որ ինչպես Հայաստանի քաղաքական կյանքում, այնպես էլ հանրային պետական կյանքի բոլոր բնագավառներում տեղի ունենա որակյալ սերնդափոխություն, ինչի արդյունքում այն լավագույնը որ կա, գոյություն ունի, այդ թվում՝ ՔԿ-ում, պահպանվի, զարգանա, իսկ այն նեգատիվը, որը նույնպես գոյություն ունի, այլևս գոյություն չունենա»,- ասել է վարչապետը ու կարեւորել կոռուպցիայի դեմ պայքարն ու օրինականության հաստատումը: Նա ասել է, որ նոր իշխանությունը խնդիր չի դրել մարդկանց բանտերը լցնել.<<Մեր խնդիրն է՝ ՀՀ-ում օրիանականություն ապահովելը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում մեր խնդիրն է նաև պետությանը, ժողովրդին հասցված վնասները մինչև վերջին լուման վերականգնելը: Հույս ունեմ, որ ՔԿ-ն իր հսկայական ռեսուրսով, եռանդով և անկեղծորեն կլծվի այս գործին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաստորեն, նա որոշել է նախկին իշխանության դեմ պայքարը շարունակել սեփական գործիքով, կամ այլ կերպ ասած՝ սեփական ձեռքերով նրանց կախաղան հանել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Կախաղան՝ սեփական ձեռքերով”

Մեկնաբանել