Անչափահասի մտածողություն. Նիկոլին Լենին դարձնելու ճանապարհին

Jul 13, 2018 2 Comments

Նիկոլ Փաշինյանի մանկամսուր հիշեցնող կառավարությունը ամեն օր մեզ ուրախացնում է իր մանկական խենթություններով: Ամեն օր մի նախարար աչքի է ընկնում իր չարաճճի մտքերով ու գործողություններով՝ տեղը տեղին զվարճացնելով հանրությանը: Այս հարցում սակայն երկու ֆավորիտներ կան, որոնք սեփական հանճարեղ մտքերով ու գործողություններով ասես մարտահրավեր են նետել մեկը մյուսին, մրցավազքի մեջ են, թե ով ամենաշատը կցնցի հանրությանը իր հանճարեղ իդեայով ու տեսլականով: Խոսքը Սփյուռքի նախարարի ու նրան իր անչափահաս մտածողությամբ չզիջող մշակույթի նախարարի մասին է: Եթե սկզբում սրանց չարաճճիությունները տանելի էին, ինչ-որ առումով էլ հաճելի, ինչպես ցանկացած անչափահասի խենթություն, ապա գնալով նրանց մտքերը վտանգավոր են դառնում:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: «Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- մանրամասնել է նախարարը:

Նախարարի պաշտոնում նշանակվելուց հինգ պակաս սույն օրիորդը ավելորդ անհամեստություն չցուցաբերեց ու հանրությանն անծանոթ լինելու քննարկումներին ի պատասխան հայտարարեց, թե մշակույթն ինքն է, հենց իր մեջ է մշակույթը: Հիմա էլ նա որոշել է նորագույն հայաստանի քերթողահայրը դառնալ ու սեփական՝ դեռեւս չհասունացած ուղեղով կերտել հայոց պատմության հերթական դրվագը՝ թավշյա հեղափոխությունը համարելով պատմական իրադարձություն, իրենց էլ պատմության նոր էջի կերտողներ, որոնք պետք է անմահանան պատմության թանգարանում:

Որ թավշյա հեղափոխությունը քաղաքական առանցքային իրադարձություն էր, դրանում որեւէ կասկած չկա, կասկած չկա, որ այդ հեղափոխության հաղթանակով Հայաստանում քաղաքական նոր էջ է բացվել, արգելակվել է Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի ոճրագործությունների խարանի վրա չզարգացող պետության հետընթացը ու նոր ուղի է բացվել: Սակայն դրա պատմական լինելու գնահատականը պետք է տա ժողովուրդը , պատմաբանները, այդ իրադարձությունները դեռ պետք է ենթարկվեն ժամանակի քննության ու նոր արժանանան նման շնորհի:
Սակայն սելֆիամոլ կառավարության սեթեւեթող աղջնակը ժամանակից առաջ է ընկել ու կարծում է, որ իր եւ ընկերների լուսանկարները պետք է կախ տալ պատմության թանգարանում: Հանուն արդարության օրիորդ նախարարուհին բավականին համեստ է գտնվել, նա կարող էր չէ՞ առաջարկել Փաշինյանին էլ հանդերձյալ կյանքում արժանացնել Լենինի ճակատագրին, բայց չի արել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

2 Անդրադարձ “Անչափահասի մտածողություն. Նիկոլին Լենին դարձնելու ճանապարհին” հրապարակմանը

Մեկնաբանել