ԼՂ-ում պատերազմը կբացառվի. Մանրամասներ՝ Պուտին -Թրամփ հանդիպմանն ընդունվելիք հայտարարությունից

Jul 11, 2018 Comments Off on ԼՂ-ում պատերազմը կբացառվի. Մանրամասներ՝ Պուտին -Թրամփ հանդիպմանն ընդունվելիք հայտարարությունից

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Թրամփն ու ՌԴ նախագահ Պուտինը հանդիպել են երկու անգամ անցած տարի, սակայն երկու անգամն էլ նրանց հանդիպումը անցել է տարբեր միջազգային գագաթնաժողովների շրջանակներում, և առանձին գագաթնաժողով երկու միջուկային գերտերությունների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպվում է առաջին անգամ գալիք երկուշաբթի՝ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում:

Մոսկվան Վաշինգտոնին է հանձնել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների՝ հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք գագաթնաժողովին ընդունվելիք համատեղ հայտարարության տեքստի նախագիծը, հղում անելով ամերիկյան պետական կառույցներում իր աղբյուրին՝ այսօր գրել է «Կոմերսանտը»:

Երկու էջանոց փաստաթղթում, մասնավորապես գրված է, որ երկու երկրների ղեկավարները կարևորում են առաջին դեմքերի, դիվանագետների, զինվորականների և հատուկ ծառայությունների միջև երկխոսության, տնտեսական կապերի և հումանիտար ոլորտում շփումների կարևորությունը:

Այժմ ամենակարևորը, որը կարող է առնչվել մեր տարածաշրջանի կայունությանը, մասնավորապես ԼՂ խնդրին. փաստաթղթի նախագծում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև համագործակցությունը նշված է որպես տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության և կայունության գործոններից մեկը:

«Կոմերսանտի» աղբյուրը պնդում է, թե Վաշինգտոնը պատրաստ է որպես հայտարարության հիմք ընդունել ռուսների առաջարկած տեքստը, միայն թե ուզում է ավելացնել նաև ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձի մասին Սպիտակ տան մտահոգության մասին կետ: «Բլումբերգ» գործակալությունն իր հերթին պնդում է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկելու են Սիրիայից իրանական զորքերին հանելու հարցը և որ Մոսկվան արդեն բանակցություններ է անցկացնում այս հարցով Թեհրանի հետ: Կրեմլը, սակայն, այս տեղեկությունը հերքում է:

Ավելի վաղ թե՛ Սպիտակ տունը, թե՛ Կրեմլը հայտարարել էին որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի օրակարգում ուկրաինական և սիրիական ճգնաժամներն են լինելու:

Ռուսաստանցի և ամերիկացի դիտորդների կարծիքով և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը ցանկանում են շոշափելի առաջխաղացում արձանագրել քննարկվելիք հարցերից գոնե մեկի մասով, ինչը թույլ կտա Թրամփին հայտարարել, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը հաջող էր և երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու իր քայլերն էլ արդարացված են:

Պուտին-Թրամփ հանդիպումը ինքնին, կարևոր է բոլոր առումներով: Պատերազմի բռնկման հավանականությունն այսօր ղարաբաղյան ճակատում ավելի ու ավելի է մեծանում, հետևաբար, եթե անգամ Պուտինն ու Թրամփը հրապարակայնորեն չարձանագրեն, որ թե քննարկել են ԼՂ հարցը,  նրանց համատեղ հայտարարությունում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև համագործակցությունը՝ որպես տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության և կայունության գործոն արձանագրելը խիստ կարևոր է լինելու:

Ասելով կարևոր, իհարկե, պետք է նկատի ունենալ այն, որ Ալիևին, թերևս, հնարավոր կլինի զսպել ու հետ պահել արկածախնդրությունից, եթե Պուտինի ու Թրամփի մակարդակով շեշտվի տարածաշրջանային անվտանգության և կայունության գործոնը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: