Լարսի ոդիսականը՝ Փաշինյանի առաջին ամառային փորձությունը

Jul 11, 2018 Comments Off on Լարսի ոդիսականը՝ Փաշինյանի առաջին ամառային փորձությունը

Վերջին օրերին Ռուսաստանից ցամաքային ճանապարհով` Լարսով Հայաստան եկող մեր հայրենակիցները դարձյալ Լարսի անցակետում ժամերով կանգնած էին: Անցակետի մոտ ավտոմեքենաների հերթը կիլոմետրերի է հասնում:

Ռուս-վրացական սահմանակետում կուտակված էին հազարավոր հայկական բեռնատարներ շուրջ 10 օր կանգնած էին, իսկ դրանք բեռնատարներ են, որոնք բեռնված են գյուղմթերքով: Պարզվում է, վրացական մեքենաներն անցնում են անարգել, իսկ վրացի մաքսավորներն ասում են, որ խնդիրը Հայաստանի Կառավարության մեջ է: Պաշտոնապես ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից նշում էին, թե՝ պատճառը հանգստի սեզոնն է, մարդիկ մեկնում են զբոսաշրջության: Նշվում էր նաև, թե Լարսում հայկական բեռնատարների կուտակումը կապված է վրացական անցակետում ներդրված նոր համակարգի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել էր Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը. «Խնդիրը կապված է վրացական անցակետում ներդրված համակարգի հետ, որը ենթադրում է հերթի ամրագրում: Նախարարության աշխատակիցները բանակցում են վրացի և ռուս գործընկերների հետ՝ Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների խնդրի հետ կապված»:

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը գտնում է, որ մի քանի օր շարունակ Վերին Լարսի ռուսական հատվածում բեռնափոխադրողների և մարդատար մեքենաների մեծ հերթերը ֆորս-մաժոր չէ։ Ըստ նրա ` այդ կուտակումները պայմանավորված են երեք գործոնով. «Հունիսի կեսերից մինչև հուլիսի վերջ այն ժամանակահատվածն է, երբ տուրիստական հոսքը, մարդատար մեքենաների երթևեկությունն ու ծիրանի արտահանումը համընկնում է, հետևաբար այդպիսի հերթեր գոյանալու 90%-ը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով», – «1in.am»-ի հետ զրույցում ասել է Համբարձումյանը։

Ու նորից հնչում է կարծիքը, լավ կլիներ Լարսին այլընտրանք ունենայինք, շրջանցող ճանապարհ լիներ… Շատ դեպքերում բերվում է պատճառաբանություն, որ ճանապարհը Հարավային Օսեթիայի ճանապարհն է, որի լուծումը, սակայն, կախված չէ մեր իշխանություններից, այլ դա Վրաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական խնդիր է»։ Իսկ ՀՀ կառավարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի խնդրի լուծման ուղղությամբ, չպե՞տք է խնդիրը բարձրացվի նաև ՌԴ վարչապետի, ռուսական կառավարության ներկայացուցիչների մոտ… Հերբերտ Համբարձումյանը պատասխանել է. «Միակ բանը, որ ես կարող եմ մեր բոլոր բեռնափոխադրող կազմակերպությունների անունից խնդրել` այն է, որ մեր իշխանությունները զանգահարեն Ռուսաստանի իշխանություններին, համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին ու պահանջեն, որպեսզի Լարսի ռուսական հատվածում, ռուսական մաքսատանը մի քանի աշխատակից ավելացնեն, որպեսզի հերթի մեջ ժամերով սպասող վարորդների ու մեքենաների զննման գործընթացն արագ իրականացվի, այսինքն` հիմա մեկ հոգի է 40 ավտոբուս ու մեքենա ստուգում ու պեչատ խփում, թող մեկ հոգու փոխարեն 5-6 հոգով դա անեն ու մեքենաներն արագ-արագ կանցնեն. սա էականորեն կլուծի խնդիրը և այդպիսի հերթեր չեն առաջանա»։

Փաստորեն, հազարավոր մեքենաներ կուտակվում են ռուսական կողմից դանդաղ աշխատանքի պատճառով: Այսինքն՝ Լարսում ձմեռը եղանակային պայմաններ են խոչընդոտը, ամռանը՝ հոսքի ավելացման հետ ռուսական կողմից դանդաղ աշխատանքը:

Սա էլեմենտար խնդիր է, որի լուծումը գերբարդագույն քննարկումներ չի ենթադրում: Ինչու՞ գյուղմթերքով բռնված մեքենաները այս շոգին՝ վնասելով իրենց մթերքը, պետք է արգելափակված մնան օրերով, այն էլ՝ արհեստական խնդիրների պատճառով:

Ու այս իրողությունն ունենք այն պայմաններում, երբ ՀՀ նոր իշխանությունները կրկին հայ-վրացական հարաբերությունների մասին հավաստիացրեցին անլուծելի խնդիրներ չլինելու մասին: Մայիսի վերջին Նիկոլ Փաշինյանը Վրաստան պաշտոնական այցի ընթացքում արձանագրեց, որ համոզված է, որ հայ-վրացական հարաբերություններում կլինեն լրջագույն և նոր զարգացումներ: Ամփոփելով այցի առաջին օրը, նա տեղեկացրել էր, թե քննարկվել է Լարսի անցակետի այլընտրանքի հարցը. «Բոլոր հարցերը քննարկվել են, և բոլոր հարցերով մենք կշարունակենք աշխատել»:

Ի դեպ, Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցից առաջ, մայիսի վերջերին, Մոսկվան հայտարարեց, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքները բացելու հարցում կոնկրետ արդյունքներ կարելի է ակնկալել արդեն առաջիկա աշնանը: ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, պնդել էր, թե վրաց բանագնացի՝ Զուրաբ Աբաշիձեի հետ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ էական առաջընթաց են արձանագրել: Այդ հանդիպմանը կողմերը հայտարարեցին, թե էական առաջընթաց են արձանագրել և պայմանավորվել են աշխատանքային խումբ ձևավորել, որը պետք է զբաղվի «Մաքսային վարչարարության և ապրանքների մոնիտորինգի մասին» երկկողմ համաձայնագրի իրագործմամբ: Այդ փաստաթուղթը Մոսկվային ու Թբիլիսիին հնարավորություն է տալիս դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում զարգացնել առևտրային ու տրանսպորդային կապերը՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով, միևնույն ժամանակ, չանդրադառնալով դրանց կարգավիճակի հարցին:

Համաձայնագիրը ստորագրվել է դեռ 7 տարի առաջ՝ բավականաչափ ծանր բանակցությունների արդյունքում, սակայն մինչ օրս մնացել է թղթի վրա: «Մայիսի 18-ին Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեց շվեյցարական SGS ընկերության հետ, որից հետո արդեն գործնականում կսկսվի համաձայնությունների իրագործումը… Անհրաժեշտ է ստեղծել եռակողմ հանձնաժողով, որը կզբաղվի այս հարցերով, կքննարկի կոնկրետ խնդիրներ, այդ թվում այն, թե ինչպես են վերահսկվելու Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հոսքերը, որտեղ և ինչպես են գործելու մաքսային սահմանակետերը և այլն: Սա լուրջ աշխատանք է, որը թերևս մի քանի ամիս ժամանակ կպահանջի: Սակայն կարևորն այն է, որ համաձայնություններն արդեն ձեռք են բերվել, և մենք պետք է ուղղակի գործի անցնենք»,- նաև ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Վրացական կողմն ավելի վաղ՝ անցած տարեվերջին էր պայմանագիր ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ, որն աշխարհում առաջատարն է բեռների տարանցման ու վերահսկողության ոլորտում: Ռուսական «Կոմերսանտի» հետ զրույցում Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն նշել էր՝ նախատեսվում է, որ շվեյցարացի դիտորդները կտեղակայվեն Ռուսաստանի և Վրաստանի տարածքներում՝ ապրանքների տարանցումը հսկելու և հաշվառելու նպատակով: «Ազատության» հետ զրույցում էլ Աբաշիձեն ասել է․ «Քաղաքական կամքի դեպքում համաձայնագիրը կդառնա իրականություն: Թբիլիսին պատրաստ է դրան»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանն արդեն ողջունել է ռուս-վրացական վերջին պայմանավորվածությունները: «Համաձայնագրի՝ կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի», – նշել էր կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պնդելով՝ հայկական կողմն այս հարցը բարձրացրել էր՝ Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ: «Մենք բարձր ենք գնահատում կողմերի պատրաստակամությունն ու ջանքերը մեզ համար չափազանց կարևոր այս պայմանագրի իրականացման ուղղությամբ», – շեշտել է Հայաստանի փոխվարչապետը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: