Մանրամասներ չինական դպրոցի ընդունելության և կրթության մասին. քանի՞ հոգի կարող են այնտեղ սովորել

Jul 02, 2018 Comments Off on Մանրամասներ չինական դպրոցի ընդունելության և կրթության մասին. քանի՞ հոգի կարող են այնտեղ սովորել

 

Սեպտեմբերի 1-ից Երևանում կգործի հայ-չինական բարեկամության դպրոցը, որն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում: Դպորցը հիմնադրվել է միջպետական պայմանագրի հիման վրա: Հիմնական ուղղությունը չինարենի խորացված ուսուցման կազմակերպումն է:  Կրթության և գիտության նախարարություն հայտարարություն է տարածել 5-9-րդ դասարաններում աշակերտների ընդունելության մեկնարկի մասին: Ըստ այդմ՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի շենքում գտնվող Կոնֆուցիուսի ինստիտուտում հունիսի 30-ից հուլիսի 15-ը՝ աշխատանքային օրերին, կատարվում է փաստաթղթերի ընդունելություն: Հաշվի առնելով չինական դպրոցի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրություն կա՝ Hayeli.am-ը պարզաբանում է խնդրել կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից: Նրա տեղեկացմամբ՝

«Հայ-չինական բարեկամության դպրոցը» կառուցվում է  Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Սարկավագի 14 հասցեում՝ Գյուլիքեխվյանի անվան թիվ 103 ավագ դպրոցի տեղում: Ավագ դպրոցը վերակազմակերպվելու է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի: Այսինքն՝ չինական դպրոցը լինելու է թիվ 103 ավագ դպրոցի իրավահաջորդը, սակայն ի տարբերություն ավագ դպրոցի, որն ուներ միայն ավագ՝ 10-11 և 12-րդ դասարաններ, չինական դպրոցը գործելու է վարժարանի կրթական ծրագրով, որպես պետական դպրոց՝ անվճար հիմունքներով: Վարժարանում կրթությունը կազմակերպվում է 5-12-րդ դասարաններում: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է «Հայ-չինական բարեկամության դպրոցում» միայն 5-9-րդ դասարանների ընդունելություն հայտարարված. «Վարժարանում կրթության ներքևի շեմը 5-րդ դասարանից է սկսվում: Ավելի ցածր դասարաններ այստեղ չեն կարող լինել: Ինչ  վերաբերում է հարցին, թե ինչու է ընդունելությունը կատարվում 5-9-րդ և ոչ թե 5-12-րդ դասարաններում, քանի որ չինական դպրոցը  թիվ 103 ավագ դպրոցի իրավահաջորդն է, ապա թիվ 103 ավագ դպրոցում փաստացի սովորող 10-12-րդ դասարանների աշակերտները մեխանիկորեն փոխադրվելու են չինական դպրոց: Թիվ 103 ավագ դպրոցի վերակազմավորման մասին կառավարության որոշումը դեռ չի ընդունվել, ուստի 103-րդ դպրոցը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս կատարել է 10-րդ դասարանի ընդունելություն: Բացի այդ՝ այս պահին վերջնական հստակություն չկա, թե արդյոք թիվ 103 ավագ դպրոցի բոլոր սովորողները ցանկություն կունենան կրթություն ստանալ չինական դպրոցում: Այսինքն՝ թիվ 103 ավագ դպրոցի աշակերտներին չինական դպրոց տեղափոխելուց հետո միայն, եթե ունենանք թափուր տեղեր, կհայտարարեն նաև ընդունելություն բարձր դասարանների համար»,- պարզաբանում է Աշոտ Արշակյանը՝ հավելելով, որ թիվ 103 ավագ դպրոցում սովորող աշակերտները չինական դպրոցում սովորելու առաջնահերթություն են ստանում, որովհետև բխում է դպրոցի վերակազմավորման օրենսդրական պահանջից. «Ոչ միայն աշակերտները, այլ նաև թիվ 103 ավագ դպրոցում աշխատող ողջ անձնակազմը՝ որպես իրավահաջորդ, տեղափոխվելու է չինական դպրոց: Ելնելով ուսումնական պլանում նախատեսվող ծանրաբեռնվածությունից՝ կարիք կլինի աշխատակազմի համալրում: Դպրոցը սահմանված կարգով հայտարարություն կտարածի, և մրցույթով աշխատանքի կընդունվեն ուսուցիչներ: Եթե անհրաժեշտություն կլինի նաև տեխնիկական անձնակազմի համալրում, ապա դա ևս կարվի սահմանված կարգով, ինչպես որ արվում է մնացած բոլոր հանրակրթական դպրոցների համար»,- նշում է վարչության պետը:

Ա. Արշակյանի խոսքով՝ դպրոցն ունենալու է հումանիտար ուղղվածություն, սակայն 5-9-րդ դասարաններում հոսքային ուսուցում չի լինելու, սակայն ավագ դասրանների բոլոր հոսքերը լինելու են հումանիտար ուղղվածության, և առավելությունը տրվելու է չինարենի ուսուցմանը. «Չինական դպրոցի ուսումնական պլանը կտարբերվի սովորական հանրակթրական և ավագ դպրոցների ուսումնական պլանից նրանով, որ չինարենին տրվելու են հավելյալ ժամեր: Ծրագրերը բոլոր դասարանների համար արդեն մշակվել և ուղարկվել են Կրթության ազգային ինստիտուտ՝ հաստատման: Հաստատվելուց հետո հստակ կհայտարարենք, թե որ դասարանում քանի ժամ է ուսուցանվելու չինարեն: Հաշվի առնելով, որ առարկան նոր է ներդրվում, և հնարավոր է՝ ուսպլանով նախատեսված ժամերը չբավարարեն լեզվի լիարժեք ուսուցանման համար, նախատեսել ենք բացը լրացնել նաև խմբակների միջոցով: Մեր խնդիրն է՝ անգամ ավագ դպրոցում սովորողներին գոնե նվազագույն լեզվիմացության մակարդակի հասցնել»: Բացի չինարենից՝ դպրոցում, ինչպես մնացած դպրոցներում, աշակերտները կանցնեն ռուսերեն և եվրոպական որևէ լեզու՝ ամենայն հավանականությամբ անգլերեն:

Դպրոցը նախատեսված է մոտ 450 աշակերտի համար, դասարանների խտությունը, ինչպես ԿԳՆ հանրակթության վարչության պետն է նշում, նախատեսված են 15-20 աշակերտի համար: Հաշվի առնելով, որ չինական դպրոցը միակն է հանրապետությունում, ինչպե՞ս է լուծվելու մարզերի երեխաների կրթության հարցը, մասնավորապես Երևանում կեցության ապահովման կամ գնալ-գալու խնդիրը. «Մարզերի երեխաներրի կեցության հարցը դեռ չի քննարկվել և այս պահին դեռ բաց է: Դպրոցում կա հյուրանոցային հատված՝ Չինաստանից ժամանած չինարենի ուսուցիչների համար»,- նշում է վարչության պետը և հավելում, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ չինարենի ուսուցիչներին տրամադրելու է չինական կողմը: Չինաստանից ժամանած մասնագետները Հայաստանում գործող նորմատիվներով իհարկե կստանան վարձատրություն, բայց չինական կողմը այդ մասնագետներին կարող է նաև հավելյալ վճարում կատարել:

Դպրոցում աշակերտների թիվը սահմանափակ է՝ մինչև 450 աշակերտ, որի մեջ մտնում է նաև թիվ 103 դպրոցի ավագ դասարանների աշակերտների թիվը: Եթե դիմորդները ավելի շատ լինեն, ինչպե՞ս է կատարվելու է ընտրությունը: Այս հարցի պատասխանը նախարարության պաշտոնյան այս պահին չունի. «Մենք այս պահին բոլոր ցանկացողներին հնարավորություն ենք տալիս դիմել: Դիմումների ընդունումից հետո, երբ դիմորդների թիվը ավելի շատ լինի, քան դպրոցում նախատեսված աշակերտների թիվը, կարծում եմ, կսահմանվեն որոշակի չափանիշներ»,- ասում է Աշոտ Արշակյանը:

Նշենք, որ չինարենեի առարկայական ծրագրերը մշակվել են Հայաստանում գործող Կոմֆուցիուսի ինստիտուտի կողմից և փորձաքննության ենթարկվել Կրթության ազգային ինստիտուտի կողմից: Հանրակրթության վարչության պետի հավաստմամբ՝ ծրագրերին համապատասխան՝ բոլոր դասարանների դասագրքերը սեպտեմբերի 1-ին կլինեն աշակերտի սեղանին:

 

Կարինե  Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: