Նիկոլը Սերժի տեղը գիտի, Վովայի տեղը չգիտի

Jul 11, 2018 Չի մեկնաբանվել

Թավշյա հեղափոխությունից հետո ծայր առած հաշվեհարդարը նախկին պատոնյաների ու նրանց հարազատների հետ գնալով ավելի խորանում է ու կատաղի դառնում, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ իր իշխանությունում չեն առաջնորդվում վենդետայի սկզբունքով: Այսօր նա զավեշտալի բացատրություն է ներկայացրել, թե ինչպես են իրավապահ մարմինները լծվում բացահայտումներին: Փաշինյանն ասում է, որ ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվում, որ գնան ու խոշոր բացահայտումներ անեն, խնդիր է դրվում, որ պետք է լինի օրինականություն: «Մարդկանց թվում է, թե կառավարությունում մենք ասում ենք` «ահա, այսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին և գնում են բերման ենթարկելու»: Այդպես չէ: Եղել է քաղաքացի, ով եկել դիմում է գրել ինձ, որ «ես այսպիսի պրոբլեմի առաջ եմ կանգնել, իմ ձեռքից այդ նկարները խլել են», ես մակագրել եմ ԱԱԾ: ԱԱԾ-ն հրավիրել է քաղաքացուն, նա հաղորդում է տվել հանցագործության մասին և գործին ընթացք է տրվել»: Հետո ասում են` «վա՜յ, բռնեցին` ազատ արձակեցին»: Դա պետք էլ ավելի վստահություն ներշնչի, որ եթե կոնկրետ գործով կան կոնկրետ ապացույցներ, դա իրացվում է, եթե չկան ապացույցներ, չի իրացվում: Այսինքն՝ մարդկանց ձերբակալելն ինքնանպատա՞կ է:

Կոնկերետ երկու դեպքով, երկու շատ հիմնավոր պարագայով բերման են ենթարկվել և երբ ստուգվել են փաստերը, այդ պահին ձերբակալելու որոշում կայացնելու կամ որևէ այլ կարգավիճակ տալու օրինական հիմք չի եղել: Որևէ մեկը թող չմտածի, որ ես զանգում ասում եմ` էսինչին ձերբակալել, էսինչին բաց թողնել կամ հետապնդել: Բոլոր գործողությունները պետք է լինեն հարյուր տոկոսանոց օրինական», ասել է նա՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդիների հետ կապված պատմությանը: Անդրադառնալով հարցին` հնարավո՞ր է ստուգումները հասնեն նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարան, Փաշինյանն արձագանքեց. «Եթե ցանկացած հետքաննություն կհասնի Սերժ Սարգսյանին, կհասնի, եթե պետք լինի, տուն կհասնի, ամեն տեղ էլ կհասնի: Բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ՝ փաստերը, օպերատիվ տվյալներն ու ընթացակարգերը: Ես ձեզ կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի անձեռնմխելի մարդ չկա»:

Անդրադարձը թեպետ երրորդ նախագահի հարազատների հետ կապված բացահայտումների շարքին է վերաբերում, սակայն դամոկլյան սուր է ճոճվում նաեւ որկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխին, ընդ որում՝ նրա հետ կապված փաստարկները առավել վտանգավոր են եւ առանցքում Մարտի 1-ի գործն է: Դժվար է պատկերացնել, թե ինչու պիտի շարքային քաղաքացիները, ինչպես Փաշինյանն է պնդում, գնան ու հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն նախագահների դեմ: Ինչպես որ դժվար է պատկերացնել, որ առանց հրահանգի ԱԱԾ պետը գործողություններ կկարգադրեր նախկին նախագահների շրջապատում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ ու կոմպլեքսներ կապված այդ ինստիտուտների ազդեցիկության հետ: Եւ հատկապես ԱԱԾ նորանշանակ պետը, որը երկար ժամանակ աշխատել է համակարգում նաեւ նախկին իշխանությունների ժամանակ ու այս առումով ամենակոմպլեքսավորված անձանցից մեկն է: Ընդունենք, որ պարոն վարչապետն իրավացի է, եւ իրավապահ մարմինները գործողությունների են անցնում քաղաքացիների ահազանգերի ու դիմումների հիման վրա: Այդ դեպքում իրավապահները ինչու են հապաղում Վովա Գասպարյանի եղբոր հարցում:Երեկվանից Կոտայք համայնքի մի խումբ բնակիչների պնդմամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու նրա որդին բռնություն են գործադրել 13-ամյա աղջնակի նկատմամբ ու ծեծի ենթարկել նրա հորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Վեճն առաջացել է Վարդավառի տոնի պատճառով, աղջիկը հանդգնել է ջրել նախկին ոստիկանապետի եղբոր մեքենան, նա էլ իջել է ու աղջկա գլուխը մտցրել առվի ջրի մեջ, հետո հորը կանչել բարիշելու պատրվակով ու բռնության ենթարկել, սպառնացել: Տուժող ընտանիքի փաստարկները կարծես մնացել են օդում կախված, ոստիկանությունը մինչ այս պահը կատարվածի վերաբերյալ քրեական գործ չի հարուցել: Մի՞թե ոստիկանության մեծահոգությունը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի՝ Վովա Գասպարյանի նկտամամբ ունեցած վաղեմի հարաբերություններով, որոնք առանձնակի ջերմություն ստացան թավշյա հեղափոխության օրերին՝ ոստիկանության բացահայտ կողմնակալ վերաբերմունքով եւ Փաշինյանի մոտ ուղարկված բանագնացներով, որոնք վերջինիս փոխանցեցին իր իշխանությանը ծառայելու պատրաստակամության մասին: Եթե զանգով չեն հարուցվում, կամ ջրվում քրեական գործերը, ապա ժամ առաջ՝ ի պատասխան հրապարակային հայցի, ոստիկանությունը պետք է գործի անցներ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Նիկոլը Սերժի տեղը գիտի, Վովայի տեղը չգիտի”

Մեկնաբանել