Գառնիկ Իսագուլյանի, 2012 թ-ին «Մհերի Դուռ» կազմակերպության հասցեին արված, սենսացիոն հայտարարության հետքերով

Jul 02, 2018 Comments Off on Գառնիկ Իսագուլյանի, 2012 թ-ին «Մհերի Դուռ» կազմակերպության հասցեին արված, սենսացիոն հայտարարության հետքերով

2012 թ. սեպտեմբերի 20-ին hayeli.am կայքին տրված հարցազրույցի ժամանակ պրն Իսագուլյանը նշել էր, որ Հայաստանում գոյություն ունի «Մհերի Դուռ» անվամբ գաղտնի կազմակերպություն, որը շուրջ 10 տարի զբաղվել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ամբողջ վերնախավի մասին տեղեկությունների հավաքագրումով: Ըստ Իսագուլյանի, այդ կազմակերպության տրամադրության տակ կան ցուցակներ, որոնցում նշված են մանրամասն տեղեկություններ 3-4 հազար մարդկանց ֆինանսական եկամուտների, կենսամակարդակի, նախասիրությունների, հետաքրքրությունների, հարազատների և այլնի մասին: Այդ ցուցակներում առկա է նաև անհարմարության աստիճանի անձնական տեղեկատվություն` այդ նույն մարդկանց մասին:

Ըստ 2012 թ. սեպտեմբերի սկզբին պաշտոնից ազատված Իսագուլյանի, խոսքը վերաբերում էր քաղաքական վերնախավին, գործարարներին, գեներալներին ու այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց: «Համաձայն տվյալ տեղեկությունների, 1994 թ.-ից մինչ օրս /2012 թ./ Հայաստանից տարբեր ճանապարհներով դուրս է հանվել 17,1 միլիարդ ԱՄՆ դոլար: Կան տեղեկություններ բանկային փոխանցումների և այլ մանրամասների մասին: Կասեմ անկեղծորեն, ես ցնցված եմ այդ կազմակերպության անդամների տեղեկացվածության մակարդակից: Նման ծավալների ու մանրամասն տեղեկություններ չունեն նույնիսկ հայկական հատուկ ծառայությունները: Ընդ որում, դրանք շատ կիրթ, բարեհամբյուր ու բարձր պրոֆեսիանալիզմի տեր անձինք են: Եթե նրանք սկսել են գործել 10 տարի առաջ, սակայն այդ մասին հայտնի է դառնում միայն այսօր, ապա դրանով ամեն ինչ ասված է այդ կազմակերպության մասին», – նշել էր Իսագուլյանը՝ ընդգծելով, որ տեղեկատվության հավաստիությունը կասկած չի առաջացնում:

«Կան բաներ, որոնց մասին ես ինքս գիտեմ, և նրանց տեղեկություններն ամբողջությամբ հաստատվում են: Նրանք տեղեկություններ ունեն նաև իմ մասին, որոնք ճշմարտացի են», – ասել էր նա: Ըստ ՀՀ խորհրդարանում Նախագահի նախկին ներկայացուցչի խոսքերի, անձամբ ինքը չի հանդիսանում այդ կազմակերպության անդամ, սակայն երկու անգամ հանդիպել էր դրա ներկայացուցիչների հետ, որոնք իրեն ցույց էին տվել գաղտնի ցուցակները, ինչպես նաև ասել էին, որ Իսագուլյանը միակ «ընտրյալը» չէ, ով հասանելիություն ունի վարկաբեկող նյութերին: Գառնիկ Իսագուլյանը հրաժարվել էր պատասխանել այն հարցին, թե անձամբ ճանաչում է արդյոք այդ կազմակերպության անդամներին և ընդհանրապես հրաժարվել էր տալ նրանց անունները:

Նշենք, որ Գառնիկ Իսագուլյանը եղել է ՀՀ Առաջին գումարման գերագույն խորհրդի պատգամավոր, հանդիսանում էր Հայաստանի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականn ազգային անվտանգության հարցերով, իսկ Սերժ Սարգսյանի օրոք, վերջինս ազատել էր Իսագուլյանին զբաղեցրած պաշտոնից և նշանակել էր երկրի խորհրդարանում Նախագահի մշտական ներկայացուցիչ, իսկ 2012 թ.-ի սեպտեմբերի սկզբին ազատել էր այդ պաշտոնից: Բացի այդ, Սերժ Սարգսյանը 2011 թ.-ի սկզբին լուծարել էր Գառնիկ Իսագուլյանի կողմից ղեկավարվող Նախագահի աշխատակազմին առընթեր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը: Հետաքրքիր էր, որ այդ աղմկահարույց հարցազրույցներից որոշ ժամանակ անց Իսագուլյանը դադարեց այդ թեմայով որևէ հարցի պատասխանել, իսկ 5 տարի առաջ Արցախի Նախագահ Բակո Սահակյանի առաջարկությամբ աշխատանքի անցավ Արցախում: Այժմ, այս նոր իրավիճակի ու վերջին շրջանում աղմկահարույց բացահայտումների ֆոնին մենք նորից դիմեցինք պրն Իսագուլյանին մի քանի հարցերի առումով պարզաբանումներ ստանալու համար:

Ստորև ներկայացնում ենք այդ հարցազրույցը:

– Պրն Իսագուլյան, 2012 թ-ի սեպտեմբերի 20-ին մեր կայքին տրված հարցազրույցի ժամանակ Դուք մի շարք աղմկահարույց երևույթների էիք անդրադարձել, մասնավորապես, նշելով, որ ինչ-որ «Մհերի Դուռ» գաղտնի կազմակերպությունը տիրապետում էր տեղեկատվությունների, ըստ որոնց Հայաստանի քաղաքական վերնախավի, գործարարների, գեներալների, բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց հարազատների միջոցով Հայաստանից դուրս է տարվել ավելի քան 17,1 մլրդ ԱՄՆ դոլար: Հետագայում Դուք դադարեցիկ դրանց վերաբերյալ որևէ այլ տեղեկատվության տրամադրումը: Ըստ մեր ունեցած տեղեկության, Ձեզ այդ ժամանակ մի քանի անգամ կանչել են Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության, ընդ որում հարցաքննողը եղել է ԱԱԾ տնօրենի տեղակալ պրն Եպիսկոպոսյանը: Այնուհետև Ձեզ հետ խիստ զրույց են ունեցել նաև Նախագահի աշխատակազմում: Ձեր դեմ նախապատրաստել են ինչ-որ նյութեր՝ սպառնալով Ձեզ, որ եթե չդադարեցնեք այդ թեմաներով Ձեր գործունեությունը, ապա դա ծանր անդրադարձ կունենա Ձեզ վրա: Ինչ կասեք այդ մասին:

Անկեղծ ասած 7 տարվա վաղեմություն ունեցող այդ հարցազրույցում ասվածը իմ խորին համոզմամբ արտացոլում էր այն, ինչ կար իրականում, և ես իսկապես հանդիպել էի մարդկանց, ովքեր զուտ ծանոթանալու առումով ինձ տրամադրել էին այդ տեղեկությունները: Ես այն ժամանակ էլ և հիմա էլ պնդում եմ, որ այդ մարդկանց չէի ճանաչում ու ընդամենը մի քանի անգամ նրանց հանդիպելուց հետո այլևս չեմ հանդիպել: Ինչ մնում է ԱԱԾ կանչելուն և իմ հետ զրույցներ ունենալուն, ես համարում եմ, որ դա շատ բնական էր և դրանում որևէ տարօրինակ բան չկար: Այո ես ունեցել եմ զրույցներ նաև այլ տեղերում, բայց դրանք եղել են զրույցներ ոչ հրապարակման և դրանց հետ կապված այլ մանրամասների բացահայտման պայմանով:

Պրն Իսագուլյան, ճիշտն ասած ես այս տարիների ընթացքում այդ թեմայով զրույցներ ունեցել եմ տարբեր միջավայրերում, ինչու չէ՝ նաև ձեզ մտերիմ շրջանակներում: Ոմանք այն կարծիքին են, որ և՛ «Մհերի Դուռ» գաղտնի կազմակերպության պատմությունը և՛ ոչ անհայտ ցուցակների ու դրանցում եղած տեղեկատվության պարունակությունը և՛ Ձեր ինստիտուտի փակման ու Ձեզ աշխատանքից ազատելու պատճառը եղել է այն, որ Դուք Ձեր ինստիտուտի ներսում ունեցել եք հատուկ բաժին, որի մասին բացի Ձեզնից ու այդ բաժնի աշխատակիցներից որևէ մեկը չի իմացել, և որտեղ 7 տարի շարունակ զբաղվել են հատկապես նման կարգի հարցերով: Ըստ էության ստացվում է, որ «Մհերի Դուռ» կազմակերպությունը հանդիսանում է հենց այդ ինստիտուտի նշված բաժինը: Ու դրա բացահայտումից հետո է, որ Ձեր նկատմամբ սկսվել են տարբեր կարգի հալածանքներ, իսկ հետագայում նաև՝ զուտ փոխաբերական իմաստով, աքսոր Արցախի Հանրապետություն:

Ես բավականին լավ ուսումնասիրել եմ տարբեր տեսություններ, այդ թվում նաև դավադրությունների տեսությունը, բայց այս պարագայում չեմ կարծում, որ մեր գործունեության մեջ առկա է եղել այն, ինչի մասին դուք ակնարկում եք: Իսկապես, իմ կողմից ղեկավարած ինստիտուտը ունեցել է տարբեր բաժիններ, այդ թվում նաև հատուկ բաժին, որը զբաղվել է ոչ միայն մեր, այլ տարբեր երկրների քաղաքական գործիչների, պետական այրերի, ինչպես նաև մեր երկրի համար հետաքրքրություն ներկայացնող անձանց մասին անհրաժեշտ տեղեկատվության հավաքով: Ընդ որում, դա արվել է օրենքի շրջանակներում, քանզի այն տեղեկատվությունները, որը մենք մեզ մոտ կենտրոնացրել էինք, եղել էին բաց ու դրանց հայթայթման համար անհրաժեշտություն չի եղել դիմել ինչ-որ ոչ օրինական միջոցի, քանզի մենք երբեք չենք խախտել անձի մասին տեղեկատվություն ստանալու թույլատրելիության սահմանները: Դա արվում է համարյա բոլոր երկրներում և հատկապես այդ տեղեկատվությունն անչափ կարևոր է երկրի ղեկավարների համար, որոնք տարբեր նպատակներով և տարբեր երկրներում հանդիպում են այդ երկրների քաղաքական ու պետական շրջանակների հետ, և անհրաժեշտ է, որ մինչև նրանց հետ հանդիպելն իմանան այդ մարդկանց վերաբերյալ հստակ տեղեկատվություն՝ նրանց բնավորության, նախասիրությունների, ուժեղ ու թույլ կողմերի մասին: Դա շատ կարևոր է նաև բանակցություններ վարելիս: Ինչ մնում է մեր երկրի ներսում նման կարգի տեղեկատվության հավաքմանը, ապա դա կարող է լինել միայն հանձնարարությամբ, և եթե տվյալ մարդը հետաքրքրություն է ներկայացնում տարբեր առումներով: Օրինակ, եթե այդ մարդը դիմում է աշխատանքի ընդունվելու հատուկ նշանակության ինստիտուտներում, կամ ընդհանրապես այնպիսի ծառայություններում, որտեղ տվյալ մարդու բնութագրի անհրաժեշտություն կա: Սա ևս բնական է: Ինչ մնում է «Մհերի Դռան» և հատուկ բաժնի նույնականացմանը կարող եմ ասել, որ դրանք իրար հետ որևէ կապ չունեն, իսկ հարցի վերջնամասի առումով ասեմ, որ Հայաստանն ու Ացախն ինձ համար Հայրենիք են առանց որևէ տարբերության, և ես պատիվ եմ համարում ծառայությունս թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետությանը:

– Պրն Իսագուլյան, վերջին աղմկահարույց բացահայտումների վերաբերյալ Ձեր կարծիքը, և արդյոք այն մարդիկ, ում վերաբերյալ այսօր արդեն իսկ ակնհայտ են չարաշահումները, առկա էին այն ցուցակում, որ Ձեզ ժամանակին ցույց են տվել «Մհերի Դռան»  գաղտնի կազմակերպության անդամները:

Գիտեք ինչ, ես երբեք չեմ ուզում երևույթներն անձնավորել, և այն ամենը, ինչ նախաձեռնել ու անում են նոր իշխանությունները, աննախադեպ է: Բայց շատ ավելի կարևոր է վերջնարդյունքը: Եթե մենք քայլենք Երևանով ու երևանամերձ շրջաններով, ապա մեր առջև կհառնեն դղյակներ, որոնցից յուրաքանչյուրի ծագումնաբանության մեջ առկա է թե՛ քրեական հանցանքը, թե՛ կոռուպցիան, թե՛ պետական ունեցվածքի թալանը, և ինչու չէ նաև Հայաստանի շարքային քաղաքացու արցունքն ու քրտինքը: Արդյոք մենք կարող ենք գնալ մինչև վերջ, թե՝ ոչ: Կար արդյոք ուրիշ ճանապար, որն ավելի անցնցում կլուծեր այն խնդիրները, որոնք մենք հիմա ուզում ենք լուծել: Սրանք հռետորական հարցեր են: Բայց եթե սկսել ենք, ուրեմն պետք է առանց կանգնելու շարունակենք: Այդ ժամանակ գուցեև անհրաժեշտ չլինի ոչ «Մհերի Դուռը» և ոչ էլ ցուցակները: Մենք պարտավոր ենք ոչ թե միմյանց նկատմամբ թշնամանալ, այլ ընդհակառակը՝ տարաձայնությունները դնել մի կողմ ու փորձել լուծել ընդհանրական խնդիրներ: Քրիստոս ավազակին խաչի վրա ներեց, երբ ավազակը դարձի եկավ: Մենք Քրիստոսից առավել չենք: Եվ եթե մեղավորները կամովին դարձի գան, ապա դա լավագույն ճանապարհն է թե՛ իրենց, թե՛ իրենց ժառանգների համար, ազատ ու բաց ճակատով քայլելու ու որևէ մեկից հայացքը չփախցնելու համար: Որևէ հարստություն չի կարող փոխարինել մարդուս արժանապատվությանը: Եկենք ապրենք արժանապատիվ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: