Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Mitsubishi Pajero IO-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, 100 մետր գլորվելով հայտնվել ձորում

Jul 10, 2018 Comments Off on Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Mitsubishi Pajero IO-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, 100 մետր գլորվելով հայտնվել ձորում

Այսoր` հուլիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Եղնիկասար» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի Բերդի հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանառար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արամ Թորոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներից երկուսին ձորից դուրս են բերել փրկարարները։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատուն տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Բերդի քննչական բաժնիպետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն է, վիրավորներն են վարորդի քույրը և 2 անչափահաս երեխաները։ Վարորդն էլ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: