Պուտինի հետ զույգ հանդիպումներ, ԵԱՏՄ-ական շրջապատ, այժմ նոր ուղղություն

Jul 12, 2018 Չի մեկնաբանվել

Ռուսաստան կատարած երկու այցերից հետո վաղն՝ առաջին անգամ այցելելով Եվրամիության մայրաքաղաք Բրյուսել՝ Նիկոլ Փաշինյանը փորձելու է Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ ամրապնդել նաև եվրոպական կողմի վստահությունը:

Հուլիսի 11-13-ը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Փաշինյանի հետ միասին Բրյուսել են մեկնելու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Ռուսաստանյան այցի, Պուտինի հետ հանդիպման արդյունքները դեռ տեսանելի չեն, ո՛չ առևտրա-տնտեսական, ո՛չ զինտեխնիկայի, ո՛չ էլ այլ բնագավառներում էական տեղաշարժերի մասով:

ԵՄ-ի հետ փոխահարաբերություններն այլ մակարդակում են: Բրյուսելից ասում են՝ հեղափոխությունը հասարակական հույսեր է արթնացել, կա բարենպաստ մթնոլորտ երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու, արեք բարեփոխումներ՝ կաջակցենք, կֆինանսավորենք:

Փաշինյանի կառավարությունն ակնհայտորեն աշխատում էր այս ընթաց         ում Մոսկվայի ուղղությամբ, ընդ որում այն աստիճան ինքնամոռաց, որ եվրոպացի դեսպաններ արդեն թեթև ակնարկեցին, թե տպավորություն է ստեղծվում, որ արևմտյան, եվրոպական ուղղությունը անտեսվում է Հայաստանի նոր կառավարության կողմից:

Բրյուսել նախատեսված իր առաջին այցի օրակարգին վարչապետ Փաշինյանն անդրադարձել էր Հայաստանի հարավային մարզեր այցի ընթացքում: «ՆԱՏՕ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելություններ ենք իրականացնում, և միջոցառումն էլ այդ առաքելությանն է նվիրված: Իսկ Եվրամիության շրջանակներում օրակարգը մեր երկկողմ հարաբերությունների խնդիրն է, մեր կնքած պայմանագրերի իրագործման և հետագա համագործակցության խնդիրը», – ասել էր նա:

Հայտնի է, որ Փաշինյանը Բրյուսելում ունենալու է մի շարք հանդիպումներ Եվրամիության ղեկավարության հետ: Դեռևս պարզ չեն ՆԱՏՕ-ի ղեկավար կազմի հետ հնարավոր հանդիպումների, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի մասնակցության հարցերը:

Օրեր առաջ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել էր, որ իրենք ցանկանում են է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ են աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում: Նա նաև պնդել էր, որ Հայաստանի վարչապետը մասնակցելու է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովին:

Օրեր առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ազատության» հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում Եվրամիության ղեկավարները շատ ջերմ են ընդունելու: Դրանից հետո էլ՝ հուլիսի 4-ին, Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն տվեց Եվրամիության ու Հայաստանի միջև գրեթե բոլոր ոլորտները կարգավորող համագործակցության համաձայնագրին: Նախորդ օրն էլ Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին ասել էր, որ Եվրամիությունն առաջիկա 4 տարիներին 160 միլիոն եվրո կներդնի Հայաստանում՝ աջակցելու մի շարք ոլորտներում բարեփոխումներին:

Ի դեպ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ առաջարկել էր չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե դրա կողմից ընդունվելիք վերջնական փաստաթղթում տեղ գտնեն կտրուկ ձևակերպումներ Հայաստանին հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Սա իսկապես կարևոր հարց է: Ադրբեջանը մշտապես ձգտում է հասնել նրան, որպեսզի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում վերջնական փաստաթղթում մշտապես «տարածքային ամբողջականության» մասին դրույթը տեղ գտնի: Մի կողմից ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը Մոսկվան չի ողջունվի, բայց ՆԱՏՕ-ի հետ չաշխատելն էլ՝ կնշանակի Հայաստանի նոր կառավարության կողմից հյուսիսատլանտյան դաշինքից հեռու մնալու քաղաքականություն, ինչը արևմուտքի կողմից չի խրախուսվի:

Իսկ ընդհանուր առմամբ՝ պարզ է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Եվրամիության հետ համագործակցության հնարավորություններ են բացել: Եվրոպական քաղաքականության ուղղությամբ արդյունավետ աշխատանքը կախված է բացառապես Հայաստանի նոր կառավարությունից: Զերծ մնալով՝ «կամ-կամ», «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» հարցադրումներից՝ Փաշինյանի նոր իշխանությունը կարող է երկու ուղղությամբ էլ զարգացնել հարաբերությունները: Հարցը նրանում է, թե արդյոք նա կկարողանա իրապես երկու ուղղությամբ էլ վարել արդյունավետ քաղաքականություն:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Պուտինի հետ զույգ հանդիպումներ, ԵԱՏՄ-ական շրջապատ, այժմ նոր ուղղություն”

Մեկնաբանել